Հրանտ Դինքի ընտանիքը կստանա 1.5 մլն լիրա փոխհատուցում
Թուրքիայի Պետական խորհուրդը (Danıştay-բարձրագույն վարչական դատարան) հաստատել է «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի, նրանց զավակների՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերի 1.5 միլիոն լիրա (շուրջ 168.000 դոլար) փոխհատուցման պահանջը բավարարող Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
Պետական խորհուրդն այդպիսով չի բավարարել Թուրքիայի ներքին գործեի նախարարության (ՆԳՆ) բողոքը և ընդունել է Դինքի ընտանիքի այն պնդումը, որ ՆԳՆ-ն ծանր ծառայողական թերացում և օբյեկտիվ պատասխանատվություն է ունեցել ընտանիքի հայր, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում։
Աղբյուրը հիշեցնում է, որ Դինքի ընտանիքը Թուրքիայի ՆԳՆ-ի դեմ հայց էր ներկայացրել Ստամբուլի 6-րդ վարչական դատարան։ Նրանք պնդել էին, որ նախարարությունը ծառայողական թերացում է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործում։ Դինքի ընտանիքը պահանջել էր 1.5 միլիոն թուրքական լիրայի փոխհատուցում, որից 500 հազարը՝ նյութական, իսկ 1 միլիոնը բարոյական վնասի համար։ Դատարանը միաձայն բավարարել էր հայցը, սակայն ՆԳՆ-ն բողոքարկել էր դատարանի վճիռը։