Ինչի՞ն են ուղղված հայ-իրանական գազային բանակցությունները

ՀՀ կառավարության ղեկավարը դիմել է Իրանի փոխնախագահին ՀՀ առաքվող գազի ծավալներն ավելացնելու առաջարկությամբ՝ հաշվի առնելով ռուսական գազի առաքման ժամանակավոր դադարը՝ վրացական հատվածում խողովակաշարի վթարի պատճառով:

Իրանական կողմն ընդունել է առաջարկությունը: Սակայն աչքի է զարնում այն հանգամանքը, որ ռուսական գազի առաքումը դադարեցվել էր հուլիսի տասին, սակայն Իրանական ազգային գազային ընկերության (NIGEC) ղեկավար Ալիռեզա Քամելին դեռևս հուլիսի չորսին հայտարարել էր, որ Իրանը նպատակ ունի երեք անգամ ավելացնել ՀՀ առաքվող գազի ծավալները: Թե ինչի համար է Հովիկ Աբրահամյանի զանգը, երբ իրանական կողմը փաստացի ընդունել էր որոշում՝ հարցը մնում է բաց:

Փորձագետները չեն բացառում, որ Աբրահամյանի զանգը իրանական կողմին ավելի շատ քաղաքական ժեստ էր կամ PR-քայլ: Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը VERELQ-ի հետ զրույցում այդ կապակցությամբ ասաց, որ անիմաստ է այդ զանգի մեջ փնտրել ցանկություն դիվերսիֆիկացնել ՀՀ առաքվող գազը, այլ խոսքով` դիտարկել իրանական ուղղությունն որպես այլընտրանք ռուսական ուղղությանը:

“Իհարկե նման խոսակցությունները պարբերաբար հայտնվում են տարբեր մակարդակներում՝ Իրանի ու ՀՀ-ի միջև էներգետիկ գործընկերության խորացման մասին պաշտոնական քննարկումների ժամանակ: Սակայն չպետք է մոռանալ, որ առավելագույնն, ինչ կարող է իրական գազամուղով առաքվել ՀՀ, կազմում է մոտ մեկ միլիարդ խմ գազ, այն պարագայում, երբ ՀՀ-ի կարիքները կազմում են տարեկան մոտ 2 – 2,2 միլիարդ խմ”, - նշեց նա:

Փորձագետը հիշեցրեց, որ այսօր տարեկան իրանական ուղղությամբ Հայաստան է առաքվում 500 միլիոն խմ գազ: Եվ անգամ ծավալների առավելագույն մեծացման դեպքում Իրան-ՀՀ գազամուղը ոչ մի կերպ չի կարող դառնալ իրական այլընտրանք: Սակայն այլ բան է քաղաքական այլընտրանքը, ավելի ճիշտ հռետորական: ՀՀ-ը 90-ականների կեսերից միշտ անհանգստություն է հայտնել Վրաստանի տարածքով անցնող Հյուսիսային գազամուղի շահագործման մակարդակի հետ կապված: Հաճախակի վթարները դարձել են այդ խողովակի համար սովորական երևույթներ:

ՀՀ-ի կողմից անհանսգտությունը հասավ իր գագաթնակետին, երբ 2010թ.-ին Վրաստանը այդ գազամուղը դուրս հանեց ռազմավարականների շարքից և հայտարարեց, թե այն ցանկանում է վաճառքի հանել բորսայում: Հատկանշական է, որ առաջինն այն գնելու ցանկություն հայտնեց ադրբեջանական SOCAR ընկերությունը:

Դավթյանի խոսքով, թեպետ SOCAR-ի կողմից այդ գազամուղը գնելու գործընթացը սառեցվել է, սակայն այդ դիրքորոշման առկայությունն արդեն իսկ որոշակի քաղաքական եզրակացությունների բերեց: Եվ դրանցից մեկը հանգում է նրան, որ ՌԴ-ը, հանդիսանալով ՀՀ գազի հիմնական մատակարար, պետք է առավելագույն ուշադրություն դարձնի վրացական հատվածի շահագործմանը: Փորձագետի խոսքով, ինչ վերաբերվում է Աբրահամյանի ու Ջահանգիրիի խոսակցության հակառուսական կոնտեքստին, ապա չպետք է մոռանալ Իրան-ՀՀ գազամուղը հանդիսանում է “Գազպրոմի” սեփականությունը և ցանկացած որոշում կապված դրա շահագործման հետ ընդունում է ռուսական կողմի մասնակցությամբ: Իրանն ինքն է հետաքրրքված դեպի ՀՀ գազի առաքման ծավալների մեծացմամբ, ելնելով ոչ միայն կոմերցիոն շահերից, այլ իր հյուսիսային շրջաններն էլեկտրաէներգիայով ապահովելու ցանկությամբ, ինչը տեղավորվում է գազամուղի աշխատանքի բարտերային տրամաբանության մեջ:

Իրանական գազն այս պահին առաքվում է Երևանին ՋԷԿ-ին և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկին և այնտեղ վերածվում է էլեկտրաէնեգիայի: ՀՀ գազի համար վճարում է մեկ խմ-ի համար երեք կիլովատ ժամ բանաձևով:

Դավթյանը նշել է, որ վրացական հատվածի առավելագույնս առանց վթարային մակարդակի հասցնելու պարագայում էլ, իրանական գազամուղի ծավալների մեծացումը մնում է ՀՀ-ի հարավային հարևանի համար առաջնային ուղղություն: Ինչ վերաբերում է վրացական հատվածում պարբերաբար վթարներին ու դրանց ազդեցությանը ՀՀ էներգետիկ անվտանգության վրա, ապա Աբովյանի գազապահեստարանը կարող է անխափան ապահովել ՀՀ բնակչությանը գազամատակարարումը երե-չորս ամիս շարունակ: “Գազպրոմ Արմենիան” համակարգային աշխատանք է տանում այդ պահեստարանի հզորությունը մեծացնելու ուղղությամբ:

“Իսկ հանդիսանո՞ւմ է արդյոք զանգը ներքաղաքական ակցիա` հնարավոր է, քանի որ առջևում ՀՀ-ում քաղաքական պայքար է, իսկ քաղաքական տեխնոլոգիաներն ոչ ոք չի չեղարկել”, - ամփոփեց փորձագետը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...