23.11.2024
Ե՞րբ է Ադրբեջանը կայացրել պատերազմը սկսելու որոշումը և ինչ կապ ունի ՀՀ-ում ՄԲ դեսպանատունը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, նա տանն է, բժիշկների հսկողության ներքո եւ գրեթե չի կարողանում քայլել։ Արդեն մի քանի ամիս է՝ նրան արտասահման բուժզննության էլ չեն տանում, սպասում են վիճակը փոքր-ինչ կայունանա։ Սեպտեմբերի 3-ին գեներալի 57-ամյակը նշել են տանը՝ ընտանիքի անդամները։ Սարոյանի մտերիմներն անգամ ներկա չեն եղել։ Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի եւ վերջին տարիներին պարբերաբար բուժվում էր արտասահմանում։ Սակայն վերջին ուղեւորությունից կարճ ժամանակ անց վիճակը վատացել է, եւ Իզմիրլյան ԲԿ-ում են մի քանի վիրահատություններով փոքր-ինչ բարելավում ապահովել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընտրություններից առաջ՝ ակտիվ տեղական ինքակառավարման ընտրություններին ընդառաջ, քաղաքական ուժերը որոշակի քայլեր արդեն անում են: Յուրաքանչյուրը փորձում է հասկանալ՝ որ համայնքում ինչ կարող է անել ու ինչ շանսեր ունի: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական ակտիվ պայքարի մեջ է լինելու Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նա, հնարավոր է, համագործակցի Խաչատուր Քոքոբելյանի հետ ու նրա ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությամբ առաջադրվի: «Քանի դեռ ընտրությունների օրը հայտնի չէ, որեւէ հստակ բան չեմ կարող ասել, քննարկումների մեջ ենք: Բայց, այո, պարոն Քոքոբելյանի հետ մետրիմ հարաբերությունների մեջ ենք, ու չեմ բացառում, որ «Ազատ դեմոկրատների» հետ կարող եմ համագործակցել,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Մամիկոնյանը՝ հավելելով։ -Գործող քաղաքապետ եմ ու, ինչպես ՀՀ ցանկացած այլ քաղաքացի, ես էլ իրավունք ունեմ ու պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին»: Խորհրդարան չանցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որ ՏԻՄ նախորդ ընտրությունների ժամանակ բավական թվով քվեներ էր ստացել Վանաձորում, դեռ որոշում չունի՝ այժմ ինչպես է մասնակցելու: Հայտնի է, որ կուսակցության առաջնորդ Մարուքյանի ծննդավայրը ԼՀԿ-ականների համար «ձայներ բերելու» առաջնային կետն է: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, սակայն, ԼՀԿ-ն ասես խորը թմբիրի մեջ է: «Այս պահին քննարկում ենք մասնակցության հարցը, ձեւաչափը եւ թեկնածուին: Քանի դեռ ժամանակ կա, որոշում չունենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշնան ընթացքում Հայաստանի մի շարք համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնք կարևոր հանգրվան կարող են դառնալ երկրի քաղաքական միավորների համար համայնքներում իրենց ուժերը չափելու նպատակով։ Այնպես որ, առաջիկայում վերստին քաղաքական գործընթացների ակտիվացում է սպասվում։ Եվ, բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ձգտելու է համայնքային մակարդակում համապատասխան քաղաքական ռեսուրսներ ստեղծել՝ հետագա համապետական ընտրություններում ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար։ Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացում ընդգրկուն անդրադարձ եղավ նաև ՏԻՄ-երի հարցին։ Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը ցույց էր տալիս, որ իրեն հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ մի շարք համայնքների ղեկավարներ ոչ թե իշխանություններին են սատարում, այլ աջակցում են ընդդիմությանը։ Իսկ այդ հանգամանքը որոշ մարզերում պատկեր է փոխում։ Դրանով պայմանավորված՝ Փաշինյանն իր նախընտրական հանդիպումների ժամանակ մուրճով սպառնում էր այդ համայնքապետներին՝ նշելով, որ քաղաքական վենդետա է լինելու, նրանք պետք է ընտրություններից հետո անմիջապես դիմումներ գրեն և հեռանան։ Եվ ահա, ընտրություններից հետո գրանցվեցին այնպիսի դեպքեր, որ իշխանության ներկայացուցիչները տարբեր ճնշումների միջոցով համայնքապետներին ուղղակի սպառնում են, որպեսզի նրանք ազատման դիմումներ գրեն ու հեռանան։ Որոշ դեպքերում էլ համայնքապետներին հեռացնելու նպատակով նրանց շինծու քրեական գործերի թիրախ են դարձնում։ Իսկ ում չկարողացան այդ միջոցով հեռացնելու ճանապարհներ գտնել, փորձեցին «վերբովկա» անել։


Սակայն տվյալ դեպքում իշխանություններին ժողովրդավարության հարցը չի էլ հուզում, դա երկակի ստանդարտների խնդիր է, չէ՞ որ համայնքապետներն իրենց մանդատը ստացել են համայնքների բնակչությունից, այլ ոչ թե նշանակվել են իշխանությունների կողմից, որ իշխանությունները նրանց հեռացնեն։ Եվ սրանով իշխանություններն անտեսում են ժողովրդի ձայնը։ Սակայն ժամանակ կար, երբ, օրինակ՝ Աբովյանում իշխանության թեկնածուն պարտվեց, Փաշինյանը հայտարարեց, թե հաղթել է ժողովրդավարությունը, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ այսօրվա իշխող ուժը գործի է դրել բոլոր հնարավոր լծակները ՏԻՄ-երն ամբողջությամբ զավթելու համար։ Ճիշտ է՝ քաղաքական ուժերի, այդ թվում՝ բնականաբար, իշխանական ուժի համար, նորմալ երևույթ է ՏԻՄ ընտրություններում հաղթելու համար պայքարելը, բայց հարցն այն է, թե ինչ ճանապարհով։ Քանի որ 4 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվում, ապա իշխանությունները փորձում են արագ կերպով ինչքան հնարավոր է շատ համայնքներ խոշորացնել։ Հաշվարկն այն է, որ դրանով տեղերում հեղինակություն վայելող համայնքապետների հնարավորությունները կարող են փոքրանալ, իսկ ՔՊ-ի համար նոր շանսեր ստեղծվել։ Այս ճանապարհին իշխանություններին այնքան էլ չի հուզում այն հարցը, թե տվյալ համայնքներում խոշորացումն իրոք անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ։ Մի շարք համայնքների բնակիչներ արդեն իսկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, որ խոշորացման արդյունքում իրենց համայնքները ոչ մի օգուտ չեն ստանալու և ավելի անտեսված վիճակի են մատնվելու։ Այսպիսի գործելակերպի հետ մեկտեղ իշխանությունները սկսել են խոսել հեղափոխական արժեքներին հավատարիմ թեկնածուների առաջադրման մասին։ Իսկ մենք միամտաբար գիտեինք, թե ՏԻՄ ղեկավարների ընտրության համար այլ արժեքներ են պետք, որոնք կբխեն տվյալ համայնքի զարգացման շահերից։ Մյուս կողմից էլ՝ որպեսզի իշխանություններն այս անգամ արդեն ամբողջովին չխժռեն ՏԻՄ համակարգն ու որոշակի բալանս ապահովվի, ապա ընդդիմությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի տեղերում։ Այստեղ նաև ընդդիմադիր ուժերի միասնականության հարցն է բարձրանում։ Հարկ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական օրակարգով հանդես գան, այլապես եթե նրանք տարանջատվեցին, ապա փոշիացնելու են իրենց ձայները և դրանով ջուր են լցնելու իշխանությունների ջրաղացին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գոյունյանը, որն այս պաշտոնին նշանակվել էր 2019թ․ հուլիսի 11-ին։ Նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, Կարեն Սարգսյանն էլ ազատվեց Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, որին նշանակվել էր 2020 թ․ փետրվարի 6-ին: Նրանք երկուսն էլ, մեր տեղեկություններով, տեղափոխվելու են այլ պաշտոնի։ Մասնավորապես, Սարգսյանը, որն օրեր առաջ Ազգային ժողովում հարձակվել էր ընդդիմության վրա եւ մատը թափ տալով բոցաշունչ ելույթ էր ունենում, նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ՝ տարածքային կառավարման նախարար նշանակված Գնել Սանոսյանի փոխարեն։ Իսկ Գոյունյանը, որից, ի դեպ, համակարգում շատ դժգոհ են, մեր տեղեկությամբ, գնալու է Պետեկամուտների կոմիտե, քանի որ մոտ է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ։ Բացի այդ, ասում են՝ նաեւ արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը չի ցանկացել աշխատել նրա հետ։ Նախնական տեղեկությամբ՝ Արթուր Գոյունյանը նշանակվելու է ՊԵԿ նախագահի՝ իրավական ոլորտը համակարգող տեղակալ։ Մինչեւ երեկ այդ պաշտոնը զբաղեցնում էր Արշակ Գասպարյանը, որն օրվա վերջում ազատվեց ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ Շուտով, հավանաբար, կլինի նաեւ Գոյունյանի նշանակումն այդ աթոռին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ թափուր մնացած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրվել, սեպտեմբերի 13-ին ԱԺ աշնանային նստաշրջանի հավանաբար առաջին նիստում այդ հարցն օրակարգ կմտնի։ Նոր թեկնածուն արդարադատության նախարարության աշխատակից Մարիամ Գալստյանն է՝ ծնված 1989 թվականին։ Նա 2011-2014 թթ․ նախարարության աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով խորհրդականն է եղել, 2014-16-ին՝ նախարարի տեղակալի օգնականը, իսկ այժմ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետն է։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին խորհրդարանը փակ քվեարկությամբ մերժեց «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանի կնոջ՝ Տաթեւիկ Բարսեղյանի թեկնածությունը, որը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախկին աշխատակից է (2012-2019 թթ․ աշխատել է ԹԻՀԿ-ում)։ Հավանաբար, այս ձախողումից հետո «բարտեր» են արել եւ տիկնոջ թեկնածությունը չեն առաջադրել, քանի որ ամուսնուն՝ Սոս Ավետիսյանին, մոտ ապագայում դեսպան են նշանակելու։ Չնայած արտգործնախարարության համակարգում դեսպանի շատ ավելի արժանի եւ փորձառու թեկնածուներ կան»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոչ մեկ անգամ արձանագրվել է, որ գործող իշխանությունները գնալով ավելի ու ավելի են «դողում» իրենց անվտանգության համար: Բացի նրանից, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն է ապահովվում ծայրահեղության հասնող միջոցներով ու քանակով, նաև իշխանական ուժի պատգամավորների համար են որոշակի միջոցառումներ իրականացվում հատկապես կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներից հետո, երբ ՔՊ-ականները ծեծկռտուք կազմակերպեցին ու զոռ տվեցին ոտքերին և ձեռքերին: Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունների հրահանգով այս օրերին խորհրդարանական ընդդիմության երիտասարդների ու այլ ակտիվիստների նկատմամբ անհատական հսկողություն է իրականացվում: Նրանց ամեն մի քայլը խոշորացույցի տակ է. իրավապահները, ինչպես նաև իշխանական թևի որոշ «կամավորներ», ուշադրությամբ հետևում են նրանց շարժին, հանդիպումներին: Բանն այն է, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, անվտանգության աշխատակիցների ներկայությամբ «դուխավորված» պատգամավորները անհանգստություն ունեն, որ ԱԺ շենքից դուրս հանկարծ կարող են իրենց նեղացնել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր զարգացումներ՝ Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի գործով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Ի՞նչ է սպասվում Դավիթ Գալստյանին: Բանն այն է, որ Վերաքննիչ դատարանը ազատ էր արձակել Պատրոն Դավոյին, ինչը դատախազությունը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, որն էլ բողոքը ընդունել է վարույթ: Դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են, եւ դեռ ավելին՝ վերջինիս եթե կրկին կալանքի տանեն, ապա նրա հետեւից գնալու են ՊՆ ներկայումս աշխատող մի շարք պաշտոնյաներ՝ ի դեմս ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ այլ պաշտոնյաների: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ զենքի առուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ազատ արձակումն ամենեւին պատահական չէր: Նա հեղափոխական իշխանությանը բազում ծառայություններ է մատուցել զենքի առքուվաճառքի պետպատվերի շրջանակներում: Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից եւ ազատ արձակվեց մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները բավական «խառն են» 44-օրյա պատերազմի հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցով: Ավելին, արդեն իսկ իշխանական որոշ պատգամավորների օգնականներին և խմբակցության իրավաբանփորձագետներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել և ուսումնասիրել պատերազմի հետ կապված տեսանյութերը, տարբեր ֆեյսբուքյան հրապարակումներն ու թեմայի հետ բովանդակային առնչություն ունեցող այլ փաստաթղթեր։ Ըստ էության, մեր աղբյուրների փոխանցմամբ, իրենց նման վարքագծով իշխանությունները փորձում են այնպիսի իմիտացիա ստեղծել, որ իբր իրենք ամեն հարցում նախաձեռնողական են և ցանկացած ձևաչափով կարող են գնալ համագործակցության, ինչպես նաև, որ թափանցիկ գործունեություն են ծավալում։ Թերթի տեղեկություններով, քննիչ հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հարցում իշխանությունները պատրաստվում են ներգրավել նաև արտախորհրդարանական ուժերին, իրենց բնորոշմամբ՝ էլ ավելի հանրային և քաղաքական լայն շրջանակների հետ համընդգրկուն գործունեություն ցույց տալու նպատակով։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ այս ընթացքում ՔՊ պատգամավորները մի քանի անգամ հանդիպել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ և որոշների, հատկապես իրենց սատելիտ միավորների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով իշխանություններն ամրագրել են, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքը ենթակա է բռնագանձման, եթե, իհարկե, դատարանն ապացուցի դրա ապօրինի լինելը, սակայն այս օրենքին առնչվողների եւ պոտենցիալ «շահառուների» մեծ մասը վստահ է, որ ՀՀ օրենսդրության այլ սահմանումներն իշխանությանը թույլ չեն տալու հասնել ուզածին եւ խլել իրենց գույքը, եթե անգամ չկարողանան ապացուցել դրա ծագման օրինականությունը։ Բանն այն է, որ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Այս մասին ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածում: Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը: Գույքի բռնագրավման համար 30-ամյա վաղեմության ժամկետի սահմանումը հակասության մեջ է մտնում տարբեր իրավանորմերի հետ, որոնք կարող են վիճարկվել ՍԴ-ում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շաքարավազի շուկան դարձյալ քաոսային վիճակում է գտնվում. շաքարավազի ոչ միայն գինն է բարձր, այլեւ խանութներ կան՝ շաքարավազ չկա։ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է՝ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ վերջին օրերին խանութներում եւ սուպերմարկետներում շաքարավազ չեն կարողանում պարկով գնել։ Ի դեպ, մարզային որոշ գյուղերի խանութներում բնակիչները շաքարավազ չեն կարողանում անգամ մեկ կիլոգրամ գնել, քանի որ չկա։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգի միջոցով երեւանյան մի քանի սուպերմարկետներից հետաքրքրվեց՝ հնարավոր է պարկով շաքարավազ գնել, թե ոչ. ստացանք բացասական պատասխան։ Ավելին՝ սուպերմարկետներից մեզ փոխանցեցին, որ ծայրահեղ դեպքում կարող են 20 կգ շաքարավազ վաճառել՝ պատճառաբանելով, որ քանակի խնդիր ունեն։ Եւ սա այն դեպքում, երբ հիմա փակոցների շրջանն է, այս ընթացքում տնային տնտեսուհիները փակոցներ են անում, եւ շաքարավազը խիստ անհրաժեշտ է։ Շաքարավազի շուկայում նման պատկեր արձանագրվել էր նաեւ հուլիս ամսին. սուպերմարկետներում քաղաքացիներին հրաժարվում էին 2-3կգ ավելի շաքարավազ վաճառել, բացի այս, գինն էլ 360 դրամից բարձրացել էր՝ դառնալով 400 դրամ։ Հիմա շաքարավազի մեկ կիլոգրամը վաճառվում է 420-450 դրամի սահմաններում։


«Փաստ» օրաթերթը գրում է. Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի առաջին երեք խաղերում Հայաստանի հավաքականի 100 տոկոսանոց արդյունքից հետո «Փաստ» թերթը հոդված էր տպագրել «Հայաստանի հավաքականի «վտանգավոր» երեք հաղթանակները» վերնագրով: Այդ հոդվածից մի հատված, կարծում ենք, տեղին է այսօր մեջբերել. «…Երեք հաղթանակից հետո ձևավորվել է մեծ սպասում: Դա բնական է: Սակայն հարցն այն է, որ այդ սպասումն իր հետ առաջ է բերում անհանգստություններ: Խոսքը նախևառաջ ֆուտբոլիստների վրա եղած հոգեբանական մեծ ճնշման մասին է: Նրանցից այսուհետ ակնկալվելու է միայն հաղթանակ՝ շատ կոպիտ ասած՝ մոտավորապես այս մտածողությամբ. «Ռումինացիները հաղթել են մակեդոնացիներին, մենք հաղթել են ռումինացիներին, մակեդոնացիները հաղթել են գերմանացիներին, ուստի մենք ինչու չենք կարող հաղթել գերմանացիներին»: Հաղթանակի ակնկալիքն, իհարկե, հասկանալի է, բայց ոչ ծայրահեղության աստիճան: Ցանկացած ծայրահեղություն վտանգավոր է ու կարող է շատ վատ ծառայություն մատուցել: Նման հոգեբանական ճնշումը կարող է «արջի ծառայություն» մատուցել մեր տղաներին: Մյուս կողմից՝ մենք մեր ֆուտբոլիստներին դարձրել ենք հերոսներ, որոնցով հպարտանում ենք, որոնց փառաբանում ենք, որոնց սիրում ենք: Դա լավ է, վատ չէ: Բայց երբ նշյալը համադրում ես վերոնշյալ սպասման հետ, անհանգստություն է առաջանում: Ֆուտբոլում միայն հաղթանակներ չեն լինում, իսկ աշնանային շրջանում մեզ երկու ծանրագույն հանդիպում է սպասվում, հանդիպումներ, որտեղ ամեն ինչ սպասելի է: Մենք կարողանալո՞ւ ենք մեր տղաներին սատարել, նրանցով հիանալ, եթե պարտություն ունենանք:


Չգիտեմ, վստահ չեմ: Ի վերջո, ոչ միայն ֆուտբոլի առումով, այլև ընդհանրապես, մեր հանրության մեջ կա ընդգծված միտում. մենք հաճախ ենք հերոսից արագորեն կերտում հակահերոս, կուռքից՝ դավաճան, սիրելիից՝ ատելի»: Եկեք անկեղծ լինենք, մեր վերոնշյալ անհանգստություններն իսկապես անտեղի չէին: Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ անատամ ոչ-ոքիից, ապա մեր խմբի ընդգծված ֆավորիտ Գերմանիայի ընտրանուց 0:6 հաշվով կրած ծանրագույն պարտությունից հետո վերոնշյալը դարձել է չափազանց արդիական: Նշյալ հոդվածում մենք նաև շեշտել էինք այն միտքը, թե «շատ կարևոր է երբեք չկորցնել սթափությունն ու իրատեսականությունը»: Ցավոք, կորցրեցինք, ինչի հետևանքն էր, որ շատերը ներքին վստահություն ունեին, թե գերմանացիներին «ջարդելու» ենք, թե ոչ-ոքին «գրպաններս դրված է»: Իսկ իրատեսականությունը կարող էր հուշել, որ գործ ունենք գերհզոր հավաքականի հետ, որի կազմի անուններն ինքնին շատ խոսուն են: Ի՞նչ կատարվեց Գերմանիայի հավաքականի հետ հանդիպմանը: Նախ՝ կարծում ենք՝ վատ ծառայություն մատուցեց այն հանգամանքը, որ գերմանացիներն անակնկալ պարտվել էին հյուսիսմակեդոնացիներին, իսկ խմբի հետնապահ Լիխտենշտայնին հաղթել էին բավականին դժվարությամբ: Երկրորդ՝ շատ ավելի վատ ծառայություն մատուցեց հենց այն հանգամանքը, որ մենք Շտուտգարդ էինք մեկնել խմբի առաջատարի դիրքում, ու գերմանացիները խաղին պատրաստվել էին հենց այդ մոտեցմամբ: Երրորդ՝ անզեն աչքով էլ նկատելի էր, որ մարզչի կողմից առաջնային երկու կարևոր խնդիր էր դրված՝ չստանալ վնասվածքներ, չստանալ քարտեր:


Դա իսկապես չափազանց կարևոր հանգամանք է, եթե հաշվի առնենք, որ Գերմանիայի հետ հանդիպումից շատ մեծ ակնկալիք պետք չէր ունենալ, իսկ առջևում կան հանդիպումներ, որոնք կարող են որոշիչ լինել Քաթար մեկնել-չմեկնելու հարցում: Սրանք, սակայն, զուտ ֆուտբոլային գործոններն են, որոնց մասնագետները դեռ կանդրադառնան: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, թե ինչպես ընդունեց հայ ֆուտբոլասերը այս պարտությունը: Այն, որ լինելու էր հիասթափություն, ցավ, ափսոսանք, սպասելի էր: Դա շատ նորմալ է: Սակայն, ինչպես և նախկինում, ինչպես և միշտ, ընդամենը 90 րոպեում հերոսները ոմանց համար դարձան հակահերոսներ, ծաղրի առարկաներ: Ցանկացած երկրում ցանկացած հավաքականի անհաջողությոն քննադատվում է, վերլուծվում է, բայց այն, ինչ մեր հանրության մի մասն անում էր հավաքականի հետ հանդիպման ողջ ընթացքում ու դրանից հետո, պարզապես ցավալի է: Իհարկե, վիրավորական է պարտվել նման հաշվով, թեկուզ դա Գերմանիայի ընտրանին է: Իհարկե, ցավալի է մեկ խաղում ընդունել երեք անգամ ավելի գնդակ, քան նախորդ չորս խաղում: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք: Պահպանո՞ւմ ենք, արդյոք, Քաթար մեկնելու հնարավորություններ: Տեսականորեն՝ այո: Սակայն այստեղ էլ պահենք անհրաժեշտ «սթափությունն ու իրատեսականությունը»: Վաղը Լիխտենշտայնին հաղթելն իրատեսակա՞ն է: Ավելի քան իրատեսական է: Ավելին, այստեղ միավոր կորցնելու դեպքում արդեն լուրջ եզրահանգումներ պետք է անել, իսկ Քաթարից հույսը վերջնականապես կտրել: Ամեն ինչ կարող է որոշել հոկտեմբերի 11-ին կայանալիք Ռումինիա-Հայաստան հանդիպումը: Նույն իրատեսականությունը ցույց է տալիս, որ սա լինելու է մեր դժվարագույն հանդիպումներից մեկը: