25.11.2024
Երեք զինծառայողի սպանության դեպքով ձերբակալվել է նաև դիրքի ավագը. ՔԿ
prev Նախորդ նորություն

Ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձը է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.


«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,


Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը: Մեր պետության ու ժողովրդի համար պատմական այդ փաստաթուղթը, որն ընդունվեց Գերագույն խորհրդի կողմից, ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկը: Այդ փաստաթուղթը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի անկոտրում կամքի վրա:


Անցած երեք տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազում փորձությունների միջով, ունեցել ենք հաջողություններ, նաև դժվարություններ ու ձախողումներ: Ու կարևոր է ընդգծել, որ ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է և այդ կամքը պիտի արտահայտվի պետությունը և պետական ինստիտուտները կայացնելու, ուժեղացնելու մեր ամենօրյա աշխատանքում:


Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, և սա պատմական առաքելություն է մեզ համար՝ հաղթահարել մարտահրավերները, ամրացնել մեր պետականության հիմքերը, բարձրացնել նրա միջազգային հեղինակությունը, մեծացնել ներդրումային գրավչությունը, կերտել անսասան քաղաքացիական պատասխանատվություն ու վստահություն՝ պետության հանդեպ: Այս առաքելությունը մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն:


Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի 31-ամյակի կապակցությամբ»: