Կարմիր Խաչը կարծում է, որ Բաքուն եւ Երեւանը պետք է կարգավորեն իրենց միջեւ ձերբակալվածների կարգավիճակի հարցը։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը։
Հարցին, թե ինչպես է ընդհանուր առմամբ ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ռազմագերիների փոխանակման գործընթացը, Մաուրերը պատասխանել է հետեւյալ կերպ:
«Առաջընթաց կա, գերիները տուն են վերադառնում։ Միևնույն ժամանակ, դեռևս վեճեր են ընթանում որոշ ձերբակալվածների մասին, արդյոք նրանք համարվում են ռազմագերիներ, ինչ կարգավիճակ ունեն և արդյոք նրանք կարող են վերադառնալ։ Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով»։
Ինչ վերաբերում է ձերբակալված անձանց, որոնց Բաքվում համարում են դիվերսանտներ, ապա, ըստ ԿԽՄԿ նախագահի, կազմակերպության աշխատակիցներն ուղղակի հասանելիություն ունեն նրանց:
«Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է, որ, ինչպես դուք ճիշտ ասացիք, հայկական կողմի հետ տարաձայնություններ են առաջացել ձերբակալվածների կարգավիճակի շուրջ։ Այդ խնդիրը Բաքուն և Երեւանը պետք է ինքնուրույն կարգավորեն», - կարծում է Մաուրերը։
Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ն կարող է կիսվել իր փորձով, խորհուրդ տալ ինչ-որ բան, բայց կառավարություններն իրենք պետք է որոշեն այդ մարդկանց վերջնական կարգավիճակը։ «Եւ հուսով եմ, որ ապագայում կհաջողվի խնդրի լուծում գտնել բոլոր այն անձանց համար, ովքեր գտնվում են Հայաստանում եւ Ադրբեջանում», - նշել է Մաուրերը:
Անդրադառնալով նրանց պահման պայմաններին՝ Մաուրերը նշել է, որ ԿԽՄԿ-ն դրա հրապարակային գնահատականը չի տալիս։
«Մենք այցելում ենք մարդկանց պահելու պայմանները գնահատելու համար, բայց, ինչպես գիտեք, դա գաղտնի գործընթաց է ԿԽՄԿ-ի համար։ Մենք համագործակցում ենք տարածաշրջանի բոլոր իշխանությունների հետ, որպեսզի մեր դիտողությունները համապատասխան իշխանություններին դարձնենք, և առայժմ ես չեմ կարող ասել ավելին», - ընդգծել է նա։