24.11.2024
ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին  Ադրբեջանին լուծել ԼՂ հարցով բոլոր չլուծված հարցերը
prev Նախորդ նորություն

Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ամերիկացի պաշտոնյաների հետ

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) հետ, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։


Համանախագահները ներկայացրել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև առաջին համատեղ հանդիպման ընթացքը, որն անցկացվել է անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Նրանք նաև նշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ռազմական գործողությունների վերսկսման առաջին տարելիցն է և ցավակցություն հայտնել երկու կողմերին մարդկային կորուստների համար: Համանախագահներն ընդգծել են, որ միայն համապարփակ բանաձևը, որն անդրադառնում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին միասին ապրել խաղաղության մեջ:


Փոխպետքարտուղարի առաջին տեղակալ Հոգանը և տնօրեն Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով վերսկսելու խաղաղության գործընթացը՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման նպաստմանը: Նրանք ընդգծեցին Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ շարունակելու աշխատանքը համանախագահ երկրների հետ՝ Հայաստանին և Ադրբեջանին օգնելու կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները, այդ թվում ՝ ձերբակալվածների, անհետ կորածների և ականազերծման վերաբերյալ ջանքերը:


Հիշեցնենք, որ օրերս Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը համանախագահների մասնակցությամբ, որից հետո միջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.


«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցելԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համանախագահները համատեղ հանդիպմանը հյուրընկալել են նաև երկու արտգործնախարարներին: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:


Համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ: Համանախագահներն առաջարկել են իրավիճակի լիցքաթափման հատուկ կենտրոնացված միջոցառումներ և հնարավոր հաջորդ քայլեր: Համանախագահներն ընդգծել են իրենց շարունակական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի կողմից ձեռնարկվող կարևոր գործունեությանը և գործողությունների ամբողջ շրջանակին:


Սեպտեմբերի 24-ին համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ `վերջին մեկ տարվա իրենցջանքերն, այդ թվում` գործընթացի վերջին զարգացումները քննարկելու համար:


Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր երկու արտգործնախարարների այս առաջին հանդիպումը որպես երկու երկրների վճռականության նշան անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացը վերսկսելու ուղղությամբ՝ միտված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման նպաստմանը:


Համանախագահները վերահաստատում են իրենց հանձնառությունը` շարունակելու աշխատանքը կողմերի հետ` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համապարփակ լուծումներին` իրենց մանդատի շրջանակում»: