23.11.2024
Բաքուն ձգտում է նպաստել ՀՀ-ՌԴ հարաբերություններում լարվածության աճին. փորձագետ
prev Նախորդ նորություն

Տղերքն էլ չկան, երկիրն էլ կորցնում ենք

Երկու տարի առաջ մայիսին Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 100 փաստ այսպես կոչված նոր Հայաստանի ու իր կառավարության ձեռքբերումների մասին, որպես կարևոր ձեռքբերում հայտարարեց, թե «մամուլը Հայաստանում ազատ է, քան երբևէ»: Հետագայում նա մեկ անգամ չէ, որ կրկնել է այս միտքը, սակայն արի ու տես, որ ընդամենը երեք տարի պահանջվեց, որ վարչապետ դարձած լրագրողը մամուլի ազատությունը սահմանափակի վարչական հնարավոր ռեսուրսներով, ոստիկանական մի ամբողջ համակարգ հրահանգի պաշտպանել իրեն նախկին գործընկերներից ու պաշտնեշ դնի ազատ մամուլի ու իշխանության միջև այնպես, ինչպես մինչ իրեն Հայաստանի որևէ ղեկավար չէր արել:

Այդ ասուլիսին թվարկված ձեռքբերումների գերակշիռ մասը նույնքան կասկածելի է, որքան ազատ մամուլի մասին պնդումը, ինչը որպես լրագրող առանձնացրեցի այստեղ: Ոչ միայն այն, որ արդեն տևական ժամանակ է կառավարության նիստերի հարցերի 90 և ավելի տոկոսը չզեկուցվող է, Փաշինյանը միակն է (համոզված ենք՝ վերջինը), ով սահմանափակեց լրագրողների մուտքը Սարդարապատի համալիր ազգային տոնի օրով, վախենալով իր համար անհարմար հարցերից: Եվ նման օրինակները, հատկապես այս օրերին, երբ իր գոյության պայքարն է սրվել, բազմաթիվ են:

Ինչ է լինելու առաջիկա քսան օրերին դժվար չէ կռահել. վարչական ռեսուրսը լծվելու է փաշինյանական թիմի վերարտադրությանը ողջ ուժով, չբացառելով թե՛ զանազան մանիպուլյացիաները, որոնք անպակաս են մեր կյանքից արդեն երեք տարի, թե՛ կոմպրոմատների պայքարը, ինչը սպասելի է նաև գործող իշխանության մրցակիցների կողմից: Բայց որքան էլ Փաշինյանի կողմնակիցները մեղադրեն իրենց մրցակիցներին (իսկ միակ հաղթաթուղթը նրանց ձեռքին, որքան հասկանում ենք, «նախկիններ» պիտակն է), թե վերջիններս ևս օգտագործելու են բոլոր հասու մեթոդները առաջիկա ընտրապայքարում, միևնույն է Փաշինյանն է, որ երկրի ղեկավար է և ճակատագրական որոշումներ կայացնողը, Փաշինյանն է, որի օրոք կորցրեցինք Արցախի 70 տոկոսը և նրա օրոք է, որ սեղմվում են նաև Հայաստանի սահմանները:


Փաշինյանն է, որի թիմը Հայաստանի համար նման ճգնաժամային պայմաններում կորցնում է գրեթե միակ պրոֆեսիոնալ կադրերին զուտ այն պատճառով, որ վերջիններս համաձայն չեն «ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել», ինչպես հայտարարեց հեռացող ԱԳ նախարարը:


Ի վերջո, Փաշինյանի օրոք է, որ խայտառակ պարտություն կրած երկիրը 8 ամիս անց էլ հուղարկավորությունների ու փողոցներում սև ժապավենների ճիրաններում է, Եռաբլուրը ամեն օր լայնանում է, ուր դժոխքի մեջ գոյատևող ծնողներին չեն տալիս իրենց որդիների մասունքները հուղարկավորելու, թեև նրանք վաղուց այս ու այն դիահերձարանների հատակներին են շպրտված ու մոռացված:


Մի ամբողջ Հայաստան բզկտված վիճակում սպիտակ տոպրակի մեջ է հայտնվել:


Մինչդեռ Փաշինյանի կառավարությունն է, որ այս ամենն անտեսելով ու չկարևորելով, հունիսմեկյան համերգ է կազմակերպել ու գովազդում այն, կարծես մենք ու իրենք ապրում ենք զուգահեռ իրականություններում: Հիրավի, Հայաստանը վերածվել է ծուռ հայելիների երկրի ….


Կարո՞ղ են արդյոք ընտրությունները փոխել այս դժոխային ստատուս-քվոն: Կարո՞ղ է արդյոք հայ ազգը մտածել, որ հնարավոր է վերադառնալ խաղաղ կյանքի և ընտրությունները դրան տանող կարճ ճանապարհն են: Հարց, որ տանջում է ու որով ամեն օր յուրաքանչյուրս սկսում է իր օրը՝ արդյոք կապրե՞նք մենք հին Հայաստանում: Եվ հարցի պատասխանն այս պահին պետք չէ փնտրել կոնկրետ անձերի կամ անունների մեջ, բնավ, խոսքը այն Հայաստանի մասին է, որտեղ առավոտյան արթնանալիս ու համացանցին միանալիս չես մտածում՝ այսօր ինչնքանո՞վ է փոքրացել հայրենիքս, քանի՞ ընտանիք է նոր գերիների անունները կարդալիս աղոթում՝ մենակ  տղես չլինի…


Մղձավանջը, որի մեջ մենք հայտնվել ենք թե՛ նախորդ ղեկավարի պատճառով, որն այդպես էլ չհրաժարվեց երրորդ ժամկետի գաղափարից ու կարկատեց այնպիսի Սահմանադրություն, որն այսօր ամենաթողության արդարացման գործիք է դարձել անհավասարակշիռ պոպուլիստի ձեռքին, թե՛ նվերջինիս ու իր թիմի պատճառով, որոնց համար հայրենիք, հայ, անկախություն ու ապագա ասվածները կեղծ կատեգորիաներ են ու մարում են նույն արագությամբ, ինչ աճում են բանկային հաշվեհամարի միջոցները, դեռ երկար է մեզ հետապնդելու: Այս չարորակ ուռուցքը պետք է հեռացվի, քանի դեռ դրա հնարավորությունը կա, որքան էլ ասենք, թե արտահերթ ընտրությունները այնքան էլ ճիշտ որոշում չեն այս փուլում: Այլապես ուշ է լինելու՝ պացիենտը կմեռնի, իր հետ գերեզման տանելով Հայաստանն ու հայությանը, ինչին դարեր շարունակ փորձել են հասնել լիալուսնի հովանու ներքո ապրող մեր թշնամի-հարևանները:

Կարելի է միայն մեկ բան հստակ պնդել. Նիկոլ Փաշինյանի մնալն ամեն օր մեզ տանելու է դեպի էլ ավելի խոր անդունդը, և նրա հեռանալը, ցավոք, չի կարող մի վայրկյանում բուժել բոլոր վերքերը: Մենք ու Հայաստանն այլևս երբեք հինը չենք լինի, այլևս երբեք անհոգ չենք լինի, էլ չեմ ասում՝ պետականություն ու անկախություն ունենալով չենք հպարտանա, ինչպես դեռ երեք տարի առաջ էինք հպարտանում: Հայաստանն այսօր, ցավոք, ունի երկու ճանապարհ՝ մեկը ֆիզիկական գոյությունը քիչ թե շատ ապահովող, մյուսը՝ անապագա լիալուսնի ներքո, բայց ոչ դեպի անկախություն ու պետականություն, որոնք կորցրել ենք: Եվ եթե այսօր չսթափվենք, չհասկանանք, որ Մեղրին, այո՛, արդեն իսկ պայթել է Երևանի կենտրոնում, պետականության ու անկախության մասին պետք է մոռանանք ի սպառ: Գոնե մեր սերունդն ու մեր երեխաները:


Որքան էլ լավատեսորեն չնայենք՝ բոլորս էլ հասկանում ենք, որ առաջիկա տասնամյակներին, եթե Հայաստանը հենց այսօր, այս պահին ճիշտ ռելսերի վրա չդրվի, այդ երկու արժեքը մեր երկրի հետ ուղղակի կապ չեն ունենալու… իսկ հետոն Աստված գիտի, որը, կարծես, հեռացել է Հայաստանից…

Լիա Խոջոյան