24.11.2024
Օհանյան. ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը պետք է զարգացնեն սպառազինությունը
prev Նախորդ նորություն

Իրանը դեռ Սևանա լճի ջրի հույսին է. Որքա՞ն հայկական կողմը կկարողանա դիմադրել

Իրանը ցանկություն ունի Սևանա լճից և Հայաստանի ջրային այլ ռեսուրսներից օգտվել՝ Ուրմիա լճի ցամաքման դեմ պայքարելու համար, սակայն Հայաստանը քաղաքական նկատառումներից ելնելով դրան չի գնում: Այս մասին VERELQ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:

Նա չբացառեց, որ Իրանը այսօր էլ նման հետաքրքրություն ունի:
«Իրանը նման հետաքրքրություն ունի, բայց ես չգիտեմ, թե դա երբ իրականություն կդառնա: Հստակ կարող եմ ասել, որ որևէ նախագիծ այս պահին գոյություն չունի, առկա է միայն հարևան Իրանի հետաքրքրությունը: Ոչ մի ռեալ գործողություն այս կոնտեքստում չի իրականացվում»,- շեշտեց Արամ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ նման բան անել չի կարելի, այդ հարցը պետք է լայն շրջանակներում քննարկման առարկա դառնա:

Հիշեցնենք, 2012 թվականից սկսած բնապահպաններն ահազանգում են նման հեռանկարի դեմ: Ավելին՝ 2015 թվականի օգոստոսին իրանական լրատվամիջոցները գրեցին, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել և Սևանա լճից ջուր պետք է տարվի Իրան՝ Ուրմիա լիճ: Այն, թե նման համաձայնություն կա հաստատել էր նաև վրացական կողմը, սակայն Հայաստանի պատասխանատու գերատեսչությունները հերքեցին լուրը և հավաստիացրեցին, թե նման համաձայնություն չկա ու Սևանից ջուր չի տարվելու Իրան:

Արամ Հարությունյանից հետաքրքրվեցին նաև, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել ոլորտի վրա Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հավաստմամբ՝ արդեն իսկ դրական արդյունքները երևում են և այս պահին Եվրասիական բանկի հետ համատեղ ծրագիր է նախատեսվում իրականացնել՝ 40 մլն դոլար արժեքով: Ծրագիրը միտված է ոռոգման համակարգերի բարելավմանը և կմեկնարկի մինչև սեպտեմբեր:
«ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո առաջին լավ արձագանքը մեզ համար հենց դա է, որ 40 մլն դոլարի ֆինանսավորում ունենք և իսկապես կարևոր ծրագիր ենք իրականացնելու, որը ներառելու է մայր ջրանցքներ, հեռացնող ջրանցքներ, ներտնտեսային ցանցեր և այլն»,-թվարկեց նա:

Արամ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ԵԱՏՄ հետ կապված մեծ պլաններ ունեն և հետևողականորեն գնալու են դրանց իրագործմանը: