22.11.2024
Վահագն Ալեքսանյանը հեռակա «ռազբորկաներ» է արել Քոչարյանի հետ Աննա Գրիգորյանի միջոցով
prev Նախորդ նորություն

Պաշտոնական առաջարկ չի եղել. Քոչարյանն անդրադարձել է «Մեղրին տալու» հայտնի թեզին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Երևանի Էրեբունի համայնքի քաղաքացիների հետ: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է «Մեղրին տալու» հայտնի թեզին, որը շրջանառվում է տարիներ շարունակ։


«Մեղրիի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնական առաջարկ չի եղել ընդհանրապես»,- ասել է նա։


Քոչարյանը նշել է, որ իր նախագահության ժամանակ ստացել է երեք առաջարկ․ մեկը եղել է ընդհանուր պետություն ստեղծելու մասին, մեկը՝ Քի Վեստի գործընթացը, երբ Հեյդար Ալիևը վերջին պահին չստորագրեց, և վերջինը, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներն էին։ Նա կրկնեց՝ պաշտոնական այլ առաջարկ չի եղել։

«Մեղրիի փոխանակման առաջարկը եղել է Ալիևի կողմից։ Այդ պատճառով ես հիմա շատ զգույշ եմ վերաբերում միջանցք բառին, որովհետև նրանց նպատակը շատ ավելի լայն է, քան այն, ինչ առաջին հայացքից կարող է թվալ։ Առաջարկը եղել է Ալիևի կողմից, բայց պաշտոնական ձևակերպում չի ստացել, որովհետև մեր պատասխանը եղել է հետևյալը․ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Սա շատ հասկանալի ու համոզիչ պատասխան էր։ Սակայն նա, այնուամենայնիվ, միջնորդների միջոցով փորձում էր առաջ տանել այդ գաղափարը, բայց Մինսկի խմբի շրջանակներում սա քննարկման առարկա չի դարձել»,- նշել է Քոչարյանը։

Նախկին նախագահը նշել է, որ Մեղրիի հարցը հիմա փորձում են կապել հոկտեմբերի 27-ի հետ, իբր Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիճյանը դրան կտրուկ դեմ էին։


«Անվտանգության խորհրդի նիստին այս հարցը երբեք չի քննարկվել։ Եթե նրանք դեմ էին, թվում է, թե նրանցից հետո այդ առաջարկը պետք է իրականություն դառնար։ Բայց այն ընդհանրապես կորավ։ Որևէ տրամաբանություն այստեղ չկա»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը։