Հայաստանի արժեթղթերի շուկան օտարերկրյա ներդրողների համար կդառնա առավել թափանցիկ ու պաշտպանված
Կառավարությունը բարեփոխում է արժեթղթերի շուկայի չարաշահումների վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը, ինչը միտված է օտարերկրյա ներդրողների և շուկայի մասնակիցների համար շուկան առավել թափանցիկ և պաշտպանված դարձնելուն: Գործադիրն այսօրվա իր նիստում հավանություն է տվել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների օրենքների նախագծերի փաթեթին. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրինագծերի փաթեթի ընդունումը և նշել, որ այն լուրջ կարգավորում է արժեթղթերի շուկայի համար:
Փաթեթի նպատակն է նաև սահմանել չարաշահումների դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, ապահովել միջազգային համագործակցություն, արժեթղթերի չարաշահումների դեմ պայքարի ոլորտում գոյություն ունեցող միջազգային ստանդարտների ներդրում, որի պարտավորությունը Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ շրջանակում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ արժեթղթերի շուկայում տեղի է ունեցել էական զարգացում, որին նպաստել են, մասնավորապես, առևտրային ընկերությունների, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունների կողմից կորպորատիվ բաժնետոմսերի ու պարտատոմսերի թողարկումը, կենսաթոշակային բարեփոխումները և արժեթղթավորման հիմնադրամի ստեղծումը: Ըստ այդմ՝ աճել է նաև օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը ՀՀ արժեթղթերի շուկայի նկատմամբ: Այսպիսով՝ նախատեսվում է արժեթղթերի շուկայի չարաշահումների հանրային վտանգավորության ամրագրում՝ դրանց քրեականացման միջոցով և համարժեք պատասխանատվության միջոցների սահմանում:
Առաջարկվում է քրեականացնել ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը, որի արդյունքում ինսայդերն ունենում է զգալի կամ խոշոր չափի շահույթ և գնային չարաշահումը, որի արդյունքում պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափի վնաս: Ընդ որում, որպես պատժի տեսակ նախատեսվում են ինչպես տուգանքը և ազատության սահմանափակումը, այնպես էլ այլ տեսակներ, ինչի պարագայում դատարանները կկարողանան պատիժն ընտրել կատարված արարքի ծանրության ու հանրային վտանգավորության աստիճանին համաչափ: Օրինագծերի փաթեթի ընդունման դեպքում, ի լրումն արժեթղթերի շուկայում չարաշահումների կանխմանը, ակնկալվում են հետևյալ դրական արդյունքները՝ կավելանա արժեթղթերի շուկայում մրցակցությունը, շուկայի մասնակիցները և հանրությունը, գործելով ավելի թափանցիկ ու պաշտպանված միջավայրում, առավել միտված կլինեն ներդրումներ կատարելու արժեթղթերում՝ նպաստելով շուկայի ծավալների էական մեծացմանը: Այն հնարավորություն կտա նաև զարգացնել արժեթղթավորման ոլորտը, խուսափել շուկայի լճացումից: Ներդրողները և հանրությունը կկարողանան ազատ շրջանառել, իրացնել իրենց ֆինանսական ներուժը՝ խթանելով տնտեսություն նոր ֆինանսական ներհոսքերը, կապահովվի արժեթղթերի շուկայի վերահսկողների հետ արդյունավետ համագործակցությունը: