VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընտրություններից առաջ, շատերի պես, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ է անում քայլեր, որպեսզի հնարավոր իշխանափոխությունից հետո իրեն ապահովագրի։ Պատմում են, որ նա 3 մասի է «կիսվել», ավելի ճիշտ՝ նրա շրջապատը երեք ճակատի է բաժանվել։ Մեկին ուղղորդել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին աջակցելու, մյուսին՝ Սերժ Սարգսյանի եւ Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ին, երրորդ ճակատում էլ աշխատում են Նիկոլ Փաշինյանի ու գործող իշխանության օգտին։ Այս թեւում հատկապես ակտիվ է ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը։ Քաշաթաղի նախկին ղեկավար Ռուսլան Խաչատրյանն էլ ընդդիմադիր թեւերից մեկի հետ կապն է համակարգում, թե որ մեկի՝ չհաջողվեց պարզել։ Իսկ թե ինչպես է դրսեւորվում ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունը, ասացին՝ «տեղահանված արցախցիներին «խրախուսում» են, որ նրանք էլ իրենց բարեկամների ու ծանոթների մոտ ընդդիմության լոբբինգն անեն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների մի խումբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ օրերս մեկնել է Մոսկվա և այնտեղ հանդիպումներ ունեցել: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք զոհվածի եղբայր, անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյանին: Նա հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ իրենք Մոսկվայում մի շարք հանդիպումներ են ունեցել, իսկ թե կոնկրետ ում հետ, հրապարակելը նպատակահարմար չհամարեց: «Արա Աբրահամյանը մեզ խոստացել էր հանդիպումներ կազմակերպել, ինչն իրականացրեց: Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք ինչպես մեր գերեվարված զինվորներին վերաբերող, այնպես էլ մի շարք այլ հարցեր: Նպատակը մեկն է՝ պետք է ճանապարհ գտնել տուն վերադարձնելու այն գերիներին, որոնց տվյալները հաստատված են, պետք է պրոցեսներն արագացնել: Այս հարցում տարբեր ուղղություններով մեզ խոստացել են օգնել: Բոլոր հանդիպումներին ծնողներն անձամբ են մասնակցել»,-եզրափակում է Արսեն Ղուկասյանը՝ նշելով, որ այցի կազմակերպման, այդ թվում՝ կեցության բոլոր ծախսերը հոգացել է Արա Աբրահամյանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 15-ին Սլավոնական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Թեման վերաբերել է ռազմական իրավունքին, ավելի կոնկրետ՝ «ռազմական հանցագործությունները՝ միջազգային իրավունքի տեսակետից» թեմայի շրջանակում է եղել։ Ատենախոսությունը գրվել, և պաշտպանությունը կայացել է ռուսերենով, գիտական ղեկավարը և ընդդիմախոսները ռուս մասնագետներ են եղել։ Ներկաներից մեկը նշեց, որ անցել է փայլուն՝ հիացական կարծիքներ են հնչել․ ի դեպ, ուժային ղեկավարներից Գրիգորյանը միակն է, որն անվերապահ չի կատարում Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգները, իսկ վերջին շրջանում լուրեր տարածվեցին, թե նա դիմում է գրել, որ հեռանա, սակայն հարցի լուծումը հետաձգել են ընտրություններից հետո»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանով մեկ վարչական ռեսուրսին հրահանգ է իջեցված, որ ՔՊ-ի ընտրողները հուլիսի 20-ին իրենց քվեարկությունն իրականացնեն մինչեւ ժամը 12-ը: Դրանից հետո նիկոլականները, ըստ շրջանառվող խոսակցությունների, սադրանքներ են կազմակերպելու, մեծ դեբոշ, որի ընթացքում այնպիսի իրադարձություններ կլինեն, որ մարդիկ կվախենան ու այլեւս դուրս չեն գա տներից: «Եթե այս տարբերակով մասնակցությունը ցածր լինի, Փաշինյանի հաղթանակն անվիճելի է»,- ասաց վարչական ռեսուրսի ներկայացուցիչը, որը նաեւ հանգստացրեց․ «Մինչեւ հիմա իրենց ո՞ր ծրագիրն է հաջողվել, որ սա հաջողվի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս օրերին քննարկել է նաեւ այն հարցը, որ պետք է ամեն ինչ անել կրթական համակարգի կարկառուն ներկայացուցիչներին եւ մտավորականներին համոզել իրենց ընտրելու համար: Բանն այն է, որ իշխանությունը շատ լավ տեղյակ է, որ համալսարանների դասախոսական անձնակազմը, գիտական, կրթական համակարգը իրենց դեմ է, ու իրենք շանսեր չունեն այդ հատվածից ձայներ հավաքելու համար: Մտավորականների մեծ մասն էլ կտրականապես մերժել են իշխանության հետ որեւէ հաշտության եզրեր գտնել, նրանց կողքին լինել կամ ընդհանրապես ձայն տալ նրանց թիմին: Ու այս ամենը շատ լավ գիտակցելով՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս ընթացքում փորձում են նրանց հետ փակ հանդիպումներ, քննարկումներ ունենալ, համոզել իրենց կողքին լինել: Ի դեպ, դպրոցներում, տարբեր քոլեջներում եւս իշխանությունները խնդիրներ ունեն անձնակազմների հետ, նրանք եւս դեմ են արտահայտվում իշխանություններին: Թիմում քննարկվել է նաեւ, որ կրթական համակարգում համերաշխություն չունենալու, իշխանությանը չվստահելու թիվ մեկ պատասխանատուն ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն է, որը բոլորի հետ սրել է հարաբերությունները ու այդ համակարգը դարձրել է այլեւս անկառավարելի: Դժգոհության մեծ մասն էլ բաժին է հասնում փոխնախարար Ժաննա Անդրեասյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ ՀՀ-ում նախընտրական քարոզարշավ է, եւ բոլորը խառն են այդ հանգամանքով, տեղի են ունենում կառավարության նիստեր, եւ նաեւ կարեւոր որոշումներ կայացվում այս իշխանությունների կողմից։ Օրինակ՝ այսօր կայանալիք նիստում որոշումներից մեկով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։ Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է վերացնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը, ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական եւ վարչական պալատներ։ Նշվում է, որ մինչեւ քաղաքացիական եւ վարչական պալատների ձեւավորումը վճռաբեկության կարգով քաղաքացիական եւ վարչական գործերի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի կողմից: Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Իսկ իրականում ԲԴԽ նախագահի ինքնաբուխ ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հաղթարշավը գաղտնի, սուսուփուս քանդում է երրորդ իշխանությունը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շատերին հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը, թե ինչպես Գյումրիից քայլելով հասավ Երևան ու իշխանություն վերցրեց, ինչպես նախկինների մերժման լոզունգը թեժ պահեց 3 տարի, թե ինչպես կարողացավ քանդել բոլոր պետական ինստիտուտները և դա ներկայացնել որպես բարեփոխում, թե ինչպես երկիրը տարավ պարտության և այսքան կորուստներից հետո հասարակության որոշ հատվածի ներշնչեց, որ այդ պարտության մեղավորը նախկիններն են։ Թե ինչպես է կարողանում այս պարտությունից ու ցավալի կորուստներից հետո մնալ երկրի ղեկին, ավելին՝ շրջել երկրով մեկ, հոխորտալ ու սպառնալ, միաժամանակ վստահորեն պնդել, որ վերարտադրվելու է։ Իրոք սա ֆենոմենալ, պատմության մեջ չկրկնվող տեսակ է, որը հարկավոր է ուսումնասիրել։ Բայց այս կերպարը ճանաչելու համար հարկավոր է մի քանի նրբություն հաշվի առնել։ Այն, որ նա ո՛չ հիմար է և ո՛չ էլ գիժ։ Կարող է, իհարկե, եթե իր շահերից է բխում, և՛ հիմար ձևանալ, և՛ գիժ, բայց նա արթուն միտք ունի և օձի խելք ու դրանք անշեղորեն ծառայեցնում է իրեն ու օգտագործում իր հակառակորդների դեմ։ Նա նաև համառ է և, ամենակարևորը՝ «ինադի» մեծ վարպետ է։ Նա Սահմանադրական դատարանի նախագահի ինադու ՍԴ-ի դեմ եռամյա պայքար ծավալեց ու հսկայական ռեսուրսներ վատնեց, իր համար օտար կառավարման ապարատի ինադու կառուցվածքային բարեփոխումներ արեց և ամբողջ նախարարություններ վերացրեց։ Իրեն չենթարկվող դատավորների ինադու՝ ԲԴԽ նախագահ ու Դատական օրենսգիրք փոխեց, կաթողիկոսի ինադու՝ եկեղեցու դեմ շարժում սկսեց, բուհերի ինադու՝ Բարձրագույն կրթության խայտառակ օրենք ընդունեց, լրագրողների ինադու՝ խաղային բիզնեսի գովազդն արգելեց։ Սյունեցիների ինադու՝ Սյունիք գնաց, Ռոբերտ Քոչարյանի ինադու՝ խայտառակ քարոզարշավ արեց և մուրճը ձեռքն առավ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առնվազն ընտրությունների հայտարարման պահից, մերձկրեմլյան շրջանակների պատվերով, հեղինակավոր ռուսական ընկերության մասնագետներ քաղաքական հարցումներ են իրականացնում Հայաստանում, ինչը չի հրապարակվում եւ հանդիսանում է առավելապես ներքին օգտագործման փաստաթուղթ: Սակայն մեզ հայտնի են դարձել որոշ նախնական դիտարկումներ: Նախ, ի զարմանս ռուս մասնագետների՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ էլ հարցվողների մեկ երրորդը չի կողմնորոշվել կամ խուսափում է հստակ պատասխան տալ, ինչն էլ իր հերթին բարդացնում է ընտրությունների ելքի կանխատեսումը եւ մեծացնում անակնկալների հավանականությունը: Մյուս միտումը, որ արձանագրել են ռուսաստանյան մասնագետները, այն է, որ երկու առաջատարները մրցապայքարի վերջին հատվածում մոբիլիզացնում են ոչ միայն իրենց ընտրազանգվածը, այլեւ իրենց դաշնակից համարվող ուժերի ընտրազանգվածը, որի արդյունքում երրորդ եւ միակ անցողիկ ուժը կարող է դառնալ երկու լիդերների ուղղակի սատելլիտ չհամարվող «Լուսավոր Հայաստանը»` բավականին տպավորիչ արդյունքով: Համաձայն այդ ուսումնասիրությունների` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հավանական ընտրողների դեմոգրաֆիական հատկանիշները վերլուծելիս պարզ է դառնում, որ վարկանիշային աճն ապահովում են 18-35 տարեկան հարցվածների խումբը, որը, որպես իր ընտրության հիմնական պատճառ, նշում է խաղաղության եւ համերաշխության մթնոլորտի հաստատումը ընտրություններից հետո, ինչի մասին առավելապես խոստանում է հենց այս կուսակցությունը։ Այլ տարիքային խմբերում (35-50, 50 եւ ավելի) եւս կա որոշակի աճ, որը, սակայն, այդքան զգալի չէ, ինչպես վերոնշյալ տարիքային խմբում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քիչ չեն կանխատեսումները, որ կարող է նաև ընտրությունների երկրորդ փուլ լինել: Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ, թե ո՞ր դեպքում է երկրորդ փուլ նախատեսվում, ո՞ր ուժերն են մասնակցում երկրորդ փուլին, և այդ դեպքում ի՞նչ է սպասվում այն ուժերին, որոնք ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ տեղում են, բայց առաջին փուլում հաղթահարել են անցողիկ շեմը: Գոհար Մելոյանը նշեց, որ Սահմանադրության համատեքստում Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը նախատեսում է հետևյալը. «Նախ՝ եթե որևէ ուժ ստանում է ԿԸՀ-ը կողմից բաշխած մանդատների բացարձակ մեծամասնությունը, երկրորդ փուլ չի անցկացվում: Երկրորդ փուլ չի անցկացվում նաև այն դեպքում, երբ առավելագույնը երեք ուժ կոալիցիա են կազմում և այդ կոալիցիան բացարձակ մեծամասնություն է ստանում: Այս դեպքերում երկրորդ փուլի անհրաժեշտություն չի լինում: Իսկ եթե ԱԺ 8-րդ գումարման ընտրություններին մասնակցող ուժերից որևէ մեկին չի հաջողվում վերցնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից բաշխված մանդատների բացարձակ մեծամասնությունը, այդ դեպքում անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ: Երկրորդ փուլ է անցկացվում նաև այն դեպքում, երբ բաշխված մանդատների բացարձակ մեծամասնությունը չի հաջողվում վերցնել նաև երեք ուժերի կոալիցիա կազմելու դեպքում»: Գոհար Մելոյանը շեշտեց, որ ընտրությունների երկրորդ փուլն անցկացվում է երկու առավելագույն ձայներ հավաքած ուժերի միջև:«Հնարավոր է երկրորդ փուլ անցկացվի առաջին և երրորդ տեղերում գտնվող ուժերի միջև, եթե, օրինակ՝ առաջին և երկրորդ ուժերը կոալիցիա են կազմում: Բնականաբար, սա քիչ հավանական է, որովհետև այս պահի դրությամբ, ըստ սոցհարցումների, առաջին և երկրորդ տեղում գտնվելու հավանական հնարավարություններ ունեն «Հայաստան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և հիմնական պայքարը նրանց միջև է լինելու»,-նկատեց մեր զրուցակիցը: Նա հավելեց, որ նվազագույն շեմը հաղթահարած բոլոր ուժերը, որոնք մասնակցել են առաջին փուլով, ստանում են իրենց մանդատները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ չքվեարկված թերթիկները տեղամասերից դուրս հանելու վտանգ չկա, նման բան չի կարող լինել: Ինչո՞ւ: «Որովհետեւ դուրս հանելու ժամանակ, եթե պարզվեց, որ դուրս է հանում՝ վերահսկողության նպատակով, դա քրեական հանցագործություն է: Մենք 300 հազար տպաքանակով քվեարկության կարգի մասին թերթիկներ ենք տպագրել, ամբողջ երկրով մեկ տարածել ենք, որ դրանք տեղամասից դուրս չեք հանում, ավարտեցիք՝ գցում եք արկղի մեջ, դա է քվեարկության կարգը»,- ասում է Մուկուչյանը: Իսկ օրենքում կա՞ դրույթ, որով ուղղակի արգելվի չքվեարկված քվեաթերթիկը տեղամասից դուրս հանելը, կարծես նման կետ չկա: «Ճիշտ եք ասում, բայց արգելվում է այնքանով, որ եթե հանում է՝ իր քվեն բացահայտելու նպատակով, դա արդեն հանցագործություն է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մնացել է երկու օր: Անցած տասն օրերին իշխանությունները պարզապես զբաղված են եղել միմիայն հնարավոր բոլոր մեթոդներով իրական ընդդիմադիր կուսակցություններին վարկաբեկելու փորձերով։ Մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, հասկանալով, որ բոլոր սոցհարցումներով և փորձագիտական գնահատականներով իրենց վարկանիշը զգալիորեն անկում է ապրում և փաստացի վերընտրվելու ոչ մի շանս չունեն, փորձում են կիրառել բացառապես հակաքարոզչության տակտիկան։ Վերջին մի քանի օրերին իշխանությունն իրեն սպասարկող հարթակներով ժամանակ առ ժամանակ «տեղեկություններ» է շրջանառում, թե իբր ֆավորիտ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների կողմից ընտրակաշառք է բաժանվում, ավելին՝ հրապարակվում են մեկ քվեի համար «խոստացվող» աստղաբաշխական թվերի մասին։ Ի դեպ, բոլոր այդ «լուրերը» դաշտ են նետվում «օդում կախված տեղեկություններով», «այն օրը խոսում էին», «հորեղբորս աղջկա տեգոր կնոջ սկեսուրի հարևանի շունը պատմում էր», «ես չեմ տեսել, բայց լսել եմ» մակարդակի վրա, առանց որևէ փաստի։ Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ իրավապահները մեծամասամաբ հրաժարվում են այդ թեմայով գործեր «կարել», այսինքն, մարդիկ գտնել, որոնք «կխոստովանեն», որ ընտրակաշառք են տվել կամ ստացել: Սակայն այդ ուղղությամբ իշխանությունների աշխատանքները շարունակվում են, և չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերին, հատկապես ընտրության օրը նման շոուներ սարքեն: Այս հարցում իշխանության «թելը թելում են» հիմնականում ՀԱԿ հատուկենտ ներկայացուցիչները, այսպես կոչված, սորոսականներն ու արևմտյան ֆինանսավորում ունեցող ու արտահերթին մասնակցող որոշ «միավորներ»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Արտաքին պարտքը շարունակում է աճել, ինչի մասին վկայում են թե՛ ընթացիկ տարվա ամիսների, թե՛ վերջին գրեթե 3 տարվա վիճակագրական ու պաշտոնական տվյալները: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ պետական պարտքն ավելացել է ավելի քան 2 մլրդ դոլարով որով ամբողջությամբ ընթացիկ ծախսեր են սպասարկվել: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասել է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը: «Կապիտալ որևէ ծախս ՀՀ-ում չի կատարվել: Սա հանցագործություն է: Պարգևավճարների, ինչպես նաև ընթացիկ ծախսեր սպասարկելու համար պարտք ներգրավելը հանցագործություն է: Մինչդեռ պարտքը բացառապես կապիտալ բնույթի ծախսերի, հետագայում տնտեսական պոտենցիալի ուժեղացման կամ ամրապնդման համար են ներգրավում: Արտաքին պարտքի վտանգավորության աստիճանը կախված է ոչ թե պարտքի չափից, այլ ծախսման ուղղություններից: Իհարկե, չափն էլ է վտանգավոր, բայց մեծ վտանգն ուղղությունների մեջ է»,-շեշտել է Ն. Սարգսյանը: Աուդիտորների պալատի նախագահը նաև ասում է, որ պետք է համբերել ևս 4 օր ու հրաժեշտ տալ այս չարիքին, որից հետո նոր կառավարության առաջ նոր մարտահրավեր ու նոր մարտավարություն պետք է դնել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 25 մլրդ 465 մլն 300 դրամ: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 13 տոկոսով պակասել է: Այս թվերն ապացուցում են այն, որ Հայաստանում ավտոմեքենայի առեւտուրը, ինչպես ասում են, կանգնած է, ինչի հետեւանքով ծանր դրության մեջ են հայտնվել մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրած քաղաքացիները։ Փոխարենը Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավելացել է առեւտրի շրջանառությունը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. աճը կազմել է 4.8 տոկոս: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-ապրիլին մանրածախ առեւտրի շրջանառությունը թեկուզ չնչին, բայց աճել է՝ կազմելով 0.8 տոկոս: Իսկ, ահա, մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 4 ամիսներին ավելացել է 9.7 տոկոսով: