23.11.2024
Մամուլ. Արայիկ Հարությունյանի ռևերանսները Ռոբերտ Քոչարյանին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հին-նոր հորիզոններ. Սասուն Միքայելյանը հրահանգել է, թե ում ընտրեն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սասուն Միքայելյանը թեեւ ընտրություններին չի մասնակցում, բայց հարազատ գյուղում՝ Հրազդանի Վանատուր թաղամասում, նրա կարծիքի հետ հաշվի են նստում։ Վանատուրում Փաշինյանի կերպարն այլեւս ընդունելի չէ: Մեր տեղեկություններով, վանատուրցիների մեծ մասը հակված է քվեարկել ՀՀ առաջին նախագահի օգտին: «Լեւոն Տեր-Պետրոսյանին․․․ գյուղում բոլորն էլ իրեն են ընտրելու»,- ասաց գյուղացիներից մեկը: Սասուն Միքայելյա՞նն է այդպես «հրահանգել»։ «Որոշված է, էդպես է պետք»: Լավատեղյակներն ասում են, որ եթե Վանատուրում նման տրամադրություն է, ուրեմն «կամանդիրի» գործոնն է դեր խաղացել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի հույսն ընտրություններում դպրոցի տնօրեններն են, որոնց իր քաղաքական ղեկավարն ու թիմակիցները «նախկին կյանքում» ընտրակեղծարարներ էին համարում եւ քննադատում ընտրություններին ձայներ հավաքագրելու համար։ Մարզպետը վերջին շրջանում մեկը մյուսի ետեւից դպրոցների տնօրեններ է փոխում, յուրայիններին նշանակում ժամանակավոր պաշտոնակատար եւ, ըստ լուրերի, հրահանգավորում հունիսի 20-ի ընտրությունների համար։ Սրանում համոզվելու համար բավական է փոքրիկ «շրջայց» կատարել մարզպետարանի կայքում եւ տեսնել, թե ինչ պարբերականությամբ են տնօրեններ փոխվում, ԺՊ-ներ նշանակվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հատկապես խոշորացույցի տակ են այն համայնքները, որոնք գտնվում են Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր «Ավշարի» Արայիկ Գրիգորյանի ազդեցության գոտում»:


«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. Նախօրեին համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երեւում էր, թե ինչպես են երկու կանայք ԲՀԿ-ին ձայն տալու համար ընտրակաշառք առաջարկում քաղաքացիներին: Նրանք ԲՀԿ-ին ընտրելու դիմաց խոստանում են մարել վարկերը, ուսանողների վարձը տալ, եթե ունեն բնակարանային խնդիր, լուծել այդ խնդիրները: ՀԺ-ն դատախազությունից հետաքրքրվեց, թե տարածված տեսանյութին ի՞նչ ընթացք է տրվել: Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանեց, որ տեսանյութի հրապարակվելուց հետո դատախազության կողմից հանձնարարվել է օպերատիվ կերպով անհետաձգելի ստուգողական գործողություններ իրականացնել, որն ընթացքի մեջ է:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» շաբաթ օրը երեկոյան հավաքույթ է անցկացնելու՝ նախընտրական դրամահավաք։ Նման միջոցառում ՔՊ-ն կազմակերպել էր չկայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, որի ընթացքում հավաքվել էր մոտ 200 մլն դրամ։ Նման դրամահավաք արել էին նաեւ 2017 եւ 2018 թվականներին։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել իմքայլական Վահագն Ալեքսանյանից, ով նաեւ ՔՊ խոսնակի պարտականություններն է իրականացնում։ Ալեքսանյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ այս շաբաթ օրը դրամահավաք են անելու, պատասխանեց․ «Ես չգիտեմ, եթե լինի, կհայտարարենք՝ կիմանաք»։


«Իրավունք» թերթը գրում է. «Ավելի վաղ տեղեկացանք, որ իմքայլական պատգամավոր «Շիշ բռնող» Հայկ Սարգսյանը նշանադրվել է: Մեր տե­ղեկություններով՝ նշանադրության օրը՝ հունիսի 1-ին, պատգամավորն ավելի քան 20.000 ԱՄՆ դոլար ար­ժողությամբ մատանի է նվիրել իր հարսնացուին: Մեր աղբյուրի խոսքով՝ նշա­նադրությունն անցել է առանձնակի ճո­խությամբ, սակայն հրավիրվածներին հրամայված է եղել խնջույքը չնկարահանվի, որպեսզի ճոխ նշանադրությունը հանրության շրջանում մնա անհասանելի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ակտիվ բանակցություններ էին ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ՝ սահմանային գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Նպատակը՝ բանակցությունների միջոցով հասնել Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերմանը։ Երեկ տեղեկացանք, որ բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել։ Պատճառներից մեկն այն է, որ մյուս երկու կողմերի համար նախ անընդունելի է եղել, որ հայկական կողմից որպես բանակցող է ներկայացել Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը։ Ըստ ամենայնի՝ սպասել են ստատուսով ավելի բարձր պաշտոնյայի, եւ որքան էլ Կարապետյանը փորձել է համոզել, որ Հայաստանում ինքը երկրորդ պաշտոնյան է, կողմերը մնացել են իրենց դիրքորոշմանը եւ հորդորել, որ հաջորդ անգամ առաջին պաշտոնյան ներկայանա, եթե ինքը երկրորդն է։ Բացի այդ, ռուսական կողմը շատ ակտիվ ջանքեր չի դրսեւորել այն պատճառով, որ մինչ Մոսկվայում փորձում են լուծել Հայաստանի սահմաններին առկա պայթյունավտանգ իրավիճակը, Փաշինյանն այցելում է Ֆրանսիա, եւ իշխանական քարոզչամեքենան որպես փրկության փարոս է դիտում Փաշինյանի՝ Ֆրանսիա այցն ու Մակրոնի խոսքերը, թե ադրբեջանական զորքը պետք է դուրս գա ՀՀ տարածքից։ Ռուսները որոշել են, որ եթե բանակցությունները հաջող ընթանան, եւ ադրբեջանական զորքը դուրս բերվի Հայաստանից, ապա Փաշինյանը դա կվերագրի արեւմտյան դաշնակիցներին։ Ռուսական աղբյուրները չեն թաքցնում՝ քանի դեռ հայերը հույս են կապում եվրոպացիների հետ, իրենք ակտիվ չեն լինելու, եւ հաջորդ հանդիպման ժամկետն էլ չի որոշվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախյան վերջին պատերազմը լակմուսի թուղթ էր: Պարզվեց, որ 1994թ.-ի հաղթանակից հետո մեր բանակում իրական ռեֆորմներ այդպես էլ չեն իրականացել, պարզ երեւաց, որ լուծված չեն եղել նույնիսկ տարրական հարցեր` ռադիոկապ, զրահաբաճկոն, զինվորական հանդերձանք եւ այլ: Պատերազմի օրերին խառնիփնթոր ձեւով էր շատ բաներ գնվում։ Անմիջապես պատերազմից հետո սոցցանցերում սկսեցին ակտիվորեն քննարկվել հայ ու ադրբեջանցի զինվորների հանդերձանքների որակի ու տեխնիկական հագեցվածության հսկայական տարբերությունները. անզեն աչքով էլ պարզ էր, որ ադրբեջանցիներն ավելի լավ էին զինված, որ իրենց կառավարությունն ամեն ինչ էր արել իր զինվորի կյանքն ավելի անվտանգ դարձնելու համար: Ինչեւիցե, պատերազմը ցույց տվեց նաեւ, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից արված հեռահար քայլերը եւս արդյունք տվեցին, նրանք դեռ 2009թ.-ից սկսել էին աշխատել տիեզերքում սեփական արբանյակներ ունենալու ուղղությամբ ու այս պահին ունեն երեքը, իսկ մենք չունենք եւ ոչ մեկը, ավելին` մոտ ապագայում իրատեսական նման ծրագիր չկա: 


Հետաքրքրականն այն է, որ այդ արբանյակները ադրբեջանական կողմին բերում են նաեւ հսկայական եկամուտներ, օրինակ` 2013թ.-ին ուղեծիր դուրս բերված Azerspace 1-ի վրա այդ երկիրը ծախսել է շուրջ 202մլն դոլար, իսկ մինչ 2028թ.-ը այդ արբայնակի օգտագործումից ստանալու է 600 մլն դոլարից ավել եկամուտ: Ակնհայտ հետախուզական է ադրբեջանական մեկ այլ արբայնակ` Azersky-ը, այն գործում է 2014թ.-ից ու ի վիճակի է բարձր ճշգրտությամբ դիտարկել շուրջ 6մլն քառ. կմ տարածք: Ամենայն հավանականության հենց այս արբայնակի մասին էր խոսում Ալիեւը, երբ ասում էր՝ իրենք օնլայն ռեժիմով հետեւում էին հայկական զորքի տեղաշարժին: Այս արբանյակն արժեցել է շուրջ 157մլն դոլար եւ դարձյալ բարձր եկամուտներով է աշխատում: Շատ չծավալվելու համար ընդամենը եկեք հիշենք, թե այդ թվականներից կամ, առհասարակ, արցախյան առաջին պատերազմից հետո ինչով ենք զբաղվել մենք։ Ինչպես բազմիս Նիկոլ Փաշինյանն է ասել, դղյակներ, անհատական մեծ հարստություններ ու ցոփ կյանք ինչքան ուզեք, բայց որեւէ խոշոր, թեկուզ շինարարական, թեկուզ տնտեսության որեւէ ճյուղի ծրագիր այդպես էլ չարվեց, նույնիսկ կիսատ մնաց հյուսիս-հարավ ավտոմայրուղին: Տրամաբանական է, որ բանակի արդիականացման ու տեխնիկական հարստացման հարցերը վերջին 2 տարում չէին լուծվելու, սա վերջին 25 եւ ավելի տարիների անգործության ու բացթողումների արդյունքն էր»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեպետ պաշտոնապես չհաստատեցին ԱԳ փոխնախարարների հրաժարականի լուրը, սակայն ԱԺ հանձնաժողովներում երեկ պետք է 2020-ի բյուջեի՝ ԱԳՆ-ի ֆինանսական հաշվետվությունը քննարկվեր, մինչդեռ նիստը չկայացավ, քանի որ ԱԳՆ-ից նշված ժամին որեւէ մեկը չներկայացավ։ Սովորաբար այդ քննարկումներին կա՛մ նախարարն է մասնակցում, կա՛մ փոխնախարարներից մեկը, եւ այս փաստը եւս վկայում է, որ փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղեւոնդյանը դիմումներ են գրել: Ի դեպ, տեղեկություններ կան, որ կառավարությունից փորձել են համոզել փոխնախարարներին՝ հետ վերցնել դիմումներն ու ներկայացուցիչ ուղարկել կառավարության եւ ԱԺ երեկվա նիստերին, սակայն մերժում են ստացել: Մայիսի 31-ին, հիշեցնենք, ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանն էր ազատվել: Ասացին՝ Ավետ Ադոնցն էլ «իրերն արդեն հավաքել է»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փոխանակ ներկայիս իշխանությունները ելքեր մտածեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը լուծելու, ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ, քայլեր են մտածում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի քարոզարշավը խոչընդոտելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ նպատակով մարզերում նշանակվել են հատուկ անձինք, որոնք պետք է հիմնական մրցակիցների քարոզարշավի ժամանակ ճանապարհներ փակեն, կռվարար կանաց ու տղամարդկանց բերեն, որոնք կփորձեն խոչընդոտել նրանց, եւ տպավորություն ստեղծեն, թե ժողովուրդը, բացի այս իշխանություններից, այլ ուժ չի տեսնում: Օրինակ՝ Շիրակի մարզում այդ հարցերով զբաղվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որն արդեն տարբեր գումարներով ոտքի է հանել մարդկանց եւ պատվիրել, որ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքների՝ Գյումրի գալու պարագայում պետք է բողոքի ակցիաներ լինեն: Այդպես է նաեւ մյուս մարզերում, եւ սպասվում է, որ քարոզարշավի 12 օրերը կարող են լարված անցնել: Հիշեցնենք, որ քարոզարշավը խոչընդոտելու համար վերջերս ԱԺ-ն օրենքի խստացումներ արեց։ Հետաքրքիր է՝ դա կկիրառեն իրենց կողմից վճարված մարդկանց նկատմամբ»:


«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Երևանի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով, ինչպես հայտնի է, սպանվել է «Քյավառցի Ռաֆո» անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովոն: Հանցագործի թիրախը, սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, եղել է Ռաֆայել Մարդոյանը, որը հանգրվանած է եղել կինո «Մոսկվայի» դիմաց գտնվող «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ սպանության մեջ կասկածվողին իրավապահները փնտրում են Արագածոտնի մարզի քաղաքներից մեկում: Մասնավորապես, ըստ նույն լուրերի, կասկածվողը ռուսալեզու մի երիտասարդ է, ով մտել է տվյալ քաղաքի խա­նութները, առևտուր արել՝ սիգարետ գնել, ինչը ֆիքսել են տեսախցիկները: Ապա գլխարկը դրել գլխին և անհետացել տեսախցիկների տեսա­դաշտից: Նույն տեղեկությունների համաձայն՝ Ոստիկանության վեցերորդ վարչության աշխա­տակիցները երեկվանից այդ քաղաքում են և մանրամասն տարբեր վայրերում զննություններ են կատարում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բենզինի գները բարձրացել են. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 460 դրամով, իսկ Պրեմիումը՝ 480 դրամ: Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի` այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 3 եւ 5.4 տոկոսով։ Իսկ, ահա, այս տարվա մայիսին, 2020թ. մայիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 49.6 եւ դիզելային վառելիքի՝ 38.3 տոկոսով գնաճ: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձր լինելն է, որը ազդեցություն է ունենում ներմուծվող ապրանքների գների վրա: Դոլարի փոխարժեքը շարունակում է բարձր մնալ. Հայաստանի առեւտրային բանկերում երեկվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 518 դրամ է, վաճառքինը՝ 522 դրամ: Մյուս կողմից՝ զգալի բարձրացել է նաեւ եվրոյի փոխարժեքը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում երեկ կազմել է 627 դրամ, իսկ վաճառքինը՝ 641 դրամ»: