ԵՄ խորհուրդը թույլատրել Է ավիացիոն համաձայնագրեր ստորագրել Ուկրաինայի և Հայաստանի հետ
Եվրամիության խորհուրդը թույլատրել է ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածքի մասին համաձայնագրեր ստորագրել Ուկրաինայի եւ Հայաստանի հետ։ «Կանաչ լույս» են ստացել նաեւ Թունիսի եւ Կատարի հետ նման համաձայնագրեր։ Որոշումն ընդունվել է ԵՄ երկրների նախարարների կողմից երկուշաբթի՝ հունիսի 28-ին, հայտնել են Եվրամիության Խորհրդի մամուլի ծառայությունում, փոխանցում է DW-ն։
«ԵՄ-ի խորհուրդն այժմ պատրաստ է ստորագրել չորս կարեւոր ավիացիոն համաձայնագրեր, որոնք կբարելավեն ավիաուղիների համար շուկայական հասանելիությունը եւ կուժեղացնեն քաղաքացիների տեղաշարժի կապերն ու ազատությունը։ Միեւնույն ժամանակ, նրանք երաշխավորում են անվտանգության բարձրագույն մակարդակը եւ խաղի հավասար կանոններ կստեղծեն», - հայտարարել է Պորտուգալիայի ենթակառուցվածքի նախարար Նունու Սանտուշը, որն այս կիսամյակում նախագահում է ԵՄ Խորհրդում:
Բոլոր չորս համաձայնագրերի ստորագրումը սպասվում է այս տարվա աշնանը։ Այնուհետև դրանք պետք է վավերացնել ստորագրող երկրների, Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից։ Մինչեւ այդ գործընթացի ավարտը Ուկրաինայի, Հայաստանի եւ Կատարի հետ ավիացիոն համաձայնագրերը ժամանակավորապես կկիրառվեն։
Ի՞նչ է ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածքը Ուկրաինայի եւ Հայաստանի հետ
Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին համաձայնագիրը հաճախ անվանում են «բաց երկինք»։ Այն չպետք է շփոթել բաց երկնքի պայմանագրի հետ, որը վերաբերում է ռազմական ավիացիայի հետախուզական թռիչքներին։
Ուկրաինան, օրինակ, վաղուց մասնակից է այդ պայմանագրի, իսկ Ռուսաստանը դուրս է եկել դրանից հունիսին. Ընդհանուր ավիացիոն տարածքը վերաբերում է քաղաքացիական ավիացիային եւ նախատեսում է ԵՄ-ի եւ նրա հարեւան երկրների միջեւ ավիափոխադրումների շուկաների փոխադարձ բացում: Խոսքը ուղևորատար, բեռնատար և փոստային փոխադրումների մասին է։
Ակնկալվում է, որ ընդհանուր ավիացիոն տարածքն Ուկրաինայի եւ Հայաստանի քաղաքացիների համար ավելի շատ հնարավորություններ կբացի դեպի Եվրամիություն թռչելու համար, ինչպես նաեւ կնպաստի ավիափոխադրումների շուկայում մրցակցությանը, ինչն արդյունքում կարող է նվազեցնել տոմսերի գները: