Հայաստանի զինված ուժերում, կառավարության որոշմամբ, տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ: Ըստ բաց աղբյուրների տեղեկատվության՝ մասնավորապես ստեղծվում է երկու նոր կառույց, որոնք զբաղվելու են պահեստազորի պատրաստության և անօդաչու թռչող սարքերի գործարկման հարցերով:
Կառավարությունը բանակում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ օգոստոսի 19-ին նիստում գրավոր ընթացակարգով 4 որոշում է ընդունել, որոնից միայն երկուսի նախագծերն են առկա, մյուս երկուսը գաղտնի են։ Գործադիրից վստահեցնում են, որ զինված ուժերում բարեփոխումների ռազմավարությունը հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի վերլուծության վրա:
Համաձայն կառավարության օգոստոսի 19-ի որոշման, զինված ուժերի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն, ինչպես նաև զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի վարչություն:
Կառավարության նույն օրը կայացրած մեկ այլ որոշմամբ հավաստիացվում է, որ Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը «մեծապես հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա»։
Այս համատեքստում Կառավարությունը կարևորում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների բացահայտումը և «գործուն քայլեր է ձեռնարկելու համա-պարփակ ու մանրամասն քննություն իրականացնելու ուղղությամբ»։
«Կառավարությունը սահմանելու է այն հիմնական ուղենիշները, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնց վրա հիմնվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը», - ասված է փաստաթղթում:
«Ռազմական տեխնիկայի ներկա զարգացման, ինչպես նաև 2020 թվականի ռազմական գործողությունների վարման ընթացքն ակնհայտ ցույց տվեց, որ անհրաժեշտություն է առաջացել առավել մեծ ուշադրություն դարձնել անօդաչու թռչող սարքերի համակարգերի զարգացման ու դրանց կառավարման գործընթացին, որի կապակցությամբ ներկայումս ԶՈՒ գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ԶՈՒ ավիացիայի վարչությունում գործող համապատասխան բաժինը նախատեսվում է վերակազմավորել ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման:
Բացի այդ, ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության գործունեության շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վարչության անվանման մեջ ապահովել նրա գործունեության հիմնական խնդիր հանդիսացող՝ զորահավաքային ռեսուրսների հաշվառման, պլանավորման և կիրառման գործընթացի կազմակերպման գործառույթի ամրագրումը, որի կապակցությամբ առաջարկվում է իրականացնել գլխավոր վարչության անվանափոխություն»,- նշված է հիմնավորման մեջ։
Կառավարության որոշմամբ՝ Զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը դիվիզիաները կկազմալուծվեն։ Կրճատվելու են նաև դիվիզաների հրամանատարների պաշտոնները: