ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատել է «Պետական տուրքի մասին» ՀՀ Oրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշումը:
Նախագծով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։
Նախագծի իրականացման նպատակն է՝
1. երկրի ընդերքի շահագործումից գեներացվող բարձ շահույթն ուղղել մշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում ռազմավարական ակտիվների զարգացմանը և արդյունաբերական արժեշղթաների խորացմանը,
2. խթանել հանքերի առավել արդյունավետ շահագործմանը և գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացմանը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ,
3. խթանել շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությանը` հնարավորինս նվազեցնելով վնասակար արտանետումները:
«Այսօր ոլորտում գեներացվում է գերշահույթ, որը, ըստ նախարարության ուսումնասիրությունների, արդյունավետ չի հարկվում։ Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել կտրուկ քայլեր և կիրառել խնդիրը կարգավորող կարճաժամկետ գործիք, հետագայում երկարաժամկետ լուծումներ տալու նպատակով։
Արտահանման ծավալների պահպանման պայմաններում պետական տուրքի առաջարկվող դրույքաչափերի դեպքում ընդհանուր առմամբ բյուջեի տարեկան մուտքերը կկազմեն շուրջ 72 մլրդ դրամ», - ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նշենք, որ վերջին ամիսներին պղնձի համաշխարհային գները դինամիկ աճում են, որը Հայաստանի արտահանման կարևոր ուղղություններից է: 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտահանումն աճել է 187 մլն դոլարով, որից 109 մլն դոլարը պայմանավորված է պղնձի խտանյութի արտահանման աճով: Այսպես, 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 20 291 տոննա պակաս պղինձ, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում, սակայն դոլարային արտահայտությամբ արտահանումը աճել է 48%-ով (109 մլն դոլարով)։
Սա նշանակում է, որ դոլարային արտահայտությամբ արտահանումը աճել է միջազգային գների բարձրացման շնորհիվ, ընդ որում, 2021 թվականի հունվարից սկսած՝ միջազգային շուկաներում պղնձի գինը աճում է աննախադեպ բարձր տեմպերով։ Օրինակ, մայիսի ընթացքում պղնձի միջին գինը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրեթե կրկնապատկվել է՝ $5 240/տ-ից հասնելով $10 162/տ-ի։