Ֆրանսիան պատրաստ կլինի դիտարկել քննել հայկական իշխանությունների կողմից իրեն ուղղված պաշտպանության ոլորտում բոլոր հայտերը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն», - ասել է նա։
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով Ֆրանսիայի, դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ «Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում», - նշել է ՀՀ-ում Ֆրասիայի դիվանագիտական առաքելության ղեկավարը։
Լարվածություն Երասխում
Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է Երասխում լարվածության օրը ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմանը՝ պարզաբանելով, թե ինչ է նկատի ունեցել՝ գրելով «Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»։
«Ֆեյսբուքյան այս գրառմամբ երկու բան էի ցանկանում արտահայտել։ Նախևառաջ, ցանկանում էի նկարագրել մի իրողություն, որը հետևյալն էր` երկուշաբթիից երեքշաբթի գիշերը՝ գիշերը ժամը 2-ին, բոլորն օնլայն էին, ոչ ոք եք չէր քնում, բոլորը անհանգստացած էին Երևանում, Հայաստանում։ Երկրորդ ուղերձը համերաշխության ուղերձն էր։ Ցանկանում էի ինձ հետևող մարդկանց ասել, որ Ֆրանսիան հետևում է սահմանի իրավիճակին։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ Ֆրանսիայի իշխանություններն ամենաբարձր մակարդակով լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երասխը միաժամանակ խորհրդանշական և ռազմավարական վայր է։
Ռազմավարական, քանի որ Ադրբեջանի հետ Երևանին ամենամոտիկ սահմանն է, իսկ խորհրդանշական, քանի որ սա մի վայր է, որտեղ հանդիպում են չորս պետություններ։ Այս պահին այնտեղ լարվածություն կա, բայց պետք է հուսանք, որ ապագայում Երասխը կարող է կրկին դառնալ այն խաչմերուկը, որ եղել է ժամանակին»,-ասել է նա։
Արցախում Ռուսաստանի դերի մասին
Անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի դիտարկմանը, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո «Հայաստանում մեծ դժոգոհություն կա Ռուսաստանից», դեսպանը նշել է.
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, կարծում եմ՝ պետք է հայացք նետենք ներկա իրողություններին։ Ներկա իրողություններն այնպիսին են, որ Ռուսաստանն ապահովում է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Եթե ռուսական ուժերը չլինեին, Ղարաբաղում այլևս հայ չէր լինի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հանգեցրեց մի հրադադարի, որը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Միևնույն ժամանակ, ութ ամիս անց մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծում բոլոր հարցերը»։
Միևնույն ժամանակ նա նկատել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատման դրույթը, լիովին չեն հարգվում։
«Եվ ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Այսպիսով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի փուլ էր, բայց հիմա պետք է ամրապնդել խաղաղությունը, հրադադարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսել քաղաքական գործընթաց», - ասել է նա։
Բաց հարցեր
Այս հակամարտության արդյունքում, նշել է դեսպանը, մի շարք հարցեր բաց են մնացել։ «Ռազմագերիները, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում։ Մի քանի հարյուր կիլոմետրանոց նոր սահմանը, որն այսուհետ գոյություն ունի երկու երկրների միջև։ Եվ ընդհանուր առմամբ բուն Ղարաբաղի հարցը։ Տեսնում ենք, որ այս հարցերը լուծված չեն։ Ուստի, կողմնակից ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվի քաղաքական գործընթաց։ Մի գործընթաց, որը Մինսկի խմբի համանախագահները կոչված են ուղեկցելու», - նկատել է նա։
Դեսպան Լաքոտի խոսքով, Հայաստանի և տարածաշրջանի համար անվտանգության լավագույն երաշխիքն այս տարբեր կետերի բանակցային ճանապարհով լուծումն է։ «Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հարցերի շուրջ խոսելու համար բոլոր կողմերի կողմից ճանաչված միակ մարմինն է», - ասել է նա ու անդրադարձել նաև հարցին, թե ինչու Բաքվում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները օրերս՝ հուլիսի 9-10-ը հրաժարվեցին այցելել Շուշի:
«Կա մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Քանի դեռ այդ կարգավիճակը որոշված չէ, ո՛չ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ո՛չ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ։ Բաքվում իմ գործընկերը չի այցելում Շուշի, ինչպես ես չեմ այցելում Ստեփանակերտ։ Եվ սա մի դիրքորոշում է, որը կիրառվել է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից։
Մինչդեռ Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության։ Այժմ միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է այնտեղ ներկա և կատարում է գերազանց աշխատանք։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի գործակալությունները նույնպես կոչված են ներկա լինելու Լեռնային Ղարաբաղում», - ասել է դեսպանը։