Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 17-ին ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ գերատեսչության ղեկավարը ողջունել է հյուրերին և նշել, որ բարձր է գնահատում Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես առաջինը ճանաչելու փաստը, և որ այս առումով Ուրուգվայն առանձնահատուկ տեղ ունի աշխարհասփյուռ հայության համար։
Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատմության քառուղիներում շատ իրադարձություններ են միավորել երկու երկրներին և դեռևս մեծ ճանապարհ ունեն միասին անցնելու։
Նախարար Խաչատուրյանը, խոսելով ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների հաջողությունների և զարգացման հեռանկարների մասին, առանձնահատուկ ընդգծել է ոլորտում պետություն-֊մասնավոր հատված համագործակցության կարևորությունը:
«Հայաստանյան մասնավոր ընկերությունները բավականին ակտիվ են գործում այս ոլորտում՝ տարեցտարի ավելացնելով երկրի ՀՆԱ-ն, սակայն ոլորտում դեռևս որակյալ մասնագետների մեծ պահանջարկ կա։ Խորհրդային շրջանում Հայաստանը զգալի առաջատար դիրքեր է գրավել ոլորտում, որի արդյունքում երկիրը լավ ժառանգություն է ստացել, միևնույն ժամանակ կրթական համակարգն էլ ապահովել է լավ մասնագետներ»,-նշել է նա:
Ֆրանսիսկո Բուստիժոն, ներկայացնելով Ուրուգվայի ձեռքբերումները ՏՏ ոլորտում, նշել է, որ Ուրուգվայն այս առումով իսկապես մեծ առաջընթաց է արձանագրել․ ոլորտը գործում է պետական հոգածության ներքո և առաջատար դիրքեր է գրավում Լատինական Ամերիկայում։ Ուրուգվայն աշխարհի ամենաշատ էլեկտրոնային գործիքակազմ կիրառող կառավարություններից մեկն է հանդիսանում։
Ֆրանսիսկո Բուստիժոն կարևորել է հայկական ՏՏ ընկերությունների ներուժը և նշել, որ հայկական ընկերությունները Ուրուգվայի միջոցով կարող են մուտք գործել Լատինական Ամերիկայի երկրներ և օգտվել այնտեղ առկա մի շարք հնարավորություններից։
Ուրուգվայի ԱԳ նախարարը հավելել է նաև, որ հաջողված թվայնացման գործընթաց իրականացնելու համար կրթական համակարգին զուգահեռ կարևոր են նաև տեխնիկական ենթակառուցվածքները, որի հաջող փորձն իրենց երկիրն արձանագրել է։
Կողմերը կարևորել են այսուհետ դեսպանատների մակարդակով աշխատելու հնարավորությունը, ինչը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության ձևավորմանը, մասնավորապես համատեղ տեխնոլոգիական ծրագրերի, թվայնացման, կրթական ծրագրերի, ՏՏ ոլորտում մասնագետների փորձի փոխանակման, տեղեկատվական կենտրոնների փոխգործակցության և մի շարք այլ ուղղություններով։