28.11.2024
ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել
prev Նախորդ նորություն

Մամեդյարով. Սանկտ Պետերբուրգից հետո առկա է փաստաթուղթ, որի վրա աշխատանք է տարվում

Մենք ցանկանում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում, բայց բանակցությունները հանուն բանակցությունների չպետք է լինեն: Այս մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսում այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Նա նշել է, որ Բաքուն դեմ չէ Ֆրանսիայի առաջարկին, որը պատրաստակամություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կողմերի հերթական բանակցությունների համար հարթակ տրամադրել: Մամեդյարովի խոսքով՝ կարևորը, որ բանակցությունները լինեն արդյունավետ:
«Եթե մենք ցանկանում ենք առաջընթացի հասնել խաղաղ ճանապարհով, ապա բանակցությունները հանուն բանակցությունների չպետք է լինեն»,- նշել է նա:

Անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը Մամեդյարովը նշել է, որ գոյություն ունի փաստաթուղթ, որի վրա ներկայումս աշխատանք է տարվում: Եվ եթե կողմերը աշխատեն այդ ուղղությամբ, ապա, նրա խոսքով, հնարավոր կլինի խաղաղության հասնել:

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ժամանակն է լրջորեն զբաղվել ղարաբաղյան հակամարտությամբ և լուծել այն:
«Մեր հարևան Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Այն մեզ մտերիմ երկիր է: Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է Ռուսաստանի համար: Մենք գնում ենք Ռուսաստանից զենք, այդ թվում և այլ երկրներից: Ժամանակն է լրջորեն զբաղվել ղարաբաղյան հակամարտության խնդրով, այն պետք է կարգավորվի: Ադրբեջանը հայտարարել է, որ խնդրի կարգավորման համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն և ստատուս քվոն պետք է փոխվի, այն կայուն չէ»: