«Հայաստան» դաշինքը վստահեցնում է՝ արձագանքն ապօրինություններին լինելու է համարժեք
«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ՝ նշելով, որ նշվածը պայմանավորված է մեկ անձի ծայրահեղ վախերով:
«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղիղ ցուցումը, որոշեց իրավական ամենաթողությամբ կալանավորել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին:
Կալանքը՝ որպես միակ խափանման միջոց քաղաքական գործերով դիտարկելու ձև, այս իշխանության կայուն ձեռագիրն է, խախտելով սահմանադրական և իրավական սկզբունքները մարդու ազատության իրավունքի վերաբերյալ: Նշվածը պայմանավորված է մեկ անձի ծայրահեղ վախերով:
Անկախության հռչակագրի օրը մեր անկախության դեմ պայքարող իշխանությունները «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի որոշել են պահել պատանդի կարգավիճակում: Նշվածով մեր հանրությունը ևս մեկ անգամ համոզվեց այս իշխանությունների՝ հանրային համերաշխության հերթական սուտ ու կեղծ օրակարգը որդեգրելու մեջ։
Պատահական չենք համարում, որ այս խայտառակ որոշումը կայացվեց սահմանային լարված իրավիճակի ու կառավարության ծրագրի ներկայացումից առաջ: Մեր արձագանքը այս ապօրինություններին լինելու է համարժեք», - ասված է հայտարարության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 23-ին, բավարարել է "Իզմիրլյան" բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը: Դատարանը Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել։
61-ամյա պրոֆեսորը մեղադրվում է հունիսի 20-ին ընտրություններին մասնակցելու հարկադրելու մեջ։ Նա իր մեղքը չի ընդունում։