VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ամեն ինչ արել է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը հայաստանյան պատվիրակության կազմում` իր գործընկերների հետ, մեկնի Ստրասբուրգ, մասնակցելու ԵԽԽՎ հերթական նստաշրջանին, սակայն դատարանն արգելել է պատգամավորին Հայաստանից հեռանալ։ Հայտնի է` Արմեն Գեւորգյանն անցնում է քրեական գործով, եւ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Մենք անդրադարձել ենք այս խնդրին, որ ընդդիմադիրները զրկվում են գործուղումների մեկնելուց։ ԵԽԽՎ նստաշրջանից առաջ ԱԺ նախագահը հատուկ գրություն է պատրաստել եւ միջնորդել դատարանին, որ թույլատրեն Գեւորգյանի մեկնումը, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է։ Հայկ Մամիջանյանն էլ, գործընկերային համերաշխությունից ելնելով, հրաժարվել է այդ գործուղումից։ Պարզ է, որ դատավորն ինքնուրույն չի կայացրել այդ որոշումը: Մնում է պարզել, թե նրան հանձնարարություն տված անձն ինչու չի կանխել ԱԺ նախագահի՝ միջնորդություն ներկայացնելու քայլը, եւ ինչու են դատավորին դնում նման ծանր վիճակի մեջ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը երեկվանից հայտնվել է կառավարության սեւ ցուցակում, ԱԺ-ում իր անթույլատրելի անկեղծության պատճառով, եւ չի բացառվում, որ հրաժեշտ տա պաշտոնին։ Բանն այն է, որ Արծվիկ Մինասյանը զեկուցող Տերտերյանին հարցրեց՝ լսե՞լ եք մեղադրանքները, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով են սահմանվել ՀՀ պետական սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Տերտերյանը նշեց, որ 1996-ից այս ոլորտում է՝ եղել է ոչ միայն այն կառավարություններում, որոնք վարչատարածքային փոփոխությունների մասին են խոսել, այլեւ վարչատարածքային բաժանման ժամանակ էլ է աշխատել. «Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, որ ասվում է՝ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Ոչ ոք նման բան չի ասել: Համենայնդեպս, իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա ե՛ւ հին, ե՛ւ նոր ժամանակաշրջաններում»: Իսկ պատերազմից հետո իշխանությունն այդ օրենքը մատի փաթաթան էր դարձրել, թե դեռ 2010-ին նախկիններն են որոշել, որ Շուռնուխից հետո սկսվում է Ադրբեջանը։ «ԽՍՀՄ ժամանակ այդ հատվածում խորհրդային ՀՀ-ի եւ խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանն էր, որը հետո վերածվել է պետական սահմանի, եւ այս իրողությունն է ընդունվել որպես հիմք»,- ասել է Փաշինյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին որոշում էր կայացրել Ժիրայր Խառատյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՊՎԾ-ում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, քանի որ վարչապետ Փաշինյանը գոհ չէ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար կազմի աշխատանքներից: Ըստ մեր տեղեկությունների՝ հնարավոր է՝ հենց նորանշանակ Խառատյանն էլ առաջիկայում նշանակվի ծառայության ղեկավար, քանի որ Փաշինյանը չի ցանկանում այլեւս այդ պաշտոնում տեսնել ներկայիս ղեկավար Տիգրան Ուլիխանյանին: Սա դեռեւս վերջնական որոշում չէ, քանի որ Փաշինյանը ցանկանում է նաեւ տեսնել տեղակալի «պոստը» զբաղեցնող Խառատյանի աշխատանքը: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ է՝ Փաշինյանը դժգոհություններ է հայտնում Ուլիխանյանի աշխատանքից ու փոխարինող է փնտրում նրան: Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 21-ին Տիգրան Ուլիխանյանը նշանակվել էր ՊՎԾ ղեկավար ու վերջինս, օրենսդիր մարմնում թողնելով իր աշխատանքը, տեղափոխվել էր գործադիր մարմին: Երեկ փորձեցինք Ուլիխանյանից պարզել, թե ինչ տեղեկություններ ունի իր պաշտոնանկության ու Ժիրայր Խառատյանին ՊՎԾ ղեկավար նշանակելու վերաբերյալ։ Վերջինս հայտարարեց, թե առաջին անգամ մեզանից է այդ տեղեկությունները լսում: Ի դեպ, նշենք, որ նորանշանակ ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանին իշխանության թիմում չեն էլ ճանաչում, շատերի համար անակնկալ է եղել ՀՀ վարչապետի որոշումը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել Լիտվա: Մամուլն ամենատարբեր պատասխաններն է փորձում գտնել՝ «ռուսների ինադու»-ից ու «ՆԱՏՕ-ի կուրատոր երկիր ա»-ից մինչեւ «Ով հրավիրել է, այնտեղ էլ գնացել է, որ ճամփորդի, գա»: Ավելի զարմանալի է կամ անհասկանալի, թե ինչու է Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման ժամանակ կարեւորել հայ-լիտվական առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը: Բանն այն է, որ Լիտվայի հետ մենք որեւէ առեւտուր չունենք: Ամենամեծ վերապահումով անգամ Լիտվան չի կարելի Հայաստանի առեւտրային գործընկեր համարել: Փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով, որի մասին խոսում է վարչապետը, ուղղակի աբսուրդ է, քանի որ Լիտվայի հիմնական առեւտուրը տեղի է ունենում նավահանգիստների միջոցով, ծովային ճանապարհով: Ըստ վիճվարչության տվյալների, Լիտվայից Հայաստան հիմնականում գալիս են ձկնեղեն եւ ձկան պահածոներ: Իսկ մենք տարեկան մի 5-6 հազար շիշ կոնյակ ենք ընդամենը ուղարկել Լիտվա: Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ, լավագույն դեպքում, չի գերազանցել տարեկան 10 մլն դոլարը, ինչը չնչին թիվ է: Իսկ 2020 թվականին մենք, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Լիտվայի հետ ունեցել ենք 8 մլն 600 հազար դոլարի առեւտրաշրջանառություն, այս տարի դա էլ է կտրուկ կրճատվել․ 10 ամսվա ընթացքում մենք Լիտվայի հետ ընդամենը 3 մլն դոլարի առեւտուր ենք արել, եւ կարող է ստացվել, որ Փաշինյանի ճամփորդության ծախսն ավելի շատ է, քան առեւտուրը Լիտվայի հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Գորիսում սպասվող ՏԻՄ ընտրություններին, ինչպես հայտնի է, մասնակցում է նաեւ Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Նա վստահ է, որ վայելում է համայնքի աջակցությունը, եւ, մեր տեղեկություններով, փաստաբանին կատակով խնդրել է մինչեւ ընտրությունները ջանքեր չգործադրել իրեն ազատելու ուղղությամբ, որպեսզի իշխանություններին ապացուցի, որ «նստած էլ կհաղթի»։ Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում՝ Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Անցել է գրեթե երկու ամիս ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի ազատումից, սակայն նրա փոխարեն նոր անձ այդպես էլ չի նշանակվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 14-ից պաշտոնը թողած Ստեփան Մելքոնյանին փոխարինելու է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Մեկուկես ամիս անց, սակայն, ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր է մնացել։ Աղաջանյանի նշանակումն այդ պաշտոնին ուշանում է, եւ ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ իշխանությունները հարմար այլ թեկնածու չեն գտնում, իսկ Աղաջանյանի մասով էլ ընդհանուր համաձայնություն չկա ՀՀ իշխանությունների եւ ԱԱԾ-ի միջեւ: Այսինքն՝ ստացվում է՝ օգոստոսի 14-ին Ստեփան Մելքոնյանին ազատել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, սակայն մինչեւ այժմ նրա փոխարեն որեւէ մեկին չեն կարողացել նշանակել այդ պաշտոնին: Նկատենք՝ իշխանությունները հաճախ են կադրային սովի առջեւ կանգնում, քանի որ առաջնորդվում են նախկիններին մերժելու սկզբունքով, իսկ ԱԱԾ-ն էլ պատահական կառույց չէ, եւ նշանակումից առաջ պետք է լուրջ որոշում կայացնել: Թերեւս հենց դա է պատճառը, որ նշանակումն ուշանում է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերով զբաղվելուց առաջ պետք է մտածել բնագծերն ու սահմանը կահավորելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը: «44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանը երկար է 200 կմ-ով, ինչը ենթադրում է սահմանների կահավորանք, բնագծեր եւ այլն: Շուտով ձմեռ է, պետությունը պետք է մտածեր համապատասխան աշխատանքեր անելու, սահմանն ամրակայելու, զինվորականների ու տեխնիկայի համար շինություններ կառուցելու մասին, որ հակառակորդը չգա ու չտնավորվի մեր տարածքներում, իսկ սահմանազատումն ու սահմանագծումը վաղվա գործ է»,- ասում է նա: ԱԱԾ նախկին պաշտոնյան վստահ է՝ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն գալու Հայաստանից: «Սահմանազատման, սահմանագծման համար կարեւոր հանգամանքն այն է, թե որ թվականին հրատարակված քարտեզներով են առաջնորդվելու: Եթե ուզում են, որ գործընթացն արագ ընթանա ու ավարտվի, ապա ինչ-որ մի կողմը պետք է զիջի: Եթե Վրաստանի հետ, որի հետ որեւէ խնդիր չունի ՀՀ-ն, դեմարկացիա-դելիմիտացիան ընթանում է արդեն 20 տարուց ավելի, ապա Ադրբեջանի հետ նվազագույնը 50 տարուց ավելի է տեւելու: Չեմ հավատում, որ հայ-ադրբեջանական ներկա հարաբերություններում հնարավոր է այդ գործընթացն անել»,- մանրամասնում է մեր զրուցակիցը: Գեներալ-մայորը ընդգծում է նաեւ, որ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներում բանակը չպետք է խառնվի. դա դիվանագիտական կորպուսի ու Գեոդեզիայի ինստիտուտի անելիքն է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս իշխանությունների կադրային բանկը խիստ սուղ է, ու նաեւ դրանով է բացատրվում ձախողումների մի մասը: Պրոֆեսիոնալ կադրեր գտնելը, առհասարակ, երբեք Հայաստանում հեշտ չի եղել: Սակայն երբ դու փնտրտուքի շրջանակը նեղացնում ես եւ բարդ նախապայմաններ դնում, կադրեր գտնելը կրկնակի բարդանում է: Իսկ իշխանությունը որպես գլխավոր նախապայման է դնում իրեն նվիրվածությունը, վերջերս մի պաշտոնյա ուղիղ տեքստով շարադրեց դա` «Նիկոլ Փաշինյանին չպետք է հայհոյած լինի», ինչը, մանավանդ պատերազմից հետո, բավականին բարդ նախապայման է: Այս եւ նմանօրինակ մյուս նախապայմանները ստիպում են փոխել եւ հեշտացնել պրոֆեսիոնալիզմին ուղղված պահանջները: Որովհետեւ պրոֆեսիոնալ կադրերը, որպես կանոն, նաեւ քաղաքացիական կեցվածք են ունենում, սեփական տեսակետ, ու չի բացառվում, որ 3 տարվա ընթացքում մի գրառման մեջ կարող է նաեւ իշխանությունների «աչքի վերեւը հոնք» տեսած լինեն: Արդյունքում ստացվում է, որ 30 տարի շարունակ պետությունը փող եւ միջոցներ է ծախսել, կադրեր պատրաստել, որոնք այսօր դատապարտված են անգործության, իսկ անփորձ ու անկիրթ մեծ թվով մարդիկ հայտնվել են տարբեր պատասխանատու պաշտոնների եւ ավերածություններ են անում: Ինչո՞վ, ասենք, ավերածություն չէ Արմեն Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Լիլիթ Մակունցին` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելը: Ո՞վ կարող է հաշվել, թե մեր պետությունն ինչքան վնաս կրեց այս երեք տարում Արմեն Գրիգորյանի գործունեության պատճառով, եւ այսօր ամերիկահայ համայնքն ինչ վնասներ է կրում Մակունցի նշանակվելով: Այն ներհամայնքային պառակտումն ու դժգոհությունները, որ առաջացրել է նրա նշանակումը, ինչո՞վ են փոխհատուցվելու: Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները նման նշանակումներ անելուց առաջ չեն մտածում այս մասին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում հոկտեմբերի 1-ից արդեն իսկ ուժի մեջ է մտել առողջապահության նախարարի հրամանը, համաձայն որի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ մինչեւ հոկտեմբերի 14-ը գործատուին պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանը։ Քաղաքացիների զգալի մասն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը, պատվաստվել է, իսկ մի մասն էլ կփորձի թեստավորման միջոցով խուսափել պատվաստումից։ Թվում էր՝ ամսական ընդամենը 2 անգամ թեստ հանձնելով՝ հնարավոր կլինի խուսափել պատվաստվելուց, բայց, արի ու տես, մեր քաղաքացիներն ահռելի նյութական վնասներ են կրելու։ Հաշվի առնելով համավարակի տեւողությունը՝ առողջապահության նախարարի հրամանը դեռ երկար ժամանակ կմնա ուժի մեջ. խոսքը առնվազն 3-4 տարվա մասին է, այսինքն՝ առնվազն 3-4 տարի քաղաքացիները ստիպված կլինեն ամսական 2 անգամ թեստ հանձնել, եթե, իհարկե, չեն ուզում պատվաստվել։ Ընդամենը 3 տարվա հաշվարկով դա կազմում է 72 թեստ։ ՊՇՌ թեստերի գները Հայաստանում տատանվում են 7-15 հազար դրամի սահմաններում, միջինը՝ 10 հազար դրամ։ Փաստորեն, 3 տարվա համար պատվաստվել չցանկացող քաղաքացիները ստիպված կլինեն 72×10.000=720.000 դրամ գումար ծախսել միայն թեստավորման վրա։ Իսկ պատրա՞ստ են արդյոք մեր քաղաքացիները ֆինանսական նման ծանր բեռ կրել, թե՞ ոչ. յուրաքանչյուր ոք կատարելու է իր ընտրությունը՝ պատվաստվել, թե առնվազն 500-720 հազար դրամ վճարել թեստերի համար։ Թերևս հայաստանյան ներկայիս իշխանությանը կարծես չի էլ հետաքրքրում, թե ինչ իրավիճակում են հայտնվել քաղաքացիները, ավելին՝ իշխանությունն ամեն բան անում է, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, քանզի ինչպես հավաստիացնում են կառավարությունից, կոլեկտիվ պատվաստումն է համավարակի դեմ միակ պայքարի միջոցը»: