Համեստ հաշվարկները ցույց են տալիս, որ ընկերությունները, որոնք զբաղվում են ցորենի ներկրմամբ, վաճառում են ալյուրը կրկնապատիկ ավելի գնով, քան արժե ցորեն գնելը, ներմուծելը՝ ներառյալ տրանսպորտային ծախսերը, ալյուր ստանալը և այն մանրածախ խանութներում վաճառելը: Միայն 2014-ին երկու մենաշնորհային դիրք գրավող ընկերություններ ցորենի ներկրումից գրպանել են մոտ 110 մլն դոլար: Այդ մենաշնորհային բացառիկ շահույթը, որ նաև գանձվում է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող անձանցից և կազմում նրանց բյուջեի 10 տոկոսից ավելին, ամենայն հավանականությամբ, տարիների ընթացքում նշանակալիորեն նպաստել է Հայաստանում աղքատության աճին: Այս մասին գրում է «Առավոտը»՝ հղում անելով pfarmenia.wordpress.com կայքին:
Քանի որ Հայաստանում սպառվող ցորենի ավելի քան 2/3 ներմուծվում է, հացի գները մեծապես կախված են ցորենի ներմուծման շուկայի կառուցվածքից: Հայաստանում ցորենի շուկան աչքի է ընկնում բարձր կենտրոնացվածությամբ (ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողով (ՏՄՊՊՀ, 2011)): Երկու ընկերություններ՝ Ալեքս Գրիգը և Մանանա Գրեյնը, վերահսկում են շուկայի գրեթե 88 տոկոսը։ Այդ ընկերությունները ոչ միայն վերահսկում են ցորենի ներմուծումը, այլև ներմուծվող ցորենից ալյուրի արտադրությունը՝ այդպիսով նաև վերահսկելով ալյուրի շուկան: Նրանք էական դեր են խաղում հայկական շուկայում ցորենի և ցորենի ալյուրի գնանշման գործում:
Հետաքրքիր է նշել, որ բացի ցորենի և ալյուրի շուկաներից, Ալեքս Գրիգը վերահսկող դեր է կատարում (33-100 տոկոս մասնաբաժնով) նաև հետևյալ ապրանքատեսակների շուկաներում`շաքար, սպիրտ, կարագ, արևածաղկի ձեթ, բրինձ, մանկական հյութեր, մանկական խյուսեր, կրծքի կաթին փոխարինող մանկական սնունդ։
Ընդհանուր առմամբ տեղական գների տատանումները համապատասխանում են միջազգային գների տատանումներին։ Սակայն երկու կարևոր նկատառում կարելի է կատարել այս առումով:
Հայկական շուկաներում գներն արձագանքում են միջազգային գներին զգալի հետաձգումներով. Օրինակ, միջազգային ցորենի գները զգալի աճ են ապրել 2012 թ-ի հուլիսին (Միացյալ Նահանգների և Արևելյան Եվրոպայի անբարենպաստ եղանակի հետևանքով): Միջազգային գների այս կտրուկ աճն անմիջապես արտացոլվել է հայկական շուկայում, որտեղ ցորենի ալյուրի գինը սկսել է բարձրանալ 2012 թ-ի օգոստոսից։ Սկսած 2012 թ-ի դեկտեմբերից միջազգային գները դանդաղել են աճել և աստիճանաբար սկսել են իջնել: Սակայն Հայաստանում գները չեն հետևել այդ միտմանը, այլ շարունակել են աճել մինչև 2014 թ-ի հոկտեմբերը, երբ միջազգային գներն արդեն հասցրել էին ընկնել վերջին երկու տարիների իրենց ամենացածր մակարդակին: Եվ երբ միջազգային գներն իրենց ամենացածր մակարդակի վրա էին 2014թ-ի հոկտեմբերին, Հայաստանում արձանագրվել է ալյուրի ամենաբարձր գինը։
2012թ-ի դեկտեմբերից մինչև 2014թ-ի հոկտեմբերը միջազգային շուկայում ցորենի գները նվազել են 20 տոկոսով, մինչդեռ հայկական ցորենի ալյուրի գներն աճել են 10 տոկոսով: 2014 թ-ի նոյեմբերից Հայաստանում ալյուրի գները վերջապես սկսել են նվազել՝ հետևելով միջազգային գների ավելի կտրուկ անկմանը: 2014 թ-ի հոկտեմբերից մինչև 2015 թ-ի օգոստոսը միջազգային շուկայում ցորենի գները ընկել են 25 տոկոսով, իսկ Հայաստանում գները նվազել են միայն 15 տոկոսով:
Հայաստանյան շուկայի ներմուծողների մենաշնորհային ազդեցությունն աճել է վերջին տարիների ընթացքում. Հայաստանում ցորենի ալյուրի գների վրադիրը (наценка) միջազգային գների համեմատ զգալիորեն աճել է 2012 թ-ի ամռանից և բարձրակետին է հասել 2008-09թթ-ին դիտարկված ճգնաժամի ընթացքում։
Ալյուրի և հացի գները Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում . Չնայած սպառողական գնողունակության զգալի տարբերությանը, մանրածախ գները Հայաստանում շատ ավելի բարձր են, քան Ռուսաստանում և Ուկրաինայում (Հայաստանի գները գերազանցում են Ուկրաինական գները մոտ 3 անգամ):
Հաշվարկները ցույց են տալիս, որ ցորենի ներկրմամբ զբաղվող ընկերությունները ալյուրի վաճառքից գանձում են 93 տոկոսով ավելի բարձր գին, քան արժե ցորեն գնելը, ներմուծելը՝ ներառյալ տրանսպորտային ծախսերն ու հարկերը և ալյուր ստանալը։ Այսինքն՝ ալյուրը հայաստանյան շուկայում վաճառվում է ծախսերից գրեթե կրկնակի թանկ գնով։ Կախված ծրագրի ցիկլից (այսինքն, այն ժամանակահատվածից, որ ընկած է արտերկրում ցորենը գնելու և Հայաստանում մանրածախ վաճառքի համար վճարվելու միջև), այս վրադիրը կարող է տարեկան մի քանի հարյուր տոկոս օգուտի վերածվել՝ ներմուծողներին երաշխավորելով չտեսնված գերշահույթներ։ Հեղինակների գնահատմամբ, միայն 2014-ի ընթացքում մենաշնորհային դիրք գրավող երկու ընկերությունները ցորենի ներկրումից գրպանել են շուրջ 110 մլն դոլար (կամ գրեթե 50 մլրդ դրամ), որի մեջ ներառված չեն ծախսերը։ Սա նշանակում է լրացուցիչ ծախսեր Հայաստանի սպառողների վրա՝ 2000 – 2500 ՀՀ դրամ մեկ անձի համար մեկ ամսվա ընթացքում՝ հաշվի առնելով երկրում առկա բնակչության թիվը, ինչը զգալիորեն նպաստել է Հայաստանում աղքատության խորացմանը, որտեղ ծայրահեղ աղքատության նշաձողը գնահատվում է ամսական 23 384 դրամ մեկ չափահասի համար։
Փաստացի վրադիրը ամենայն հավանականությամբ շատ ավելի բարձր է, քան վերոհիշյալ հաշվարկների արձանագրած վերադիրը, հետևյալ պատճառներով.
• Քիչ հավանական է, որ մենաշնորհատերերը հարկերն ամբողջությամբ են վճարում, • Նրանք շահագրգռված չեն հետևելու որակի չափանիշներին (և դրանց կիրարկմանը) Հայաստանում են և, ըստ ամենայնի, ձեռք են բերում էժան հացահատիկ, • Հաշվի առնելով բեռնափոխադրումների ծավալը և հաճախականությունը՝ ամենայն հավանականությամբ նրանք վճարում են շատ ավելի քիչ, քան հաշվարկներում ներկայացված փոխադրումների միջին արժեքը։ Վերջապես, փաստացի մենաշնորհային շահույթը կարող է շատ ավելի բարձր լինել, քան վերը նշված հաշվարկներում, քանի որ, ի լրումն վերը նշված պատճառների, ներկրողներն ամենայն հավանականությամբ չեն հրապարակում ներմուծվող հացահատիկի ամբողջ ծավալը (այսինքն՝ շատ ավելին են ներկրում, քան ներկայացնում են)՝ հարկերի վճարումից խուսափելու նպատակով: