Սա փաստարկների հավաքածու է Հայաստանում հակառուսական տրամադրություններ բորբոքելու համար։ Իրականում Ռուսաստանի վիճակը մի փոքր երկակի էր այս ամբողջ պատմության մեջ: Մի կողմից Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ հաստատելու ձգտում կա։ Ընդ որում, Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ է։
Այս մասին «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով հակառուսական հայտարարություններն այն մասին, թե Մոսկվային ձեռնտու էր Արցախի պատերազմը։
Հենց դա էլ, ըստ նրա, զգայունություն էր տալիս Ռուսաստանի դերին այս ամբողջ պատմության մեջ. մի կողմից՝ նա միջնորդ է, մյուս կողմից՝ պատերազմ է սկսվել, և պատերազմող կողմերից մեկը ռազմաքաղաքական դաշնակիցն է։ Իսկ դա բարդ իրավիճակ է, և առանց վնասելու դժվար է դուրս գալ։
«Մենք արդեն տեսնում ենք, որ դա ինչ-որ փաստարկներ է տալիս այն ուժերին Հայաստանում և Հայաստանից դուրս, որոնք շահագրգռված են Հայաստանի ներսում Ռուսաստանի հետ նման հարաբերությունների սրմամբ։ Այդ իրավիճակի պարամետրերը որոշակի հիմք են տալիս նման շահարկումների համար», - նշել է Քոչարյանը։
Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե կարելի էր նույնիսկ լսել ու կարդալ, որ Ռուսաստանը պետք է Հայաստանի համար պատերազմեր Արցախում, նախկին նախագահը նշեց, որ «դա բարդ իրավիճակ է»: Հայաստանում, ըստ նրա, սպասումներ կային, թե ինչպես է դա այդպես, մենք, այնուամենայնիվ, ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք, իսկ Ռուսաստանն այժմ որոշակի չեզոքություն է ցուցաբերում:
«Ռուսաստանն ինչ-որ չափով, անկասկած, օգնել է, բայց դա սահմանափակվել է իրավիճակի պարամետրերով։ Եվ հետո, Ռուսաստանի ներգրավվածությունն այդ գործընթացին կհանգեցնի Թուրքիայի ավելի ակտիվ ներգրավմանը։ Հետեւանքները կարող են լինել անկանխատեսելի: Ես՝ որպես հայ, կցանկանայի, որ Ռուսաստանն ավելի շատ շեշտը դներ իր դաշնակցային պարտավորությունների կատարման վրա։ Բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում էր ամեն ինչ անել, որպեսզի արագ կանգնեցնի հակամարտությունը, որպեսզի դուրս գա այդ անհարմար ձևաչափից, որը ստեղծվել է այդ պատերազմի արդյունքում», - ասել է նա։
Ընդ որում, Քոչարյանը խոստովանել է, որ դա չի ստացվել, բայց այն պատճառով, որ հայկական կողմը հրաժարվել է:
«Ռուսաստանի նախագահն իր առաջարկն արել է հոկտեմբերի 19-ին, եթե չեմ սխալվում։ Որքան ես գիտեմ, դա կարելի էր անել (դադարեցնել թեժ փուլը— խմբ.) ռազմական գործողությունների սկսման առաջին շաբաթվա ընթացքում։ Ռուսաստանն առաջարկ է արել, հայկական կողմը հետևողականորեն այդ գործընթացը մտցրել է փակուղի։ Հայկական իշխանությունները իրավիճակը հանգեցրին պատերազմի և Ռուսաստանին այնպիսի անհարմար վիճակի մեջ դրեցին՝ որպես միջնորդ, և ինչպես մյուս կողմից՝ ռազմաքաղաքական դաշնակցի։ Այս իրավիճակում Ռուսաստանի շահերից էր բխում ամեն ինչ արագ կանգնեցնել։ Որքանով ես գիտեմ, Ռուսաստանը փորձել է դա անել ռազմական գործողությունների մեկնարկի առաջին իսկ օրվանից։ Դա պարզապես խայտառակություն է, երբ դու հաստատ գիտես, որ տանուլ ես տալիս այս տեսակետից, և հետևանքները կարող են շատ ավելի վատը լինել, եւ, ընդ որում, հրաժարվում ես ընդունել առաջարկը միայն այն պատճառով, որ քեզ չմեղադրեն դավաճանության մեջ: Դրա համար մենք հսկայական գին ենք վճարել՝ և մարդկանց կյանքով, և կորցրած տարածքներով»։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այս իրավիճակը կօգտագործեն այն ուժերը, որոնք շահագրգռված են Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացմամբ: Նրանք դա շահարկելու են, բայց իրական պատմությունը բոլորովին այլ է:
«Սա պատմություն է Հայաստանում անպատասխանատու իշխանության մասին, որն արել է ամեն ինչ, որպեսզի պատերազմն անխուսափելի լինի, և որն արել է ամեն ինչ, որպեսզի մենք այս պատերազմում տանուլ տանք հնարավորինս մեծ կորուստներով, ինչպես մարդկային, այնպես էլ տարածքային: Իրականում դա այն է, ինչ կա»,- եզրափակեց նա։