ԱԺ նախագահն ու Սիրիայի դեսպանը ընդգծել են Թուրքիայի ապակայունացնող դերակատարությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:
ՀՀ ԱԺ նախագահը փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` վստահեցնելով, որ Ազգային ժողովը շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանցքային նշանակությունը երկկողմ կապերի զարգացման գործում` ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ հարաբերությունների խորացմանը նոր ազդակ կհաղորդի առաջիկայում ձեւավորվելիք Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խումբը:
Մոհամմեդ Հաջ Իբրահիմը եւս անդրադարձել է խորհրդարանական հարաբերություններն առավել խորացնելուն ուղղված քայլերի իրականացմանը: Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ կարեւորվել է փոխայցերն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Դեսպանը փաստել է, որ սիրիահայերը Սիրիայի հասարակության անքակտելի մասն են եւ մեծ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Ալեն Սիմոնյանն իր հերթին ընդգծել է, որ սիրիահայերը Հայաստան եւ Արցախ են բերել նոր ու գեղեցիկ մշակույթ, որի պակասը զգացվում էր մեզանում:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը: Այս առնչությամբ դեսպանն իր հերթին անթույլատրելի ու մերժելի է համարել 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը:
ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեկամ ժողովուրդների շահերին միտված ցանկացած նախաձեռնության կյանքի կոչմանը: