VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ, կալանավորված Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկության, Տոնոյանի եւ Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի ձերբակալության մասին լուրերը երեկ մեծ աղմուկ առաջացրին: Ոմանք սպասում էին նման զարգացումներին, որովհետեւ բռնել-պատժելու շոուները պակասել են, եւ նոր բեմականացումներ են պետք` պատերազմի տարելիցի օրերին: Երեկ ողջ օրվա ընթացքում պատկան մարմինները որեւէ մեկնաբանություն չտվեցին կատարվածի կապակցությամբ, միայն երեկոյան ԳՇ մամուլի խոսնակը հաստատեց Ստեփան Գալստյանին ԱԱԾ հրավիրելու փաստը: Տոնոյանի նկատմամբ իրականացվածը հատկապես ապշեցրել էր նրա ընկերներին: Մեզ ասացին, որ որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր նրան եւ խոստացել ինչ-որ պաշտոն առաջարկել, ինչին նա սպասում էր իր պաշտոնանկության օրվանից սկսած: Ապա օրերն անցել էին, վարչապետը սկսել էր ձգձգել նշանակումը եւ կապի դուրս չգալ, իսկ երեկ արդեն ԱԱԾ-ն թակեց Տոնոյանի դուռը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունում ներքին քննարկումներ են ընթացել զինվորական դատախազի առաջին տեղակալի նշանակման մասով։ Բանն այն է, որ նախկին զինվորական դատախազի առաջին տեղակալին հեռացրել են աշխատանքից, քանի որ նրա եղբայրը աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում, որի առնչությամբ իրավապահ մարմինները գործընթաց են սկսել. գործարանի բաժնետերերից է նաեւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ որոշում են կայացրել զինվորական դատախազի առաջին տեղակալ նշանակել հենց համակարգից, եւ այդ պաշտոնի համար ընտրել եւ նշանակել են Զինվորական դատախազության հատկապես կարեւորագույն գործերով վարչության պետ Գուրգեն Հակոբյանին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, գործարար Տիգրան Արզաքանցյանը, որը ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես էր գալիս որպես Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու, հեռացել է ՀԴԿ-ից: Որպես պատճառ Արզաքանցյանը նշել էր Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հայացքները: Նա ասել էր, որ թեև ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ տարաձայնություններ չեն եղել, սակայն որոշակի «պայմանավորվածություններ են խախտվել»։ ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանն իր հերթին երեկ ասել է, թե Արզաքանցյանը «մեր կուսակցության անվան տակ այնպիսի մի PR կազմակերպեցին իրենց, որը մեր կուսակցության իմիջի համար շատ մեծ վնաս էր»: Այս հայտարարությունն ինքնին ուշագրավ էր այն առումով, որ ՀԴԿ-ն հատկապես վերջին տարիներին, կարելի է ասել, ակտիվ չի եղել քաղաքականության մեջ և հայտնվել էր ստվերում: «Փաստ» թերթը ուսումնասիրեց Google համակարգի բաց տեղեկատվությունը՝ ճանաչելիության և «որոնողականության» առումով: Արդյունքում հետաքրքիր պատկեր ստացվեց: Մասնավորաբար, ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ նշյալ չափանիշներով Տիգրան Արզաքանցյանի և ՀԴԿ-ի, ինչպես նաև Տիգրան Արզաքանցյանի ու Արամ Սարգսյանի ցուցանիշները նույնիսկ համեմատելի չեն. ՀԴԿ-ն ու նրա ղեկավարը տասնյակ անգամներով զիջում են Արզաքանցյանի ճանաչելիությանը Նման տվյալների պարագայում Արամ Սարգսյանի նշյալ հայտարարությունը մի տեսակ սյուրռեալիստական է հնչում: Իսկ գուցե ավելի հավանական է Արզաքանցյանի հայտարարությո՞ւնը. «Եթե մենք չաջակցեինք, իրենց կուսակցությունը գնում էր լուծարման»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին կկայանա Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» կուսակցության համագումարը: «Փաստ» թերթի տեղեկություններով, համագումարին ուշագրավ անակնկալներ են սպասվում: Ընդ որում, մեր աղբյուրի խոսքերով, այնպիսի անակնկալներ ու բացահայտումներ, որոնք, ինչպես ասում են, «ցնցելու են ողջ համացանցը»: Մեր զրուցակցի խոսքերով, քաղաքական լուրջ «պայթյուններ» են սպասվում, և այդ համագումարը հավակնում է դառնալ հետընտրական շրջանի ամենասուր քաղաքական իրադարձությունը: Մենք դիմեցինք Տիգրան Ուրիխանյանին՝ հարցնելով. «Ճի՞շտ է, որ ձեր համագումարով պատրաստվում եք ցնցել համացանցը»: «Մարդիկ կան՝ երկրի հիմքերն են ցնցում, մենք էլ թող համացանցը ցնցենք»,- ասաց «Ալյանսի» ղեկավարը: Ասում են՝ անակնկալներ են լինելու նաև անդամագրումների քանակի ու համագումարի հյուրերի առումով, այդ թվում՝ «Հյուսիսից»: Նույնիսկ խոսք կա, որ հայաստանյան օլիգարխներից մեկն է անդամագրվում «Ալյանսին»: Կա՞ նման բան, հարցրեցինք: «Հոկտեմբերի 2-ին ամեն ինչ կտեսնեք»,- զրույցն ամփոփեց Ուրիխանյանը: Ի դեպ, ինչպես երևում է, Ուրիխանյանը փողից չի խեղճանում: Չգիտենք՝ իր գումարներն են, թե այլ տեղից է «կպցրել», բայց մենք ունենք տեղեկություններ, որ համագումարի համար ֆինանսներ չի խնայել, ու, ի թիվս ամեն ինչի, նույնիսկ հրավիրատոմսերն են բավականին թանկանոց»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իշխանական թեւի ներկայացուցիչների համար զարմանալի մի որոշում է կայացրել: Բանն այն է, որ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ալեն Սիմոնյանին ՌԴ է հրավիրել, ու վերջինս էլ, բնականաբար, ընդունել է հրավերը եւ մտադիր է մեծ իշխանական պատվիրակությամբ ՌԴ մայրաքաղաք Մոսկվա մեկնել: Անգամ այնպիսի պատգսմավորներ են ընդգրկվելու պատվիրակության կազմում, որ ռուս-հայկական հարաբերությունները ջերմացնող ոչինչ չեն արել՝ հակառուսական դիրքորոշումներով հայտնի իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը, ռուսական հարաբերությունների ջերմացման հարցում որեւէ «գործ» չարած Արուսյակ Ջուլհակյանը, Անդրանիկ Քոչարյանը, նախկին լրագրող-պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արթուր Հովհաննիսյանը: ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին եւս հնարավոր է Սիմոնյանը ընդգրկի պատվիրակության կազմում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանը որոշել է հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում ՌԴ կատարելիք այցի պատվիրակության կազմում ընդգրկել իր վաղեմի բարեկամներ, ԱԺ ՔՊ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Գուրգեն Արսենյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ քանի որ Ալեն Սիմոնյանին է անձամբ հրավերը եղել, նա միանձնյա է որոշում՝ ում հետ գնալ, եւ որոշվել է որեւէ ընդդիմադիր պատգամավոր չընդգրկել պատվիրակության կազմում: Իշխանության ներսում եւս տարօրինակ են համարել Սիմոնյանի որոշումը, քանի որ եթե հնարավոր էր նման հանդիպումներով հայ-ռուսական հարաբերությունները ամրապնդել, ջերմացնել, մի օգտակար գործողություն իրականացնել, ապա տարօրինակ է, որ պատվիրակությունում կլինեն այնպիսի մարդիկ, որոնք այդ հարաբերություններում «չկան», զուտ էքսկուրսիա են գնալու Մոսկվա: Ի դեպ, նշվում է, որ այդ այցի շրջանակներում հանդիպում է նախատեսված նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքում դեռ որոշում չեն կայացրել՝ ինչպես տնօրինել անկախության 30-ամյակին ԱԺ նախագահությունից ստացած պարգեւավճարները։ Հիշեցնենք, որ պատգամավորներն աշխատավարձի 70 տոկոսի չափով պարգեւավճար էին ստացել: Եվ, ի տարբերություն իշխանականների, որոնք գոհ ու երջանիկ էին այդ «սիմվոլիկ գումարի» առթիվ, ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարեցին, որ հրաժարվում են փողից եւ այն կուղղեն կա՛մ պատերազմի հետեւանքով զոհված, վիրավոր զինվորների ընտանիքներին, կա՛մ այլ սոցիալական ֆոնդի։ «Հայաստան» դաշինքում կարծիքները կիսվել են՝ գումարը 1000 դրամների ֆոնդի՞ն փոխանցել, թե՞ անհատ անձանց, սակայն մինչ որոշում կընդունեն, մտադիր են առաջին քայլով նախ ՍԴ դիմել` պարգեւավճարների օրինականությունը վիճարկելու հարցով։ ՍԴ դրական որոշման դեպքում բոլոր գումարները հետ կվերադարձվեն բյուջե, այդ թվում` իշխանականներինը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի հոկտեմբերի 17-ի ընտրություններում կարող է կրկնվել 2018-ի Աբովյանի պատմությունը, երբ ՔՊ-ականներ Ռոմանոս Պետրոսյանի ու Սասուն Միքայելյանի հակասությունների պատճառով իշխանական ռեսուրսը չմոբիլիզացվեց, արդյունքում պարտվեց ՔՊ-ական թեկնածուն։ Այստեղ էլ գրեթե նույն վիճակն է։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի եւ Արմեն Խաչատրյանի հարաբերությունները հարթ չեն։ Հիշեցնենք, որ Գորիսում ՔՊԿ-ի ցուցակը կգլխավորի 46-ամյա Վլադիմիր Աբունցը։ Նա Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից սկսած՝ չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ եւ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, ու վերջինիս շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։ Մարզպետը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ հրել, սակայն՝ ապարդյուն։ Ներթիմային պայքարին ներգրավվել են նաեւ ընտանիքների անդամները` փոխմարզպետի կինն օրերս Արմեն Խաչատրյանին ու նրա թեկնածուին քննադատող ստատուս է գրել, ապա ջնջել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարարությունը հետողորմիա է անում նախարարի որոշումը: Հիշեցնենք, որ, նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ, վաղվանից բոլոր հիմնարկությունները պետք է աշխատակիցներից աշխատանքի ներկայանալիս պահանջեն կա՛մ պատվաստումը հավաստող տեղեկանք, կա՛մ կորոնավարակի բացասական թեստի պատասխան: Այս որոշումը ոչ միայն հակասահմանադրական էր, այլեւ խտրական վերաբերմունքի դրսեւորում: Բացի այդ, անկազմակերպ իրավիճակը հանգեցրել է այնպիսի իրողության, որ տեստ հանձնելու բոլոր լաբորատորիաներում արդեն մի քանի օր է՝ հսկայական հերթեր են: Եւ, ահա, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ աշխատողների համար քովիդի թեստի պատասխանը կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելը պարտադիր չէ հենց հոկտեմբերի 1-ին, թեեւ օրենքն ուժի մեջ է մտնում այդ օրվանից։ ՀՀ առողջապահության նախարարությունից «Ա1+»-ին հայտնել են, որ քաղաքացիները կարող են թեստի կամ պատվաստման թուղթը ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ մինչեւ հոկտեմբերի 14-ը։ Այդ 14 օրերի ընթացքում էլ, եթե որեւէ համապատասխան կառույց ստուգում անցկացնի, տնտեսվարողին կամ աշխատակցին տուգանելու իրավունք չի ունենա։ Թերեւս դժվար չէ կանխատեսել, որ առաջիկայում էլ պարտադրանքի մյուս ձեւերն էլ իրենց արդիականությունը կկորցնեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարի հայտնի որոշումն ուժի մեջ մտնելուց՝ հոկտեմբերի 1-ից առաջ մասնավոր եւ պետական հիմնարկներում բաց տեքստով սպառնում են աշխատակիցներին՝ կա՛մ ՊՌՇ թեստ եք ներկայացնելու, կա՛մ պատվաստվելու եք։ Որոշ համայնքապետերի վրա, ըստ ամենայնի, պլան է դրված, կամ նրանց խոստացել են խրախուսել, եթե պատվաստումների լավ ցուցանիշ ցույց տան։ Վերջին օրերին մի քանի համայնքից ահազանգեր ենք ստանում, թե համայնքապետարանների աշխատակիցները զանգում եւ թոշակառուներին են փորձում մոլորեցնել, որ եթե չպատվաստվեք, թոշակ չեք ստանա։ Բայց միասնական մոտեցում չկա անգամ պետական հիմնարկներում եւ նախարարություններում: ԿԳՄՍՆ-ից մեզ ասացին, որ թեստերը պահանջելու են հոկտեմբերի 14-ից, իսկ արդարադատության նախարարությունից` հոկտեմբերի 1-ից: Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ: Որոշ տեղերում զգուշացրել են, որ հոկտեմբերի 1-ից իսկական տեռոր է սկսվելու․ հիմնարկի շեմին ստուգող է կանգնելու, եւ այդ օրն արդեն թույլ չեն տալու շենք մտնել այն աշխատակցին, որը տեղեկանք չի ունենա: Ուղարկելու են տուն եւ անհարգելի բացակա են դնելու, ապա պահելու են աշխատավարձից: Հաջորդ օրերին սանկցիաները խստացվելու են, ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարիների ընթացքում պարբերաբար անհանգստացնող տեղեկություններ են ստացվում սփյուռքահայ տարբեր գաղթօջախներից. ժամանակ առ ժամանակ անհասկանալի պատճառաբանություններով փակվում են տեղերի հայկական կրթօջախները, որոնք աշխարհասփյուռ հայության համար մշտապես ունեցել են հայապահպանության, լեզվապահպանության կարևորագույն առաքելություն: Դրանցից է նաև Կիպրոսի «Մելքոնյան» վարժարանը, որի ճակատագիրը շարունակում է մտահոգիչ մնալ: Տարիներ առաջ ՀԲԸՄ-ը որոշում կայացրեց փակել վարժարանը՝ որպես պատճառաբանություն նշելով, որ այն ֆինանսապես վնասաբեր է: Հետագայում տեղեկություններ տարածվեցին, որ վարժարանի հողը ցանկանում են վաճառել: Ժամանակ առ ժամանակ կիպրոսահայության ներկայացուցիչները, ինչպես նաև Սփյուռքի տարբեր կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով, կազմակերպել են ակցիաներ՝ կոչ անելով չվաճառել հողը և վերաբացել վարժարանը, քանզի այն իրապես մեծ ներդրում է ունեցել և այսօր էլ կարող է մեծ նշանակություն ունենալ տեղի հայ երեխաների հայեցի կրթության, հայ մնալու, հայկականը պահելու գործում: Նրանք ոչ մեկ անգամ նշել են, որ մեկ անձի կամ մեկ կազմակերպության՝ շահույթ ստանալու մոլուցքը գերակա է դարձել հայապահպանության կարևորագույն խնդրին: Մյուս կողմից՝ այնպիսի տպավորություն է, որ Կիպրոսի իշխանություններն առավել շահագրգռված են «Մելքոնյան» վարժարանի գոյությամբ, որի պահպանման համար ժամանակին թե՛ Կիպրոսի խորհրդարանը, թե՛ կառավարությունն ընդունել են համապատասխան կոչեր ու որոշումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով, Սփյուռքի մի շարք կառույցներ ցանկանում են դիմել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ փոխանցելով հանրային պահանջը և խնդրելով, որ նրանք միջամտեն ու մի կողմից՝ փորձեն կանխել սփյուռքի տարբեր հայկական կրթօջախների փակման գործընթացը, մյուս կողմից՝ նպաստեն «Մելքոնյան» վարժարանը փրկելուն ու վերաբացելուն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական 7 հսկիչ կետերի պետերի պաշտոններից 4-ը թափուր են: Դրանցից 3-ի համար մրցույթ է հայտարարված («Զվարթնոց» օդանավակայան, Բավրա, Մեղրի), ընդ որում, այդ երեք պաշտոններն էլ թափուր են դարձել այս ամիս, իսկ Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետն ընդհանրապես մեկ տարուց ավելի է, ինչ պետ չունի, թեպետ, ըստ օրենքի, թափուր պաշտոն առաջանալուց հետո 3 ամսվա ընթացքում պետք է մրցույթ հայտարարվեր: Մեր ունեցած տեղեկություններով, համակարգում առնվազն տարակուսած են, որ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերից երեքի պետերին միաժամանակ աշխատանքից ազատել են: Այդ կետերը, ի թիվ այլ գործառույթների, կարևոր դերակատարություն ունեն կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, ընդ որում՝ թեստավորման հետ կապված բավական լուրջ գումարներ են այստեղ շրջանառվում: Ի դեպ, թեստավորման գների առումով անհասկանալի հարցադրումներ կան մարդկանց մոտ. բանն այն է, որ սահմանը հատելիս վճարում են 14000 դրամ, այնինչ հիմա արդեն պարզ է դառնում, որ դա հնարավոր է անել 7-9 հազար դրամով, որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի էժան: Ինչևէ, թե որն է եղել միանգամից երեք պետերին աշխատանքից ազատելու պատճառները, դեռևս ճշտել չհաջողվեց, թեպետ համակարգում չեն բացառում նաև քաղաքական դրդապատճառները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել նմանատիպ շենքերի կազմաքանդման ծրագրային առաջարկները: Նշվում է, որ շենքերի և շինությունների վերաբերյալ ամփոփ տվյալների հավաքագրման և գույքագրման համար արդյունավետ միջոց է դրանց անձնագրավորումը: Մինչդեռ շատ դեպքերում դրանց տեխնիկական փաստաթղթերը պահպանված չեն, շենքերը չունեն անձնագրեր, արդյունքում դրանց կառավարումը, պահպանումը և շահագործումն իրականացնող մարմինները կամ սեփականատերերը չեն տիրապետում անհրաժեշտ տեխնիկական տվյալների: Հայաստանի տարածքում կառուցված բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների գերակշիռ մասը կառուցվել է խորհրդային տարիներին: Դրանց մեծ մասի շահագործման ժամկետները գերազանցել են նորմատիվային սահմանափակումները, ունեն 40-70 և ավելի տարվա վաղեմություն: Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մինչ այժմ ՀՀ պետական և համայնքային բյուջեների միջոցների սահմանափակ լինելը կամ ներդրումային համապատասխան ծրագրերի սակավությունը խոչընդոտ է եղել թե՛ անձնագրավորման, թե՛ դրանից բխող գործընթացների նախաձեռնման և իրականացման համար: Նմանատիպ գործընթացների իրագործումը, հատկապես բազմաբնակարան շենքերի, այդ թվում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի մասով, պահանջում է և՛ գույքի սեփականատերերի կողմից համաձայնեցված, և՛ քաղաքական որոշումների միասնական մոտեցումներ՝ ծախսային երկարաժամկետ ծրագրեր: Նմանատիպ խնդիրներ առկա են նաև գոյություն ունեցող հասարակական և արտադրական շենքերի պարագայում, երբ դրանց մի մասի սեփականատեր են 1-ից ավելի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, իսկ տարիների վաղեմությամբ առկա են նաև սեփականատերերի իրավահաջորդների ճանաչման խնդիրներ, որոնք ևս իրավակարգավորման ենթակա են այլ օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների շրջանակներում: Այսպիսով՝ նախագծով սահմանվել է 3 կարևորագույն մարմին, որոնց միջոցով նախատեսվում է ամբողջ գործընթացի կազմակերպումը և իրագործումը՝ Միջգերատեսչական հանձնաժողով, տարածքային կառավարման (ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան) և տեղական ինքնակառավարման (համայնքներ) մարմիններ: