Դաժանություններ իրականացրած ադրբեջանցի սահմանապահներն այսօր Սյունիքի ճանապարհներին են. ՄԻՊ
Հոկտեմբերի 20-ին Կովսականում, երբ Կապանից դեպի Կովսական 61 հայ զինծառայող է մեկնել, տեղի է ունեցել փոխհրաձգություն, սպանվել են հայ զինծառայողներ․ մի մասը փրկվել է, մի մասը՝ գերեվարվել կամ բռնի անհետացել։ Այս մասին նախօրեին տեղի ունեցած քննարկմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
"Այդ դեպքի փաստերից պարզ է դառնում, որ տեղի են ունեցել դաժանություններ ոչ միայն կենդանի անձանց, այլ նաև մարմինների մասերի նկատմամբ։ Կան լուսանկարներ, որտեղ երևում է, որ կոնկրետ կտրում են սպանված զինծառայողների ականջները Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողները",- նշեց նա։
Թաթոյանի խոսքով, փաստերը հաստատում են, որ այդ դաժանություններն իրականացրել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները։ Դա հաստատող ապացույցներից մեկն էլ այն է, որ Կովսականում Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը պատկանող թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայից կապել են հայկական կողմի սպանված զինծառայողների մարմինները և քաշել։
"Հատկանշական է, որ այդ նույն Սահմանապահ ծառայության զինծառայողներն այսօր ներկա են Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Ընդ որում, մենք ունենք հավաստի տեղեկություններ, որ կան դեպքեր, երբ Ադրբեջանի զինված ուժերի, այդ թվում՝ հատուկ նշանակության ծառայողները զգեստափոխվում և ճանապարհներին տեղակայվում են՝ իբրև սահմանապահներ",- հայտարարեց ՄԻՊ-ը: