Տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը չեն վերացել. Աբրահամյան
Այս պատերազմի մասին վերջին մեկ տարում շատ բան խոսվեց։ Դրա գլխավոր մեղավորից և պատասխանատուից մինչև պարտության խորքային պատճառներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Սարսափելին այն չէ, որ մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը չեն վերացել։
Խնդիրը նրանում է, որ ստեղծված բարդ իրադրության պայմաններում երկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի»։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Արցախի Հանրապետությանը ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանը, Ադրբեջանին՝ Թուրքիան։
2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքվեց խաղաղության պայմանագիր, ըստ որի Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Լաչինի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ ԼՂՀ սահմանները պահպանում են ռուս սահմանապահները։
Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ և ինֆորմացիոն դաշտում պաշտոնական հակամարտությամբ՝ հանդես գալով ժամանակակից պատերազմի օրինակ։