23.11.2024
Հայկական ՏՏ ընկերությունները Ուրուգվայի միջոցով կարող են մուտք գործել Լատինական Ամերիկա
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են հաղորդակցությունների ապաշրջափակումը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքները:


Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, օգոստոսի 17-ին կայացած նիստում կողմերը դիտարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և քննարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքների հետագա ընթացքը։


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Հունվարի 11-ին նրանք պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել երեք երկրների փոխվարչապետների մակարդակով, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի հաստատման վրա: Աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 30-ին Մոսկվայում։