24.11.2024
Իշխանությունները զբաղված են մանիպուլյացիաներով՝ անտեսելով առաջնահերթությունները. Օհանյան
prev Նախորդ նորություն

Խոստացել է 500 հազար դոլար փոխանցել Հակոբյան հիմնադրամին. ո՞վ է ՌԴ-ում դեսպանի թեկնածուն

Օրեր առաջ «Փաստը» գրել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փափագում է ստանալ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:


Կայքը նշել է նաև, որ որքան էլ նա փորձում է ցույց տալ, թե ընդունված է Ռուսաստանի քաղաքական ու ռազմական վերնախավի կողմից, իրականում նրա նկատմամբ, մեղմ ասած, շատ մեծ վերապահում կա:


«Փաստի» տեղեկություններով, Հարությունյանի թեկնածությունը, կարծես, ռուսական կողմի հավանությանը չի արժանացել, և ներկայում ակտիվորեն քննարկվում է Մոսկվայի և Մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար, գործարար, հասարակական գործիչ Արտյոմ Վարդանյանի թեկնածությունը՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում:


Կան տեղեկություններ, որ նա վայելում է հատկապես Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հովանավորությունը: Վերջինս երկու ամիս առաջ «Ֆեյսբուքի» իր էջում լուսանկարներ էր տեղադրել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է Արտյոմ Վարդանյանի հետ: Ի դեպ, այդ օրերին մամուլում գրվեց, որ Վարդանյանը խնդրել է Աննա Հակոբյանին իրեն ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակել տալ՝ խոստանալով, որ տարեկան 500 հազար դոլար կապահովի նրա հիմնադրամների համար: Վարդանյանն այդ ժամանակ նշել էր, որ պատրաստ կլինի ծառայելու պետությանը, եթե Հայաստանի ղեկավարությունը նման որոշում ընդունի, թեպետ հերքել էր, թե ինքը Աննա Հակոբյանի հետ նման զրույց է ունեցել:


Այնուամենայնիվ, «Փաստի» աղբյուրները պնդում են, որ վերջին շրջանում իշխանության նպատակները կարծես առավել հաստատակամ են դառնում՝ Վարդանյանին դեսպան նշանակելու հարցում, և այստեղ, մեղմ ասած, քիչ չէ հենց Աննա Հակոբյանի դերակատարությունը: Կայքի տեղեկություններով, այս նշանակմամբ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին նպատակ ունեն ռուսաստանահայ գործարարների «սիրտը շահել» և նրանց դարձնել յուրօրինակ «փրկօղակ» իրենց համար:


Թե որքանով դա կհաջողվի, որքանով Ռուսաստանին կբավարարի այս թեկնածությունը, ցույց կտա ժամանակը: