24.11.2024
Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում. մուտքի սահմանափակումները կխստացվեն
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Իվիցա Դաչիչ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպեց Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իվիցա Դաչիչի հետ:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով` Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Սերբիայի հետ միջխորհրդարանական համագործակցությանը: Նա վստահեցրեց, որ 8-րդ գումարման ԱԺ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի վերաձեւավորումից հետո համագործակցությունն ու ակտիվ շփումները կշարունակվեն` նպաստելով երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը: Միջպետական եւ միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացման գործում կարեւորվեցին փոխայցերը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ ողջունում է Հայաստանում Սերբիայի դեսպանություն բացելու որոշումը, ինչը նոր խթան կլինի հայ-սերբական հարաբերությունների զարգացման եւ հետագա համագործակցության համար: Մտքեր փոխանակվեցին միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության վերաբերյալ:


Կողմերը մանրամասն անդրադարձան հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ:


Սերբիայի ԱԺ նախագահ Իվիցա Դաչիչը վերահաստատեց իր երկրի պատրաստակամությունը` բոլոր ասպարեզներում խորացնելու եղբայրական Հայաստանի հետ համագործակցությունը, այդ թվում` խորհրդարանների միջեւ գործընկերային կապերը ամրապնդելու միջոցով: Նա շեշտեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:


Հանդիպման ավարտին ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատեց Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարելու` Սերբիայի խորհրդարանի նախագահ Իվիցա Դաչիչին ուղղված հրավերը: