22.11.2024
Իշխանություններն խուսափում են «գլխացավից» և համաձայնվում են Թուրքիայի պայմաններին. կարծիք
prev Նախորդ նորություն

Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար. Աբրահամյան

Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարությունների մակարդակով փոխանակվող «դրական ազդակները» ԱԺ «Պատիվ ունեմ» ըդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Ապրահամյանը նոր ծուղակ է որակում հայկական կողմի համար:


«Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար, որում մեզ փորձում են ներքաշել Հայաստանի իշխանությունները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորն ու մատնանշել նախ այն, որ Թուրքիայի նախապայմանները շարունակում են օրակարգում մնալ, այդ թվում՝ «մեզ պարտադրվող Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը»։


Պահանջներից մեկն էլ, նրա խոսքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առաջ մղելուց հրաժարվելն է։


Միաժամանակ նա կոչ է անում գիտակցել, որ հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական քաղաքականությունը ներդաշնակեցված է և այս պետությունները հանդես են գալիս նախապես համաձայնեցված դերաբաշխմամբ։


«Կարճ ասած, եթե Ադրբեջանը հանդես է գալիս սահմանային սադրանքների քաղաքականության դիրքերից, ապա այն ոչ միայն համաձայնեցված է Թուրքիայի հետ, այլ ստանում է այդ երկրի սատարումը», - նկատում է նա։


Այս պարագայում Տիգրան Աբրահամյանը լրիվ անտրամաբանական է համարում խոսել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման կամ ստացվող դրական ազդակների մասին։


VERELQ-ը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, անդրադառնալով, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին, նշել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։ Այդ մասին նա ասել է լրագրողներին պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ «տարածաշրջանում խաղաղության առումով Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան»:


Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք՝ ընդգծելով, որ ոչ վաղ անցյալի պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի և կառուցողական քայլեր պետք է ձեռնարկվեն կայուն խաղաղության և համակեցության համար:


«Միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որը հայտարարել է, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական, և պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը հարգելու հիման վրա»,- ասել է Էրդողանը։