Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր: Այս մասին հայտնում է Նյու Յորքի օպերայի պաշտոնական կայքը:
Մաեստրո Օրբելյանի մասնակցությամբ առաջին օպերան՝ նոր շունչ ստացած «Ռիգոլետտո»-ն կցուցադրվի օգոստոսի 29-ին:
«Շատ ուրախ ենք՝ ողջունելու աշխարհահռչակ մաեստրո Կոնստանտին Օրբելյանին Նյու Յորքի քաղաքային օպերայի ընտանիք: Նա իր հետ բերում է դիրիժորության իր տասնամյակների փորձառությունը և ապագայում մեզ ու մեր հանդիսատեսին կառաջարկի շատ բարձր մակարդակի ներկայացումներ»,- նշել է օպերայի տնօրեն Մայքլ Կապասոն՝ համոզմունք հայտնելով, որ հայ մաեստրոն իր դերակատարումը կունենա Նյու Յորքի օպերան ամերիկյան ու միջազգային օպերային արվեստում նոր բարձունքների հասցնելու գործում:
Օրբելյանն ընդգծել է, որ սիրով է համաձայնել նշանակվել Նյու Յորքի օպերայի երաժշտական տնօրենի ու դիրիժորի պաշտոնում:
«Սա լավ հնարավորություն է՝ օգնելու այս պատմական ու մշակութային տեսանկյունից կարևոր երաժշտական հաստատությունը վերադառնալ կյանք՝ կորոնավիրուսի մարտահրավերներով լի ժամանակներից հետո: Մենք հնարավորություն կընձեռենք օպերայի սիրահարներին լսել ԱՄՆ և ողջ աշխարհի ամենալավ երգիչներին: Հավատարիմ մնալով Նյու Յորքի քաղաքային օպերայի ավանդույթներին, մենք ժամանակակից կոմպոզիտորներին կտրամադրենք հարթակ, որտեղ նրանք կներկայացնեն իրենց աշխատանքները»,- ասել է Օրբելյանը, փոխանցում է Armenpress-ը:
VERELQ-ը հիշեցնում է, որ Մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանն Օրբելյանին ազատել էր Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Ավելի ուշ դատարանը բավարարեց Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախարարի: Օրբելյանը պահանջում էր Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրամանն» անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարել: 2020 թվականի փետրվարի 2-ից նա վերականգնվել էր Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում: