23.11.2024
Մամուլ. Հին-նոր հորիզոններ. Սասուն Միքայելյանը հրահանգել է, թե ում ընտրեն
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամ դառնալու համար հերթեր են գոյացել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամը դառնալու կամ նրանց քարոզարշավին աջակցելու համար բառացիորեն հերթեր են գոյացել, պետական գերատեսչությունների տարբեր կալիբրի չինովնիկներ, մեր տեղեկություններով, թաքուն կամ բացահայտ այցելում են քոչարյանականներին եւ իրենց աջակցությունն ու ծառայություններն են առաջարկում՝ ֆինանսական տեսքով, ընտրություններին գաղտնի աշխատելու, ձայներ բերելու եւ այլ միջոցներով։ Ըստ ամենայնի, պետական պաշտոնյաներն էլ են տեսնում, որ համակարգը քանդվում է, եւ օր առաջ փորձում են նժարի ծանր կողմում հայտնվել»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական սահմաններն անպաշտպան են, թշնամին ամեն օր մետր-մետր առաջ է շարժվում, նոր գերիներ է վերցնում, իսկ պետական ապարատն ու բարձրաստիճան պաշտոնյաները համատարած արձակուրդ են գնացել, որպեսզի մասնակցեն նախընտրական քարոզարշավին եւ ամեն ինչ անեն իշխանության վերարտադրության համար։ Արձակուրդում են վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Շիրակի մարզպետ  Հովհաննես Հարությունյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը եւ այլք»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Առաքելություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջեւ թշնամանքն է՛լ ավելի է խորացել, եւ այն պատգամավորները, որոնք «Առաքելություն» կուսակցությունից են եւ այժմ հանդիսանում են «Իմ քայլը» խմբակցության անդամներ, առիթը բաց չեն թողնում ամենուր հայտարարելու, թե Նիկոլ Փաշինյանը իրենց հետ վատ է վարվել, չի գնահատել նվիրվածությունը: Պարզվում է՝ նոյմբերի 9-ի խայտառակ կապիտուլիացիայի փաստաթղթի ստորագրումից հետո «Առաքելության» պատգամավորները ցանկացել են լքել խմբակցությունը, բայց Նիկոլ Փաշինյանը «Առաքելության» ղեկավար Մեսրոպ Առաքելյանին համոզել է պահել իր թիմին «Իմ քայլը» խմբակցությունում, բայց 6 ամիս անց դրժել է նաեւ այդ խոստումը։ Երբ նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը պաշտոններ է ցանկացել՝ ասելով, թե պետք է կոալիցիա կազմել, մերժում է ստացել։ Հիշեցնենք, որ «Առաքելություն» կուսակցության պատգամավորներն են՝ Վահե Հովհաննիսյանը, Արտաշես Պետրոսյանը, Եղիշե Սողոմոնյանն ու Կորյուն Մկրտչյանը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ հունիսի 7-ին, պաշտոնապես մեկնարկեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, եւ քաղաքական ուժերից շատերը հնարավորություն ունեցան շփվել քաղաքացիների հետ եւ ներկայացնել իրենց ծրագրերը: Փորձենք ամփոփել քարոզարշավի առաջին օրը. ինչպես եւ սպասելի էր, ուշադրության կենտրոնում ընդամենը մի քանի ուժերի քարոզարշավն էր, չնայած ընտրությանը մասնակցում է 26 ուժ։ Լրատվադաշտի կենտրոնում է իշխող թիմը, «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, ԲՀԿ-ն, նաեւ ինչ-որ չափով ՀԱԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», մյուս ուժերին անդրադարձ ավելի քիչ է լինում. դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ ուժերն են պասիվ։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Սյունիքից. հենց Ագարակում էլ դաշինքի վարչապետի թեկնածուն պնդեց, թե ինքը չի պատրաստվել հանձնել Մեղրին: Այդ պնդումները, ըստ Քոչարյանի, հակաքարոզչություն են իր նկատմամբ: «Լուսավոր Հայաստանը» երկու թիմով է իրականացնում քարոզարշավ՝ մեկը Երեւանի բոլոր վաչական շրջաններում, մյուսը՝ մարզերում։ Քարոզարշավի առաջին օրը մի խումբը Սյունիքում է, մյուսը՝ Երեւանի կենտրոնում։  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկնարկեց նախընտրական քարոզարշավը Աբովյան քաղաքից. բոլոր օրերին կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը կլինի Հայաստանի մարզերում՝ անձամբ ներկայացնելու կուսակցության ծրագրային դրույթները։ Ինչպես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, այդպես էլ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքն իր քարոզարշավը երեկ սկսեց երկու ուղղություններով՝ Արմավիրի մարզ եւ մայրաքաղաք Երեւան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Քարոզարշավի հենց առաջին օրը Նիկոլ Փաշինյանի աջակիցները՝ վարչապետի և, ըստ որոշ լուրերի՝ Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի հետ միասին, Արմավիրի մարզում ծեծի ենթարկեցին նրան դավաճան անվանած քաղաքացուն: Մեզ զանգահարած անձը տեղեկացրեց, որ վերջերս նման դեպք գրանցվել է նաև Հյուսիսային պողոտայում՝ ծեծի են ենթարկել Փաշինյանին դավաճան գոռացողին, իսկ մի քանի օր առաջ էլ Վանաձորում Փաշինյանի հասցեին բացասական արտահայտություններ արած քաղաքացուն փողոցից նստեցրել են մեքենան ու տարել: ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ ներքին հրահանգ կա վարչապետի ԺՊ-ից՝ այսուհետ իրեն դավաճան ասողների հարցերը տեղում լուծել՝ բռնել ու ծեծել, որպեսզի դաս լինի մյուսների համար, և քարոզչության հետագա ընթացքն անխափան անցնի: Իսկ ամենամեծ պատիժը Փաշինյանին քննադատողներին բաժին է հասնելու հունիսի 20-ից հետո՝ իշխանությունն այդ առումով մեծ ծրագրեր է կազմում»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ ամենից կանոնավոր սոցիոլոգիական հարցումներ մեզանում իրականացնում է ԱԱԾ-ն, որը հնուց մշակված մեթոդիկա ունի և տարիների հարուստ փորձ։ Մի տարբերությամբ միայն, որ հիմա դրան ավելացել է նաև Նիկոլ Փաշինյանի նյարդերը հանգստացնելու և լավատեսություն ներշնչող տվյալներ փոխանցելու խնդիրը։ Մեր տեղեկություններով, մայիսի 31-ին ԱԱԾ-ն հերթական հարցումների տվյալներն է փոխանցել վարչապետի ԺՊ-ին, ըստ որի՝ «Քաղպայմանագիրն» ունի 33 տոկոս ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 24, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 13, ԲՀԿ-ն՝ 10 տոկոս»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանությունները նոր տակտիկա են մշակել իրենց ընդդիմախոսների աճող վարկանիշը նվազեցնելու համար. նրանք հանրության շրջանում տարածում են լուրեր, թե ընդդիմադիրները (նախկին իշխանությունները) մեծ գումարներ են բաժանելու քաղաքացիներին ընտրություններից առաջ, հիմա ցուցակագրման գործընթացն է: Ու միաժամանակ բոլոր քարոզչամեքենաներով հիշեցումներ են ապահովում, թե ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվել են նոր հոդվածներ. 1.քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղամասից – քր. պատիժ՝ 5 տարվա ազատազրկում: 2. Ընտրակաշառք տալ – 7 տարվա ազատազրկում: 3. Ընտրակաշառք վերցնել – 3 տարվա ազատազրկում: Այս ակցիան արվում է մեկ նպատակով. ընտրության նախօրեին ընտրակաշառքի սպասող քաղաքացիների հիասթափություն՝ չստացված ընտրակաշառքի համար: Իսկ իրականում բոլորն իրապես խոսում են, որ ընտրակաշառք են բաժանում, բայց որեւէ կոնկրետություն այդպես էլ չի ուրվագծվում՝ ով, որտեղ, որքան ընտրակաշառք է բաժանում կամ ում է բաժանում, ում միջոցով: Միայն խոսքեր՝ քաղաքացիների մոտ սպասում առաջացնելու եւ հիասթափեցնելու համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմում կարծում են, որ ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է լինելու։ Ո՛չ իրենց՝ «Քաղպայմանագրին» է հաջողվելու 50+1 հավաքել, ո՛չ էլ խորհրդարան անցած մյուս ուժերն են կարողանալու հաղթել և կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ կոալիցիա կազմելու համար վեց օր է նախատեսված։ Եթե ընտրություններից հետո 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի առավելագույնը 3 ուժերի միջև կոալիցիա կազմել, որը կունենա տեղերի 54 տոկոսը, ապա տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցում են այն երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Այսինքն՝ առաջին երկու տեղերը զբաղեցրած երկու ուժի անունն է գրվելու քվեաթերթիկում։ Իսկ ով այդ ընտրություններին ամենաշատ քվեն ստանա, նրա ձայներն ավտոմատ ավելացվում են այնքան, որ խորհրդարանում կայուն մեծամասնություն՝ 54 տոկոս ձայն ունենա»:


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները, հասկանալով, որ նախնական տվյալներով արդեն հիմա պարտված են Երևանում, իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրել են մարզերում և փորձում են ամեն ինչ անել՝ մարզերից հնարավորինս մեծ թվով ձայներ պոկել, քանի որ դա են համարում իրենց միակ փրկօղակը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոշոր համայնքներում անգամ մի քանի շտաբ են բացել, որոնք կոորդինացնում են իշխանության «վերնախավի» տարբեր ներկայացուցիչներ։  Իշխանության տեղական «համակարգողները» փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալ և ամեն ինչ անում են «վերևներին» տպավորելու համար։ Ընդ որում, յուրաքանչյուրը փորձում է մյուս շտաբից մեծ ցուցակ ներկայացնել։ Արդյունքում, ներքին «մրցակցությունը» որոշ տեղերում վերածվել է յուրատեսակ պայքարի: Թերթին տեղեկություններ են հասել, որ անգամ իրարից թաքցնում են ցուցակները։ Ըստ մեր աղբյուրների, որոշ համայնքներում նույնիսկ կոնֆլիկտներ են եղել այս հողի վրա: Հարցն այն է, որ առանց այն էլ իշխանական ուժի ներկայացուցիչները հազիվ են մարդ գտնում, որ պատրաստ կլինի ՔՊ-ին ձայն տալ, ուստի վերոհիշյալ մրցակցությունն ավելի է թեժանում»:


«168 ժամ» թերթը գրում է. «Ընչաքաղցությունը լրջագույն հիվանդություն է, գուցե՝ հոգեկան, որը կապ չունի ունեցած նյութական միջոցների քանակության հետ։ Եթե մարդն ընչաքաղց է հոգով, ապա նա այդպիսին կլինի, եթե նունիսկ խանձի աշխարհի բոլոր խոզերին և ուտի երկրագնդի բոլոր խորովածները։ Հոգևոր ընչաքաղցությունը չի կարող հաղթահարվել նաև տիեզերքի բոլոր կոնֆետները ճանկռելու պարագային։  Կլինիկական այդ դեպքի մասին կան հարյուրավոր գիտական ուսումնասիրություններ, բայց հայկական իրականության մեջ, թերևս, ամենապատկերավորը նկարագրել է Իսահակյանը, ով զգուշացնում էր ոգու սովի գալստյան մասին։ Այն Հայաստանում եկել ու հաստատվել է արդեն երեք տարի։ Նաև այն պատճառով, որ նրան հաստատողների մեծ մասը, բնականաբար, ոչ միայն հոգեբուժական ուսումնասիրություններ, այլ նաև Իսահակյան չի կարդացել։ Իսկ եթե անգամ կարդացել է, հաստատ չի հասկացել նույն՝ հոգևոր ընչաքաղցության պատճառով։ Հայաստանն իրականում խոր ճգնաժամի մեջ է, դա գիտեն բոլորը, ու այդ մասին հայտարարում է ամեն չալարողը։ Ոլորտային ու համալիր ճգնաժամերին զուգահեռ, սակայն, իսկ գուցե բոլորից ավելի խորը՝ Հայաստանում կա մեղսունակության ճգնաժամ։ Դա համակարգաստեղծ ճգնաժամ է, քանի որ մեղսունակության բացակայությունը պետական կառավարման համակարգում ու դրա գագաթին՝ շղթայաբար ճգնաժամեր է առաջացնում բոլոր ոլորտներում։ Նաև ու առաջին հերթին՝ հանրային արժեհամակարգում ու հոգևոր հարթությունում։ Հասարակությունը, որը ծափահարել է «ասֆալտին փռելու» հայտարարություններին ու մագլցել է դատարանների դռներն ի վեր՝ «վնգստացող դատավորների» կապակցությամբ, և երջանկության ապրումներ է ունեցել զրահաբաճկոն չունեցող «ելակային բանակի» առթիվ ու առնվազն լռել է «դժգույն ու դժբախտ Շուշիի» մասին լսելիս, օբյեկտիվորեն պետք է զմայլվի իր երեխաների կյանքը խլած մեկի այն ստերից, թե այս ընտրություններում վերադարձնելու են իրենց իշխանությունը։ Երեխայի կյանք խլածը չի կարող իշխանություն վերադարձնել կրկին նույն՝ հոգևոր ընչաքաղցության պատճառով։ Երբևէ կոնֆետ ճանկռածն այդպես է վարվում ամենայնի հետ։ Եվ եթե պատահում է, որ նրա ձեռքում է հայտնվում պետությունը, նա ճանկռում է այն կոնֆետի նման։ Հայաստանը հիմա ապրում է մանկության տարիներին կոնֆետի բացակայության համախտանիշի պայմաններում։ Եվ քանի որ դա կլինիկական դեպք է, քաղաքական ու իրավական լուծումներն անօգուտ են թվում։ Հայաստանում բոլոր ճգնաժամերից առաջ պետք է հաղթահարվի մեղսունակության ճգնաժամն ու հոգևոր ընչաքաղցության համախտանիշը։ Այլապես պետությունը ճանկռվելու է մինչև վերջին կոնֆետը»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) հրապարակման համաձայն` 2011-2020 թվականների ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 3 մլրդ 274 մլն դոլարի սպառազինություն, իսկ Հայաստանը՝ 398 մլն դոլարի։ Ըստ կենտրոնի՝ հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը իրականացվել են 2018 թվականից հետո՝ 2019-ին. միայն այդ տարի Երեւանը ներմուծել է 248 մլն դոլարի սպառազինություն կամ տասը տարվա ընթացքում ներմուծվածի 62,3%-ը։ Իհարկե, այս տվյալները ստանալուն պես իշխանական քարոզչամեքենան լցվեց այն թեզի շրջանառության գործին, համաձայն որի՝ հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունն արել Է առավելագույնը բանակի սպառազինությունն ավելացնելու համար, սակայն գործադրած ջանքերը բավարար չէին նախորդող տասնամյակների բացթողումները եւ վատնումները փոխհատուցելու համար։ Իսկ, ահա, նախկին իշխանությունների ժամանակ բանակին մոտ կանգնած մեր աղբյուրներն էլ պնդում էին, որ այդ թվերն իրականությանը չեն համապատասխանում: Ընդդիմադիր ու իշխանական թեւերը կարող են շարունակել վիճել, թե ով է ավելի շատ բան արել բանակի ու երկրի անվտանգության համար»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում ավելի շատ գրավադրման գործարքները կնքվել են Երեւանում՝ կազմելով 54.7 տոկոս: Այսինքն` միայն մարտ ամսին Երեւանում կնքվել է գրավադրման 1249 գործարք: Սակայն մտահոգիչ է, որ Արմավիրի մարզում գրավադրման գործարքները մեկ ամսում 79-ով ավելացել են՝ 80-ից դառնալով 159: Կոտայքում գրավադրման գործարքները ավելացել են 101-ով, Վայոց ձորում՝ 26-ով, Արարատում՝ 64-ով: Ինչպես հայտնի է, Արմավիրի, Արարատի մարզերի բնակիչները հիմնականում իրենց տները, բնակարանները գրավադրում են, վարկ վերցնում: Հիմնականում գյուղերի բնակիչները, հայտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, վարկը վարկով են մարում եւ հերթական վարկերը մարելու նպատակով գրավադրում են միակ ունեցվածքը՝ տունը, իսկ հետո այն չկարողանալով մարել՝ հայտնվում են փողոցում: Պատահական չէ, որ գրեթե բոլոր մարզերում գրավադրման գործարքները զգալի ավելացել են, ողջ հանրապետությունում նման իրավիճակ է»: