VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է .Օրերս մենք գրել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրեն որոշել է ապահովագրել, եւ չէինք բացառել, որ ռեւերանսներ աներ՝ ուղղված հայաստանյան ընդդիմադիր դաշտին ու պետնախարարի պաշտոնում նշանակեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ Կարեն Սարգսյանին, ով այժմ զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Վերջինս Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին է։ Չնայած Հարությունյանը չգնաց այդ քայլին եւ իր սանիկին՝ Արտակ Բեգլարյանին դարձրեց պետնախարար, սակայն արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կարեն Սարգսյանի հետ կապված պլաններն ուժի մեջ են։ Հարությունյանը հենց նրան է տեսնում որպես իրեն փոխարինողի եւ այդ ուղղությամբ տարբեր քննարկումներ է արդեն ունեցել։ ԱՀ նախագահը կասկածներ ունի, որ հունիսի 20-ի ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն կլինի, եթե կանխատեսումներն իրականանան, ապա ինքը կհեռանա, բայց «փոխարինող» կընտրի այնպիսի մարդու՝ ի դեմս Սարգսյանի, ով ընդունելի կլինի այսօրվա ՀՀ ընդդիմության համար, մյուս կողմից՝ Հարությունյանի ու իր թիմի նկատմամբ էլ վենդետա չի իրականացնի։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի պետնախարարի պաշտոնում իր սանիկ Արտակ Բեգլարյանին ներկայացնելիս Արայիկ Հարությունյանը երեկ երկար խոսել է նրա «մասնագիտական եւ մարդկային որակներից»։ Ասել է․ «Կասկած չի կարող լինել, որ պետնախարարի համար ավելի համապատասխան թեկնածու հնարավոր չէր գտնել»։ Պետնախարարն է համակարգում 4 նախարարի գործունեությունը՝ աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի, առողջապահության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի։ Մի՞թե Արցախում ավելի ճկուն եւ աշխատունակ պաշտոնյաներ չկան՝ հարցրինք Արցախի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանին։ Ասաց՝ Արցախի նախագահն առաջնորդվում է նեղ անձնական շահով, նրան պետության շահը քիչ է հուզում․ «Եթե նկատել եք՝ ինքը նոր դեմքերի չի նշանակում, ռոտացիա է անում, որ նոր մարդ չմտնի պետական համակարգ, չտեսնի՝ ինչ են արել այս երկրի բյուջեի հետ, թե չէ կխելագարվի։ Իմացեք՝ Արցախում որեւէ պաշտոնյա ինքնուրույն որոշում չի ընդունում, Արայիկ Հարությունյանն է որոշում, թե ով ինչ եւ երբ պետք է անի»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չնայած ընդգրկված չէ որեւէ ուժի ընտրացուցակում, սակայն աշխատում է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի համար․ մամուլում թյուրիմացաբար լուր էր հայտնվել, թե նա հեռացել է Հայաստանից։ Արտաշատում մի քանի օր առաջ Քոչարյանի եւ իր համակիրների հանդիպմանն էլ նա ներկա է գտնվել։ Ի դեպ, հանդիպումը կայացել է Ալիկ Սերգեյիչի եղբայրներին պատկանող «Նոր Արտաշատ» ռեստորանում։ «Այո, ես էլ եմ մասնակցել, ես դիմավորեցի, իմ մոտ է եղել, իմ նախագահն է, տասը տարի աշխատել եմ, համակիրը լինելուց բացի, ես հարգում եմ իրեն»,- երեկ ասաց նա՝ շեշտելով, որ պաշտոնի հավակնություններ չունի։ «Բայց իմ խղճի մտոք․․․ ես տեսնում եմ, որ երկիրը լավ տեղ չի գնում, ու պետք է ինչ-որ ձեւով միջամտել»։ Անդրադառնալով լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններին, թե ինքը լքել է Հայաստանը, Սարգսյանն ասաց, որ 3-4 օրով մեկնել է Մոսկվա ու վերադարձել․ «Գնացել էի հետազոտվելու, սրտիս հետ կապված ժամկետն էր, փառք աստծո, նոր ստենտավորման կարիք չառաջացավ, վերադարձա Հայաստան»։ Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել։ Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է միանգամից 3 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ հանցագործությունը պարտակելու համար: Նախկին ոստիկանապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, երկրից բացակայել է ՀՔԾ քննիչի թույլտվությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ՝ գերեվարված զինծառայողների հարցով: Սակայն երեկ՝ ուշ գիշերվա դրությամբ, դեռ որեւէ դրական տեղաշարժի կամ նորության մասին հայտնի չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր Երեւանում կլինի Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը, ում գլխավորությամբ էլ անցկացվում էին բանակցությունները, եւ ով մի քանի օր ՌԴ-ում էր՝ հանդիպումը կազմակերպելու նպատակով: Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը եւ սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը: Ադրբեջանական կողմը ներկայացրել է արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը, դե իսկ ՌԴ-ից էլ՝ Մուրադովը, որն էլ, այսօր գալով Երեւան, մանրամասներ կհայտնի իրավիճակից: Նկատենք, որ բանակցությունները ռազմագերիների վերադարձի հարցին էին վերաբերում, սակայն առանցքում հատկապես այն վեց գերիների հարցն էր, որոնք գերեվարվել են ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տարածքից, եւ ՀՀ պահանջներից մեկը եղել է այն, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն ՀՀ: Թե ինչ է որոշվել բանակցությունների արդյունքում, դեռ պարզ չէ, սակայն երեկվա դրությամբ դրական լուրի մասին տեղեկություններ դեռ չկային»:
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի իշխանությունը նպատակ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր վստահելի անձանց թիվը ավելացնել: Բանն այն է, որ իշխանության նպատակը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո այդ հանձնաժողովին ավելի շատ լծակներ հատկացնելն է, որպեսզի կարողանան անցանկալի կերպարներին պատժել կոռուպցիայի դեմ պայքարի հնչերանգի տակ։ Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ հիմա իշխանությունը հավատարիմ անձանց է փորձում գործուղել այդ հանձնաժողով, եւ այս պահին էլ կադրային փնտրտուքի մեջ են ու փորձում են գտնել այնպիսի անձանց, որոնք կկարողանան այնտեղ «գործ անել»: Պարզվում է՝ արդեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի երկու օգնականներ` Համազասպ Դանիելյանի եւ Սոս Ավետիսյանի օգնականները, «գործուղվել են» հանձնաժողով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թափուր տեղերի համար մրցույթ է հայտարարել, ու հաղթել են պատգամավորների օգնականները: Չնայած այն բանին, որ հեղափոխական իշխանությունը հայտարարել էր, որ կոռուպցիան իսպառ վերացնելու են Հայաստանից, բայց մինչեւ այսօր այդ հայտնի կոռուպցիոներները բացահայտված, կալանավորված կամ դատապարտված չեն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունն այս օրերին ակտիվորեն փորձում է օգտագործել իր «ձեռքի» տակ գտնվող բոլոր միջոցներն ու տարբերակները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, անցնող մի քանի օրերին մարզային որոշ համեմատաբար խոշոր քաղաքներում իշխանության ներկայացուցիչները հավաքներ են անցկացրել, որոնց հիմնականում մասնակցել են դպրոցների ու ՀՈԱԿ-ների տնօրենները: Ըստ մեր տեղեկությունների, տնօրեններին, ի թիվս «նախընտրական» այլ ցուցումների, հանձնարարվել է, որ իրենց աշխատակիցների հետ ընտրության օրը տեղամասեր գնան առավոտյան՝ յուրաքանչյուրը հստակ ֆիքսված ժամի: Դա արվում է հիմնականում այն նպատակով, որպեսզի կարողանան վարչական ռեսուրսի քվեների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխող քաղաքական ուժի վարկանիշը, ըստ տարբեր սոցհարցումների, անընդհատ անկում է ապրում, ընդ որում՝ ամենօրյա ռեժիմով: Սա փաստում են պրոֆեսիոնալ կազմակերպությունների, ինչպես նաև ուժային կառույցների կողմից անցկացվող հարցումները: Սա իշխանական շրջանակներում գնալով ավելի մեծ մտավախություն է առաջացնում: Բացի Նիկոլ Փաշինյանի ու նրա մի քանի թիմակիցների ակնհայտ ջղաձիգ ու անհավասարակշիռ հայտարարություններից, իշխանությունները փորձում են իրավիճակը գոնե մի քիչ փրկել, որպեսզի 30 տոկոսից պակաս ձայն չստանան: Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրավապահ համակարգի համապատասխան կառույցներին հանձնարարել են առանձնահատուկ հետևել հատկապես մարզերում քարոզարշավին լծված ակտիվ անձանց: Մեր տարբեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին 4-5 օրերին տեղերում ակտիվորեն հետևում են ընտրություններում ընդդիմության կողմից ներգրավված անձանց: «Խոշորացույցի» ներքո է այդ մարդկանց շարժը, թե ում հետ են հանդիպում, ինչ հաստատություններ են այցելում, ընտրողների ինչպիսի շրջանակների հետ են փորձում աշխատանքներ տանել: Ավելին, մենք տեղեկություններ ունենք նաև, որ հանձնարարված է ամեն ինչ անել՝ տվյալ անձանց հնարավոր ինչ-որ կերպ «կտրել» ընդդիմությունից: Տեղերում չեն բացառում, որ ոմանց հետ փորձեն սիրաշահելով ու խոստումներով «աշխատել», ոմանց հետ՝ կոմպրոմատներով, իսկ որոշ դեպքերում, համաձայն այս իշխանությունների սովորության, որևէ շոու կբեմադրեն, օրինակ՝ ինչպես արդեն առիթ ունեցել ենք ստացված տեղեկությունները ներկայացնելու, բեմականացնեն՝ իբր «ընտրակաշառք» է բաժանվում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության գործով իրավապահ համակարգի ներկայացուցիչները հայտնվել են փակուղու առջեւ։ Ինչպես հայտնի է, ենթադրյալ մարդասպանը հրկիզել էր ավտոմեքենան եւ սպանության գործիքը՝ հրազենը։ Եվ այժմ իրավապահ համակարգի ներկայացուցիչները նշում են, որ հրկիզումն այնպես է իրականացվել, որ մեքենայի եւ հրազենի հետ կապված բոլոր տվյալները վերացվել են, եւ չեն կարող պարզել՝ զենքը կամ ավտոմեքենան ինչ ծագում ունեն։ Եվ, մեր տեղեկություններով, իրավապահ համակարգում քննարկումներ են եղել, որ մարդասպանը շատ պրոֆեսիոնալ է գործել, որի հետեւանքով իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առջեւ եւ այս գործով այսօրվա դրությամբ ունի զրոյական արդյունք։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսից մինչեւ սեպտեմբեր չի շահագործվելու։ Մեզ հայտնի դարձավ, որ այս ընթացքում Ռուսաստանում գտնվող մեր այն հայրենակիցները, որոնք ավիատոմսեր էին գնել հուլիս, օգոստոս ամիսների համար եւ պետք է Շիրակ օդանավակայանով վերադառնային հայրենիք, այս ընթացքում հետ են վերադարձնում դրանք։ Թե ինչու մի քանի ամիս չի շահագործվելու, այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտե, որտեղից, բնականաբար, մեր երկարատեւ զանգերին չպատասխանեցին։ Իսկ, ահա, քաղավիացիայի «Թեժ գիծ» հեռախոսահամարին զանգահարելուց հետո պարզ դարձավ, որ օդանավակայանը ժամանակավոր է փակվում հուլիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օդանավակայանն իրականում փակվում է՝ վերանորոգման եւ հետագայում ռազմական նշանակության ծառայելու համար։ Ի դեպ, օդանավակայանի տեխնիկական սպասարկման ղեկավար Հենրիկ Սարգսյանի խոսքով՝ այն նաեւ ծառայելու է ռազմական օդանավերի համար։ Ավելին, «Շիրակ» օդանավակայանի նոր ծածկույթը համապատասխանելու է ռազմական օդանավերի թռիչքների եւ վայրէջքների համար, իսկ օդանավակայանի վազքուղու վերակառուցման ծրագիրը, փաստորեն, նախատեսված է իրականացնել հուլիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հունիսի 8-ից սկսվում են բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական քննությունները: ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի» համաձայն, հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են միասնական քննությունների անցաթղթեր, որոնք ԳԹԿ-ն մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ուղարկում է դպրոցներ, էլեկտրոնային եղանակով՝ դիմորդին։ րեկ հունիսի 2-ն էր, և մենք բազմաթիվ ահազանգեր էինք ստանում, որ դիմորդները դեռևս ո՛չ էլեկտրոնային եղանակով, ո՛չ այլ կերպ չեն ստացել անցաթղթերը: Որպեսզի հասկանանք ուշացման պատճառը, «Փաստը» դիմեց Գնահատման և թեստավորման կենտրոն, որտեղից տեղեկացրեցին, որ խնդիրը բացառապես տեխնիկական է, որևէ մեկը էլեկտրոնային փոստով չի ստացել անցագիր։ «Բոլոր դիմորդները անցագրերը կստանան այլ ճանապարհով, թող չանհանգստանան, որևէ մեկն այս պատճառով չի տուժի»,- ասացին ԳԹԿ-ում: Մինչ մենք հետաքրքրվում էինք թեմայով, մի քանի դիմորդներ մեզ տեղեկացրեցին, որ օրվա երկրորդ կեսին իրենց զանգահարել են այն դպրոցներից, որտեղից ստացել են անհատական ծածկագրերը: Դիմորդներին տեղեկացրել են, որ հունիսի 3-ից կարող են նույն կրթօջախից ստանալ անցաթուղթը: Ի դեպ, երեկ ավելի ուշ ԳԹԿ-ից կապվեցին մեր լրագրողի հետ և տեղեկացրեցին, որ մինչև օրվա վերջ դիմորդներն անցաթղթերը կստանան նաև էլեկտրոնային եղանակով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղի է ունեցել իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի նշանադրության արարողությունը։ Պարբերաբար սկանդալների մեջ հայտնվող իշխանական պատգամավորի նշանածը հայտնի Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է՝ Օլյան, ում հետ տեւական ժամանակ է՝ ընկերություն էր անում։ Մեզ ասացին, որ բավականին շքեղ նշանադրություն են արել երեւանյան ռեստորաններից մեկում, բայց Հայկը կամեցել է դա հնարավորինս գաղտնի պահել՝ նկարներ չհրապարակել, որ ավելորդ աղմուկ չբարձրանա այս լարված իրավիճակում։ Մենք տեղեկացանք, որ հարսանիքը որոշել են սեղմ ժամկետում՝ հունիսի 15-ին կազմակերպել: