Կանխել դրսից «ժողովրդավարության» պարտադրումը. Պուտինը հանդիպել է ԱՊՀ ՀԾ ղեկավարների հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսով հանդիպում է անցկացրել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, ովքեր մասնակցել են ավելի վաղ Մոսկվայում կայացած հանդիպմանը:
Ըստ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի, հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները:
«Հանդիպմամը քննարկվեցին ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման ոլորտում հատուկ ծառայությունների փոխգործակցության արդիական հարցերը՝ պետությունների վրա կոլեկտիվ Արևմուտքի կործանարար ազդեցության և դրսից «ժողովրդավարություն» բռնի պարտադրելու փորձերի համատեքստում:
Հատուկ ծառայությունների ղեկավարները համակարծիք են, որ այդ գործընթացներն ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, համակարգված են և նպատաուղղված: Դրանում ներգրավված ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների համակարգողներն են արևմտյան հատուկ ծառայությունները: Այս առումով մենք պայմանավորվեցինք այդ գործընթացներին հակազդելու համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության շուրջ:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին նաև համաձայնության գալ Աֆղանստանից եկող սպառնալիքների տեղայնացման և ահաբեկչության տարածման և փախստականների ներթափանցման հետ կապված արձագանքման և փոխազդեցության մեխանիզմների շուրջ:
Հանդիպման ավարտին ընդունված հուշագրում նշվում է գործընկեր հատուկ ծառայությունների մտադրությունը՝ ընդլայնել համագործակցության ձևերն ու ուղղությունները, ինչպես նաև ամրապնդել փոխգործակցությունը ԱՊՀ երկրների անվտանգությունն ապահովելու գործում», - ասված է հաղորդագրության մեջ: