VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրանի)՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում հայտնվելու փաստը շատերին է զարմացրել։ Մենք տեղեկացանք, որ նրա՝ ցուցակում հայտնվելու կնքահայրը Սերժ Սարգսյանն է։ Ընդ որում, սկզբում նրան 14-րդ տեղն են հատկացրել, սակայն Պողոսյանը չի համաձայնել, որից հետո Ազատիչի ջանքերով բարձրացել է 11-րդ հորիզոնական։ Պողոսյանը խոստացել է առնվազն 10 հազար ձայն բերել, բայց նրա գրանցումը դեռ կասկածի տակ է։ Նա իր բացակայությունն արդարացնող տեղեկանք է ներկայացրել ռուսական մի բուհից, որտեղ ուսանում է, բայց ՀՀ ոստիկանությունը հարցում է արել եւ պարզել, որ նա այդ բուհում գրանցված չէ։ Պողոսյանը երկրորդ տեղեկանքն է ներկայացրել։ Այժմ ոստիկանությունը կրկին հարցում է արել՝ պարզելու, թե արդյո՞ք Պողոսյանն ուսանում է այնտեղ»։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք»-ի համատեղ «Պատիվ ունեմ» դաշինքը ԿԸՀ-ում գրանցել է թերեւս ամենամեծ ցուցակը՝ կազմված 230 անձից: Ցուցակում ընդգրկված են ՀՀԿ գրասենյակի հաշվապահից սկսած, վերջացրած ՀՀԿ-ականներից ոմանց որդիներով: Ինչպես տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը ցուցակում չկա: Այն գլխավորում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նրան հաջորդում է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ապա նաեւ ՀՀԿ երիտասարդական միության անդամ Աննա Մկրտչյանը, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀԿ երիտմիության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Ցուցակի առաջատար տասնյակում են նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի նախկին խմբագիր, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Թագուհի Թովմասյանը, հայտնի ռազմական փորձագետ, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Հանրապետություն կուսկացության նախկին անդամ, Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին, պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը: Այնուհետեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է: Վերջինս հայտնի է «Քեթրինի Միհրան» անունով: Երկար ժամանակ նրա անվան հետ էր կապվում Հայաստան բանանի ներկրման մենաշնորհը: 2019-ին Միհրան Պողոսյանին մեղադրանք առաջադրվեց: Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու եւ պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով Պողոսյանը ձերբակալվեց ՌԴ-ում, որից հետո ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողը քաղաքական ապաստան խնդրեց Ռուսաստանից: Պողոսյանը պատգամավորի թեկնածու լինելու համար պահանջվող վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանքը ստացել է այն հիմքով, որ արտերկրում ուսանում է:
«Պատիվ ունեմ»-ի ցուցակում է նաեւ նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը, որը վերջերս անդամագրվել է «Հայրենիք» կուսակցությանը: Պետրոսյանը հայտնի է որպես մի դատավոր, որի վերաբերյալ բազմիցս կարգապահական վարույթներ են հարուցվել: Նա վերջին շրջանում պայքարում էր ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման դեմ, սակայն չհասավ իր նպատակին: Այս դաշինքի ցուցակում ներկայացված են նաեւ Աջափնյակի նախկին թաղապետ Արտավազդ Սարգսյանը, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Մասիսի գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, Մալաթիա Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Դավիթ Օհանյանը, Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը: Վերջինս Արտաքին գործերի նախկին փոխնախարար է: «Հայրենիք» կուսկացությանն անդամագրվել եւ այս դաշինքի ցուցակ է մտել նաեւ իրանագետ Վարդան Ոսկանյանը: Այստեղ է նաեւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը: Դաշինքի մշակութային ներկայացուցիչը Հ.Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Ժասմեն Ասրյանն է: Դաշինքի բժիշկ ներկայացուցիչը ընդդիմադիր քաղաքական ակտիվ գործունեությամբ հայտնի, Միքայելյանի անվան հիվանդանոցի ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանն է: «Պատիվ ունեմ» դաշինքի այս մեծ ցուցակում տեղ են գտել նաեւ Արարատի մարզի մի շարք համայնքապետեր, այդ թվում Վեդի համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյանը, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, Փոքր Վեդի, Լուսառատ, Վանաշեն, Այգավան համայնքների ղեկավարները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բողոքի ակցիաներով եւ կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորում ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Վառ օրինակը երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցածն էր, ինչը Փաշինյանին ստիպել է շրջել ոստիկանական մեծ թվով ուժերի ուղեկցությամբ: Այնտեղի հայերը Փաշինյանին դիմավորել են «Կապիտուլյանտ» գրությամբ պաստառներով: Սակայն պարզվում է, որ Փաշինյանը մերժվել է նաեւ հայ համայնքի կողմից: Մասնավորապես, Ֆրանսիայում Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Փաշինյանը հայ համայնքի անդամների հետ երկու ձեւաչափով հանդիպում է առաջարկել, սակայն ե՛ւ նա, ե՛ւ այլ անձինք հրաժարվել են մասնակցել հանդիպումներին, եւ ավելին՝ աջակցել են բողոքի ակցիաներին: «Նա ցանկանում է ցույց տալ, որ սփյուռքի հետ խնդիր չունի, եւ որ ինքը կարող է հանդիպել Ֆրանսիայի նախագահի հետ։ Նա ցանկանում է այս հանգամանքները ընտրությունից առաջ ի նպաստ իրեն օգտագործել: Մենք չենք ցանկանում, որ լինի վարչապետ, որը մասնատում է սփյուռքը։ Մեր հույսն այն է, որ նա չվերընտրվի։ Լավ կլինի, որ ընտրվի հզոր մեկը, որ կկարողանա ճիշտ մշակել իր կապերը Հայաստանի ռազմավարական գործընկերների, օրինակ՝ Ռուսաստանի հետ»,- նշեց նա։ Ավելին, Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիան կողմ էր, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը հոկտեմբերին լիներ, սակայն Փաշինյանն այնքան պնդեց, որ Մակրոնը ստիպված ընդունեց։ Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը պաշտոնական այցով գտնվում է եվրոպական քաղաքներում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հպարտ քաղաքացիները պատերազմից հետո այժմյան իրավիճակում կարծես թե ամաչում են, որ իրենք հայ են, եւ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հաճախ կարելի է տեսնել հայկական ավտոմեքենաների, որոնց համարանիշների վրա դրոշները փակված են։ Ու ստացվում է՝ որքան էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այժմ դիմելով քաղաքացիներին, նրանց անվանում է հպարտ քաղաքացիներ եւ ներկայացնում, թե ոչինչ չի փոխվել, սակայն փաստերն այլ բան են ասում: Վառ ապացույցն էլ Մոսկվայում արված այս լուսանկարն է մեր թղթակցի կողմից, որի վրայից եռագույնը հեռացված է, եւ բարդ է ասել՝ ամոթից, թե վախից ելնելով: Ամեն դեպքում, արձանագրենք, որ ՀՀ հպարտ քաղաքացիներից հպարտությունը խլեց 2018-ի հեղափոխությունը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արա Այվազյանի հրաժարականը որքան հասունացած էր, նույնքան էլ՝ անակնկալ։ ԱԳՆ աղբյուրների փոխանցմամբ, Այվազյանը որոշել է մինչեւ ընտրությունները դիմում չներկայացնել, սակայն գործընթացն արագացել է, եւ նա որոշել է 20 օր չսպասել, քանի որ ԱԳՆ-ն կամա, թե ակամա խաղից դուրս է մղվել եւ ոչ հայանպաստ քայլերի մասնակից դարձել։ ԱԽ նիստում Փաշինյանի արած առաջարկը ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու, Ռուսաստանին մղել է ակտիվ գործողությունների։ Եվ ՌԴ-ն իրավիճակը վերցրել է իր «կոնտրոլի» տակ՝ դիմելով ուժային մեթոդի։ Ռուսական կողմն անհանգստություն ունի, որ Հայաստանում այլ խաղաղապահներ կտեղակայվեն։ Պատահական չէ, որ Այվազյանի հրաժարականը հաջորդեց Վաղարշակ Հարությունյանի մոսկովյան այցին։ Թե ինչ հանձնարարականներ է ստացել նա Մոսկվայում, դեռ պարզ չէ, սակայն Գեղարքունիքի սահմաններին վերջին օրերին ռուս խաղաղապահներ են նկատվում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վլադիմիր Կարապետյանը նշանակվեց Ուկրաինայում ՀՀ դեսպան։ Նրա անցած ուղին դասական օրինակ է, թե ինչպես է սկզբունքային մարդը հրաժարվում իր սկզբունքներից եւ մաս կազմում իշխանություններին։ 2008-ին ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ մի խումբ դիվանագետների հետ, Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցության համար զրկվեց աշխատանքից՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը խախտելու հիմքով։ Նա ՀԱԿ անդամ էր եւ Տեր-Պետրոսյանի թիմի հետ էր երկար տարիներ։ 2018-ի հեղափոխությունից հետո ՀԱԿ շատ անդամներ հարեցին Նիկոլ Փաշինյանի թիմին եւ նույնիսկ պաշտոններ ստացան, բայց քչերը խզեցին կապերը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Այսօր, երբ ՀՀ առաջին նախագահն արմատական ընդդիմություն է, Նիկոլ Փաշինյանի մրցակիցը եւ նրա հեռացումը համարում է օրախնդիր Հայաստանի համար, իսկ ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական է տալիս եւ ոչ երկիմաստ հայտարարություն անում, որ վտանգված են մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը, Վլադիմիր Կարապետյանը ստանձնում է փաշինյանական իշխանության դեսպանի պաշտոնը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ուժի ցուցադրության ամենամեծ դրսեւորումը լուրեր տարածելն է, թե այս կամ այն քաղաքական գործիչը հանդիսանում է ռուսական «դաբրո» ունեցողը, որ նա մեկնեց Մոսկվա, ինչին արդեն հաջորդում են քաղաքական կիսագաղտնի ենթադրությունները։ Աբսուրդը հասնում է նրան, որ տպավորություն է, թե ռուսական քաղաքական վերնախավը, բանուգործ թողած, շատ կարեւոր հանդիպումներ է ունենում Հայաստանից ժամանած մանր ու միջին քաղաքական գործիչների հետ։ Իհարկե, իրականությունն այդպիսին չէ՝ չբացառելով, որ ռուսական իշխանական միջին շերտերի չինովնիկների հետ կապեր ունեցողներ այնուամենայնիվ կան: Օրեր առաջ Հանրային հեռուսատընկերության եթերում Հայաստանի քաղաքական ծանրքաշային, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղիղ ասաց, որ Ռուսաստանը Հայաստանում ուղիղ խոսում է միայն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հետ է պայմանավորվում ու նրա հետ է տեղեկություն փոխանակում, թե ինչպիսի պլաններ ունի Հայաստանի եւ ընդհանրապես տարածաշրջանի հետ: Վարչապետի հասցեին ուղղված սուր քննադատություններին զուգահեռ՝ Տեր-Պետրոսյանի ասածներից կարելի է ենթադրել, որ որքան էլ ավելանում են պնդումները, թե ռուսները ուզում են փոխել Փաշինյանին, կա՛մ ճիշտ չեն, կա՛մ այդքան էլ այդպես չեն: Համենայնդեպս Տեր-Պետրոսյանը արտահերթ ընտրություններից առաջ հստակ հայտարարեց, որ գործող թեկնածուներից եթե կա մեկը, ում հետ ռուսները ուղիղ խոսում կամ աշխատում են, ապա դա Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ թե ինչու դա ասաց, հարցի երկրորդ կողմն է»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Royalsys Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Գալստյանը պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել եւ զրպարտություն համարվող փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել: Հայցը ներկայացվել է մայիսի 31-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին: Դավիթ Գալստյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ հայցի պատճառն այն է, որ Սամսոնյանը ապրիլի 22-ին «РТД» լրատվամիջոցի «Цена перемен. Популизм и технологии борьбы за власть» հաղորդման ընթացքում Գալստյանի մասին տվյալներ է ներկայացրել, որոնք իրականության հետ աղերս չունեն: «Մոտավորապես նա ասել է, թե բանակում հանցագործություններ են կատարվել, իրական արժեքից 3 անգամ բարձր գնով ապրանք է մատակարարվել, հասույթը փոխանցվել է ինչ-որ 3-րդ անձի, ահաբեկիչներին զենք է վաճառվել: Այդ տեղեկությունները, իմ վստահորդը պնդում է, որ չեն համապատասխանում իրականությանը, դրա համար էլ հայց ենք ներկայացրել՝ պահանջելով հերքել»,- ասաց Ասատրյանը: Նա նշեց, որ Գալստյանը որպես փոխհատուցում պահանջում է 1 դրամ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեւ լճի տարածքում վերջին օրերին հարաբերական կայուն է, թեպետ ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց նվաճած դիրքերում եւ 4 դիրք են տեղակայել, յուրաքանչյուրում՝ 25-30 զինծառայող, սակայն Սյունիքից փոխանցում են, որ թշնամին չի ավելացնում իր թվաքանակը, այլ գործողություններ չի ձեռնարկում։ Միակ տարօրինակ բանն այն է, որ սահմանված ժամկետից ավելի հաճախ են հերթափոխ իրականացնում։ Ի դեպ, մեծ թվով կամավորներ՝ մեր կողմից, շարունակում են մնալ Սյունիքում, այս պահին թեեւ նրանց չեն մոբիլիզացրել, բայց ամեն պահի պատրաստ սպասում են հրահանգի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե համարժեք է 2018թ. մակարդակին: 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 2018թ. 4 հազար 188 դոլար էր, 2020թ. դարձել է 4 հազար 269 դոլար, այսինքն՝ ավելացել է ընդամենը 1,9 տոկոսով: Մեր տնտեսությունը դեռ 2018թ. մակարդակին է, եւ բոլոր վիճակագրական տվյալները վկայում են այդ մասին: Անցած տարվա առաջին 4 ամիսների 8,6 տոկոս նվազումից հետո այս տարվա 4 ամիսներին պաշտոնական վիճակագրությունը ներքին առեւտրի 4,8 տոկոս աճ է գրանցել: Այդ ընթացքում գնաճը կազմել է 5,4 տոկոս: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցած տարվա 4 ամիսներին տնտեսական ակտիվության անկումն ավելի մեծ էր։ Անցած տարվա 2,7 տոկոսով անկման փոխարեն՝ այս տարի 2,6 տոկոսով աճ է արձանագրվել, իսկ արդյունաբերության աճը, 4 ամիսների տվյալներով, 1 տոկոսից ցածր է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 495 գովազդային վահանակ է հատկացրել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին: ԿԸՀ տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վեց քաղաքական ուժ՝ Ազգային ժողովրդավարական բեւեռը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը եւ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ունեն ամենից շատ գովազդային վահանակները՝ 59, ՀԱԿ-ն ունի 58 վահանակ, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդական դաշինքը՝ 55: Ամենից քիչ գովազդային վահանակ ունի Հայաստանի Եվրոպական կուսակցությունը՝ 1, որն էլ գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում: Ընդգծենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ թվով պաստառներ ունի վարձակալած Գուրգեն Արսենյանի «Յունիքորն» ընկերությունից:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վերջին օրերին հրապարակային հավակնություններ է դրսեւորում ընտրություններում 60 տոկոս եւ ավելի քվե ստանալու, սակայն դա ավելի շատ հոգեբանական ճնշման միջոց է։ Ուշագրավ է, որ իշխանական ազդեցության տակ գտնվող տելեգրամյան ալիքներից մեկում՝ «Ռադար Արմենիայում» իրականացվող հարցումների արդյունքներով՝ «Քաղպայմանագիրը» երկրորդ տեղում է․ զիջում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։ Երեկվա դրությամբ դաշինքի օգտին հարցվածների 30 տոկոսն էր քվեարկել, «Քաղպայմանագրի» օգտին՝ 25-ը, երրորդ տեղում առաջին նախագահի ՀԱԿ-ն է։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այս հարցումները պայմանավորված են կոնկրետ լսարանով՝ դրանք հանրապետությունում տիրող իրավիճակը չեն ներկայացնում։ Ի դեպ, բոլոր սոցհարցումների տվյալներով՝ էականորեն աճել է ընտրություններին մասնակցելու պատրաստ քաղաքացիների թիվը։ Եթե մոտ մեկ ամիս առաջ մասնակցությունը 50 տոկոսից ցածր էր, ապա այժմ այն գերազանցում է 60-ը։ Սա պայմանավորված է թեկնածու ուժերի առատությամբ։