24.11.2024
Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու բարդ, զգայուն և շատ սուր որոշումների մասին. փորձագետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Դավիթ Տոնոյանը վերադառնո՞ւմ է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության ձեւավորման ամենաբարդ օղակն արտգործնախարարի պաշտոնի հարցն է։ Որոշ տեղեկություններով, իշխանություններին չի հաջողվում հարմար թեկնածու գտնել․ բանն այն է, որ այս պաշտոնի թեկնածուին պետք է համաձայնեցնեն Ռուսաստանի հետ, եւ սրանով էր պայմանավորված, որ չեղարկվեց Փաշինյանի նախնական որոշումը՝ Ռուբեն Ռուբինյանին ԱԳ նախարար նշանակելու վերաբերյալ։ Իշխանությունների տեղն այնքան նեղ է, որ անգամ քննարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին այս պաշտոնում նշանակելու հարցը, ՌԴ-ն դրան դեմ չէ, փոխարենը Փաշինյանն է երկմտում։ Այդ նշանակումից հետո ինչպե՞ս պետք է հանրության առջեւ արդարանա, թե ինչու էր պատերազմի պարտությունը դնում բանակի եւ Դավիթ Տոնոյանի վրա, նրան ազատում աշխատանքից։ Նիկոլ Փաշինյանն ավելի հակված է այդ պաշտոնում նշանակել Արարատ Միրզոյանին, բայց Միրզոյանը դեմ է։ Փոխարենը գրեթե որոշված է, որ ԱԳ փոխնախարարներից մեկը լինելու է նախկին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ով չընդգրկվեց ՔՊ ցուցակի անցողիկ տեղերում, քանի որ ուզում է գործադիրում աշխատել։ Իհարկե, նրա երազանքը ԿԳՄՍ նախարար դառնալն է, բայց Դումանյանը, Փաշինյանի որոշմամբ, մնալու է պաշտոնում, Մխիթարն ԱԳՆ-ում կհամակարգի սփյուռքը, սփյուռքի գրասենյակն էլ, ամենայն հավանականությամբ, կփակվի»:


«Հրապարակ» թերթը գրում է.««Պատիվ ունեմ» դաշինքը լրջորեն է պատրաստվում խորհրդարան մտնելուն։ Արթուր Վանեցյանը, որը լինելու է դաշինքի խմբակցության ղեկավարը, փորձագետների, իրավաբանների մի մեծ խումբ է հավաքագրել, որոնք աշխատելու են օրենքների, փաստաթղթերի հետ, տեղեկանքներ են պատրաստելու, աջակցելու են խմբի լիարժեք աշխատանքին։ Իր հերթին՝ «Հանրապետական» կուսակցության «Լույս» հիմնադրամն էլ, որը վերջին տարիներին զբաղված է խորքային վերլուծություններ անելով՝ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, նույնպես աշխատելու է խմբակցության հետ, նյութեր է տրամադրելու, որոնք կօգնեն օրենսդրական աշխատանքին։ Բացի այդ, ընդդիմադիր խմբակցությունը որոշել է շատ ակտիվ լինել՝ մասնակցել բոլոր քննարկումներին, ելույթներ ունենալ, հարցադրումներ անել։ Ընդդիմությունը հասկանում է, որ ԱԺ ամբիոնը լավ հնարավորություն է՝ հանրության հետ ուղիղ շփվելու և շփման պակասը լրացնելու համար։ Նրանք վստահ են, որ առաջիկայում նոր քաղաքական զարգացումներ են լինելու, և հաջորդ ընտրություններին հարկավոր է պատրաստվել հենց այս պահից սկսած»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրերին տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության թերեւս վերջին նիստը, որը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Իշխանական խմբակցությանը հավաքել է Մակունցը՝ պարզելու համար, թե ում որտեղ, ինչ պաշտոնի են պատկերացնում: Բանն այն է, որ մինչեւ հուլիսի վերջ Մակունցը պետք է հեռանա Հայաստանից՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու համար, եւ փորձել է վերջին անգամ թիմի հետ քննարկել իրենց անելիքները: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ շատ ակտիվ են եղել այսպես կոչված ՀԿ թեւի պատգամավորները, որոնք հայտարարել են, թե ովքեր պետք է ամեն գնով շարունակեն պաշտոնավարել: Մենք տեղեկացանք, որ ամենաակտիվը եղել են իմքայլական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոս Ավետիսյանը, Սոնա Ղազարյանը, որոնք հայտարարել են, որ պետք է ՀՀ արդադատության նախարար կրկին նշանակվի Ռուստամ Բադասյանը, իր պաշտոնին պետք է մնա ԱԱԽ ղեկավար Արմեն Գեւորգյանը:  Խմբակցությունը դժգոհություն է հայտնել, որ քննարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանին խմբակցության ղեկավար նշանակելու հարցը, ինչը իրենք չեն ցանկանում: Քննարկվել է այդ պաշտոնում իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանին նշանակելու հարցը, որին, կարծես թե, ավելի շատ են հակված: Ի դեպ, տեղեկություններ կան, որ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին առաջարկվել է դառնալ խմբակցության քարտուղար, սակայն վերջինս չի ցանկացել, ու հնարավոր է այդ պաշտոնը տրվի իմքայլական մեկ այլ պատգամավորի` Նազելի Բաղդասարյանին: Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ որեւէ հարցում հստակ որոշում չի կայացվել, Մակունցը քննարկումն արձանագրել է ու այն կփոխանցի Նիկոլ Փաշինյանին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մտադրություն չունի մնալ քաղաքականության մեջ եւ օրենսդիր կամ գործադիր մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնել: Ըստ մեր տեղեկությունների՝ նա իր մտերմիկ շրջապատում է ասել այդ մասին: Ավելին, մենք տեղեկացանք, որ նա նախընտրում է տեղափոխվել մասնավոր ոլորտ եւ այդ մասին արդեն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, թե չի ցանկանում ո՛չ գործադիրում, ո՛չ էլ օրենսդիրում որեւէ պաշտոն զբաղեցնել: Տիգրան Ավինյանն իր մտերիմ մարդկանցից մեկին՝ Վարագ Սիսեռյանին, մասնավոր ոլորտ է տեղափոխել: Սակայն մենք տեղեկացանք, որ այսքանով ամեն ինչ չի ավարտվում, եւ հենց այդ մասնավոր ոլորտ է ցանկանում տեղափոխվել Տիգրան Ավինյանը, այդ պատճառով էլ արդեն իր մտերիմ անձին տեղափոխել է այնտեղ: Խոսքը կապի ծառայություն մատուցող ընկերություններից մեկն է, որտեղ Ավինյանն իրեն տեսնում է ղեկավարի պաշտոնում, եւ նշանակվելուց հետո իր կողքը կհավաքի իր թիմակիցներին, որոնց հետ աշխատել է կառավարությունում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը, մեր տեղեկություններով, օրերս նշանակվել է Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն։ Նախկին խոսնակի համար հատուկ փոխտնօրենի հաստիք է բացվել: Մինչ այդ կառույցում գործել է փոխտնօրեն՝ ֆինանսավարչական գծով։ Այդ պաշտոնը զբաղեցնում էր Լյովա Դուլյանը՝ հայտնի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանի եղբայրը։ Սակայն երկարամյա եւ փորձառու Դուլյանին վերջերս ազատել են եւ աշխատակազմը համալրել երիտասարդ ու անփորձ կադրով, որն անգամ խոսնակի գործից շատ գլուխ չէր հանում։ Ի դեպ, չնայած Սուրեն Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետ, սակայն որոշել է ձեռքից բաց չթողնել այս յուղոտ ոլորտը, որը համակարգում համարում են Պապիկյանի «բիզնեսը», ուր նա աշխատանքի է տեղավորել իր բազմաթիվ ծանոթ-բարեկամներին, ազգուտակին, որոնք բարձր աշխատավարձեր են ստանում։ Օրինակ, հիմնադրամի փոխտնօրենի աշխատավարձը մոտ 600 հազար դրամ է՝ ավելին, քան ստանում են պատգամավորները։ Այն դեպքում, երբ Պապիկյանի երիտասարդ խոսնակը, համակարգի իր գործընկերների պատմելով, «ՊՈԱԿ»-ն ու «հիմնադրամն» իրարից շատ չի տարբերում»:


 «Իրավունք» օրաթերթը գրում է. «Ժամանակին մամուլն ուշիուշով հաշվում էր, թե ՌԴ նախագահ Վլադի­միր Պուտինի հետ հանդիպելիս քանի անգամ է շնորհակալություն հայտ­նում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ շնորհակալությունների քանակով էլ պայմանավորված՝ վերլուծություններ էին արվում, թե որքանով է զրույցը հավասարը հավասարի հետ եղել, կամ ինչ մակարդակի վրա են հայ-ռուսական հարաբերությունները: Սակայն, նույն մամուլը զարմանալիո­րեն անտեսում է, թե շնորհակալությունների ինչպիսի դինամիկա կա Նիկոլ Փաշինյանի մոտ: Այս բացը, իհարկե, «Իրավունքը» կշտկի: Եվ այսպես՝ եթե 2018 թվականին նորաթուխ վարչապետի կարգա­վիճակում Նիկոլ Փաշինյանն իր Մոսկվա կատարած առաջին այցի ժամանակ ՌԴ նախագահին շնորհակալ էր միայն հրա­վերի համար, ապա այսօր նրա շնորհակալությունները քառապատկվել են: Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ Փաշինյանը չորս անգամ շնորհակալություն է հայտնել Պուտինին: Իսկ ՌԴ նախագահը, բնականաբար, զրո անգամ: Ի դեպ, արտահերթ խորհրդարանական ընտրություննե­րից առաջ՝ դեռևս ապրիլին Մոսկվա կատարած այցի ժամանակ Փաշինյա­նը բավարարվել էր ընդամենը երկու անգամ շնորհակալություն հայտնե­լով՝ ի պատասխան Պուտինի մեկ շնորհակալության: Եվ ընդամենը մի քանի ամիս անց փաշինյանական շնորհա­կալությունները կրկնա­պատկվել են: Հիշեցնենք նաև, որ Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումներ այս տարի արդեն երեք անգամ են տեղի ունեցել: Առաջի­նը՝ եռակողմ էր՝ Ալիևի հետ միասին, հունվա­րի 11-ին: Եվ նույնիսկ այդ ժամանակ Փա­շինյանը բավական շռայլ է եղել շնորհակալությունների հարցում՝ կրկին 4 անգամ շնորհակալ լինելով՝ ՌԴ նախագահից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում քննարկվում է կառուցվածքային փոփոխությունների հարցը, եւ մի շարք նախարարություններ, որոնք 2018-ին միավորել էին, կրկին ուզում են առանձնացնել։ Խոսքը մասնավորապես գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունների մասին է, իսկ սփյուռքի գրասենյակը հնարավոր է փակվի եւ որպես բաժին՝ գործի ԱԳՆ կազմում։ Եթե որոշումն ընդունվի, ապա նախագիծը պետք է ներկայացվի նոր գումարման խորհրդարանի հավանությանը՝ հենց առաջին նիստին, որպեսզի խորհրդարանը հաստատի, ապա միայն ձեւավորվի նոր կառավարություն»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքն» անդրադարձել էր, որ ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անդամից կազմված խումբը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են այսօր ԵՊՀ ռեկտորի ժՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, բայց ոչ պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանին: Մինչդեռ ռեկտորի պաշտոնի համար անհրաժեշտ պայման է լինել ոչ միայն գիտությունների դոկտոր, այլ նաեւ ունենալ պրոֆեսորի կոչում: Թե արդյոք ԿԳՄՍ նախարարությունը կգնա նման ապօրինի եւ ոչ իրավաչափ քայլի` ռեկտորի ԺՊ նշանակելով Հովհ. Հովհաննիսյանին, «Իրավունքը» փորձեց պարզել ԿԳՄՍ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանից. «Չեմ մեկնաբանում, երբ կլինի նշանակում, տեղյակ կլինեք»: Մեր այն հարցին, թե, ի վերջո, ինչ է սպասվում այսօր մայր բուհում, կրկին ստացանք նույն պատասխանը. «Չեմ մեկնաբանում»:


«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն երրորդ օրն է՝ Երևանում իրա­կանացվում է նոր պարեկային ծա­ռայություն: Ի՞նչ փոխվեց երևանյան տաքսիստների կյանքում, երբ «գայիշնիկներին» փոխարինեցին պարեկները, «Իրավունքը» այս օրերին հարցախույզ է իրականացրել տաքսիստների շրջանում: Պարզվում է՝ նրանց սպասելիքնե­րը բոլորովին այլ էին, նույնիսկ կատա­կում են, թե փոխանակ իրենք անհրա­ժեշտության դեպքում մեզ օգնեն, մենք ենք իրենց օգնում: Նոր մեքենաները վա­րելու գործում նորաթուխ պարեկները երբեմն-երբեմն խնդիրներ են ունենում, ինչին օգնության են հասնում հենց տաքսիստները: Այնուամենայնիվ, ամենահաճախ հնչած տեսակետը հետևյալն է. «Ոստիկանությանը բարեփոխե­լու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել, ուրիշ բան չկա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը սկսում է քաղաքական չորս ուժերի դիմումի դատաքննությունը, որով վերջիններս պահանջում են չեղյալ համարել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Սահմանադրական դատարան են դիմել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաեւ «Զարթոնք» ու «Վերելք» կուսակցությունները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե «Հայաստան» դաշինքը 200-էջանոց դիմումում ինչ հարցադրումներ է արել: Առաջին հերթին ընդդիմադիր ուժը բարձրացրել է հարցը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, չնայած Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել, բայց մնացել էր պաշտոնակատար: Այսինքն՝ նրանք հարց են բարձրացրել, թե որքանով է այդ հանգամանքն իրավական: Ապա դիմումում անդրադարձ կա խախտումներին եւ այն իրողությանը, որ արձանագրություններում ստորագրություններ չեն եղել (խոսքը 200 ստորագրության մասին է), ապա կան նաեւ ընտրական ցուցակների կրկնվող էջեր, որոնք բնութագրվել են որպես տեխնիկական սխալ, ապա նաեւ մատնանշված են դեպքեր, երբ մեկ անձը ստորագրել է մյուսի փոխարեն: Իսկ, ահա, «չաշխատող» անձնագրերն իսկապես մեծ թիվ են եղել. խոսքը մոտ 109 հազար անձնագրերի մասին է, որոնց տեխզննող սարքերը չեն ճանաչել: Եվ ուշագրավ է, որ մինչ Սահմանադրական դատարանն այսօր նոր սկսում է դատաքննության փուլը, երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն շնորհավորում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե վերջինս վայելում է ժողովրդի վստահությունը: