Կկարողանա՞ Անկարան դառնալ թուրքալեզու պետությունների ձգողական առանցքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում և Աստանայում հանդիպել է այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Էրդողանն ու Նազարբաևը բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունները՝ դրանք որակելով որպես եղբայրական: Թուրք-ղազախական հարաբերություններում նոր էջ բացվել 2009թ.-ին, երբ Նազարբաևի Անկարա կատարած այցի ընթացքում Թուրքիայի և Ղազախստանի միջև ստորագրվեց ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը:
Քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ և համագործակցություն է հաստատվել տարբեր միջազգային հարթակներում՝ ՄԱԿ, Թյուրքախոս երկրների կազմակերպություն, ԵԱՀԿ-ը և այլն: Նշենք, որ վերջերս թուրքական Բոդրում քաղաքում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները: Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել դեռևս 2011թ.-ին՝ Ալմա-Աթայում: Խորհրդի քարտուղարությունը գտնվում է Ստամբուլում: Կազմակերպության շրջանակներում գործում է նաև Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը՝ TurkPa, որի կենտրոնատեղին Բաքվում է, Թյուրքալեզու խորհրդի ակադեմիան՝ Աստանայում և Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը՝ Անկարայում:
Ղազախստանում այս պահին գործում է թուրքական կապիտալով ավելի քան 1600 ընկերություն, թուրքական ներդրումներով իրականացվում է 1.5 միլիարդ դոլարի հասնող նախագծեր, իսկ երկկողմ ապրանքաշրջանառությունը, Նազարբաևի գնահատականներով, նախորդ տարի հասել է 3.5 միլիարդ դոլարի: Կողմերը պայմանավորվել են մոտակա տարիների ընթացքում այդ ցուցանիշը հասցնել 10 միլիարդ դոլարի: Թուրքիան և Ղազախստանը այսօր ստորագրել են 19 կոմերցիոն պայմանագիր, որոնց ընդհանուր թիվը գնահատվում է 800 միլիոն դոլարի սահմաններում:
Ղազախստանի նախագահը, որպես ԵՏՄ-ի լիիրավ անդամ-երկրի առաջնորդ, հրավիրել է Թուրքիային ավելի ակտիվ տնտեսական կապեր հաստատել եվրասիական շուկայի հետ ու իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարին: Ղազախստանը հետաքրքրված է դեպի Արևմուտք էներգետիկ-տրանսպորտային նախագծերի իրականացմամբ, ինչը հնարավորություն կտա այդ երկրին դառնալ տարանցիկ միջանցք Չինաստանի և Թուրքիայի ու ԵՄ-ի միջև: Այդ առումով թուրք-ղազախական էներգետիկ-տրանսպորտային նախագծերի կյանքի կոչման համար անհրաժեշտ է Ադրբեջանը, որպես պատուհան դեպի Կենտրոնական Ասիա: Աստանան և Անկարան օգտագործելու են ադրբեջանական պլացդարմը Կասպյան-Սև ծովյան ավազանում նոր միջանցքներ ձևավորելու համար:
Էրդողանն ու Նազարբաևը խոսել են ղազախական երկաթգիծը Կարս-Ախալքալաքի-Թբիլիսի-Բաքու երկաթգծին միացնելու հնարավորության մասին, ինչը տարածաշրջանում նոր լոգիստիկա է ստեղծում: Այդ նպատակով Ղազախստանը արդիականացնում է Կասպից ծովի ափին գտնվող Աթքաու նավահանգիստը, իսկ Բաքվի մոտակայքում կառուցվում է Ալյաթ նավահանգիստը, որը կապված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն:
Թուրքիան բավականին խանդոտ է մոտենում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը Կենտրոնական Ասիայում և մասնավորապես թյուրքախոս Ղազախստանի և Ղրղզստանի ԵՏՄ-ին անդամակցելուն: Այդ երկրները նաև ՀԱՊԿ-ի անդամ են: Անկարան փորձում է, օգտագործելով փոքր եղբայր Ադրբեջանին, նվազեցնել Ղազախստանի կախվածությունը Ռուսաստանից և դիվերսիֆիկացնել այդ երկրի էներգետիկ-տրանսպորտային ուղիները՝ դրանք ուղղելով իր տարածքով դեպի Եվրոպա: Արևմուտքի՝ Ռուսաստանը շրջափակելու և ռուսական ազդեցության գոտում գտնվող երկրները Մոսկվայից կտրելու ռազմավարության շրջանակներում այդ առումով ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը համընկնում են:
Պետք է նշել, որ թուրք-ադրբեջանական տանդեմի իրականացված բոլոր նախագծերը շրջանցնում են Հայաստանը՝ մեկուսացնելով երկիրը Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրերից: Թուրքիան soft power է գործածում Ղազախստանում՝ տնտեսական ներթափանցման, ներդրումների, ինչպես նաև թյուրքական գործոնի (լեզու, կրոն, մշակույթ) վրա հենվելով:
Ինչ վերաբերվում է Ղազախստանին, ապա այն միշտ էլ կարևորել է արտաքին քաղաքականության թյուրքական ուղենիշը և փորձում է ցույց տալ Մոսկվային, որ կարող է հենվել 77 միլիոնանոց, տնտեսական զգալի պոտենցիալ, աշխարհագրական նպաստավոր դիրք ունեցող և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի վրա: Ղազախստանը իր էներգետիկ ռեսուրսները դեպի Արևմուտք առաքելու համար արդեն իսկ օգտագործում է Բաքվի նավահանգիստը, իսկ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շահագործումից հետո այդ ուղղությամբ հոսքերը միայն կավելանան:
Բացի այդ, Ղազախստանը փորձում է տարանցիկ կարևոր երկիր դառնալ Չինաստանի համար դեպի Կասպից ծով և Հարավային Կովկաս: Պատահական չէ, որ այս պահին ակտիվացել է «Silk Wind» ծրագրի շրջանակներում «Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա» ուղղությամբ նոր տրանսպորտային ուղու կյանքի կոչման խոսակցությունները: «Silk Wind» նախագիծը թույլ կտա Չինաստանից դեպի Եվրոպա արտահանվող ապրանքների տեղափոխման ժամկետները 35 օրից կրճատել մինչև 12-14 օր: Տարեկան նախատեսվում է Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ արտահանել մինչև 10 միլիոն տոննա ապրանք: Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքիան և Վրաստանը «Silk Wind» նախագծի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել են դեռևս 2012թ.-ին: