24.11.2024
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն համընկնում են. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում ամեն երրորդ քաղաքացին աղքատ է. փորձագետ

Երբ խոսում ենք աղքատության մասին, ապա պետք է հաշվի առնենք ոչ միայն եկամտային ցուցանիշները, այլ նաև ծառայություններից օգտվելու ու կյանքի որակը սահմանող բազմաթիվ այլ չափորոշիչները: Դրանց շարքին են դասվում բնակարանային պայմանները, առողջապահությունը, կրթությունը, աշխատանքը և այլն։ Եվ այս առումով ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանում պատկերը որևէ լավատեսություն չի ներշնչում: Այս մասին գրում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:


"Բազմաչափ աղքատության ցուցանիշներից ելնելով՝ Հայաստանի բնակչության մոտ 50%-ն ունի սոցիալական անվտանգության խնդիր: Ի դեպ, այս սեգմենտում հատկապես խոցելի են երեխաները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետազոտության համաձայն՝ Հայաստանում երեխաների 64% խոցելի է աղքատության 2 և ավելի չափելի դրսևորման ուղղությամբ: Գյուղական բնակավայրերում նման խոցելիությունը հասնում է 82%, մինչդեռ քաղաքային բնակավայրերում այն կազմում է 53%: Ազգային մակարդակում երեխաների միայն 12%֊ը չի կրում աղքատության տարբեր դրսևորումների ազդեցությունը:


Համադրելով տարբեր տվյալներ ու պահպանելով բազմաչափության սկզբունքը՝ կարող ենք փաստել, որ Հայաստանում ամեն երրորդ քաղաքացին աղքատ է: Այստեղ, իհարկե, ևս անհրաժեշտ է սեգմենտավորում անցկացնել՝ բաժանելով սոցիալապես անապահով բնակչությանը երեք շերտի՝ աղքատների, շատ աղքատների ու ծայրահեղ աղքատների:


Սակայն երեք շերտերում էլ մենք ունենք մի իրավիճակ, երբ մեկ մարդու միջին ամսական ծախսը էապես ցածր է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից:


Հայաստանում չկա և տեսանելի ապագայում չի լինի միջին խավ, իսկ աղքատների ու հարուստների միջև անջրպետը շարունակելու է մեծանալ:


Իհարկե, ելնելով 2018թ. ի վեր Հայաստանում հրամցվող "հպարտ" ու "երջանիկ" քաղաքացու կոնցեպտից՝ իշխանությունները պետք է պարբերաբար խոսեն աղքատության կրճատման մասին, սակայն պարզ է, որ այստեղ մենք հաճախ գործ ունենք զուտ պոպուլիստական֊մանիպուլյատիվ դիսկուրսի հետ:


Աղքատության կրճատումը պետք է լինի երկրի համալիր զարգացման ու մոդեռնիզացման արդյունք, այլ ոչ թե սահմանափակվի միայն Սոցապ նախարարության կողմից իրականացվող ծրագրերով: Նման ծրագրերը լավագույն դեպքում կարող են թույլ տալ աղքատներին ապահովել իրենց գոյատևումը, սակայն դրանք երբևէ չեն բերի սոցիալական մոբիլության բարձրացմանը, չեն խաղա սոցիալական լիֆտի դեր",- գրել է փորձագետը: