25.11.2024
Գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Մոսկվայում կայացել են «բավական բովանդակալից» բանակցություններ. Արսեն Թորոսյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն Ազգաին ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվայում ՌԴ-ի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ կայացել են «բավական բովանդակալից» բանակցություններ:


Նա հերքեց լրատվամիջոցներում տարածված լուրին, թե պաշտպանության նախարարը մոսկովյան բանակցություններից վերադարձել է ձեռնունայն։


«Բանակցությունները ամենաբարձր մակարդակով շարունակվում են, մոսկովյան բանակցությունները նույնպես բավական բովանդակալից են եղել, և հստակ շեշտադրումներ են արվել և դրանք շարունակվելու են», - ասել է նաու հավելել, որ բանակցությունների նպատակն է հասնել այն հանգուցալուծմանը, որ ադրբեջանական զինված միավորումները լքեն Հայաստանի սուվերեն տարածքը:


Սա, նրա խոսքով, տեղի է ունենալու ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի, և գործընկերների հետ համագործակցության, ինչպես նաև մեր ԶՈւ աշխատանքի արդյունքում: «Շարունակական բանակցությունների վերաբերյալ եթե հանրությանը անհրաժեշտ լինի տեղեկատվություն հայտնել, ապա դա պաշտոնական կերպով կարվի, ինչպես մինչ օրս արվել է», - ասել է նա։


Թորոսյանի խոսքով՝ հաջորդ հանդիպման օրվա, ժամի կամ մասնակիցների վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունի, բայց ներքաղաքական պրոցեսները որևէ կերպ չեն առնչվում պետական գերատեսչությունների աշխատանքի և աշխատանքի ինտենսիվության վրա։


«Իրավիճակը լարված է և շարունակում է մնալ լարված։ Բանակցությունների ձեռքբերումը գնահատելու համար ժամանակ է պետք, ձեռքբերում կա, այն իմաստով, որ ամենաբարձր մակարդակով մեր անվտանգային համակարգում մեր գործընկերոջ հետ կա փոխըմբռնում, թե ինչպիսին պետք է լինի հարցի լուծումը։ Նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի դա տեղի ունենա, առանց որևէ կրակոցի, որովհետև լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, տարածաշրջանում ոչ մեկին պետք չէ, մանավանդ Հայաստանում»,- ընդգծեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։


Անդրադառնալով ադրբեջանական կողմի շրջանառող լուրերին, թե Զանգեզուրի միջանցք են ունենալու` Թորոսյանը նշեց, որ երբևէ որևէ քննարկում չի արվել այդ առումով և չի էլ արվելու, դա որևէ փաստաթղթում նշված չի և չի նշվելու։


Թորոսյանը հայտնեց, որ որևէ փաստաթղթի մասին խոսելն անիմաստ է․ «Որևէ փաստաթուղթ ինքնին պայմանավորվածությունների արձանագրումն է թղթի վրա, վերջնական արձանագրված պայմանավորվածություններ չկան»:


Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։


Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։


Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Բաքվին հայելային կերպով դուրս բերել զորքերը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներից և այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: