24.11.2024
Ազգային Ժողովն արտահերթ նիստ կգումարի
prev Նախորդ նորություն

Կառավարությունը շարունակում է կրճատել ավտոմեքենաներն ու դրանց պահպանման ծախսերը

ՀՀ կառավարության աշխատակազմը նախատեսում է կրճատել իր ծառայողական ավտոմեքենաների քանակը և դրանք օտարել: Մասնավորապես, դադարում է այդ օտարվող ավտոմեքենաների համար նախատեսված ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի գնման պահանջը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գործադիրը որոշում է կայացրել ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցները և 3 միավոր սարքերը հետ վերցնել և ամրացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով, ինչպես նաև ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի ձեռքբերման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմի կազմակերպած գնման ընթացակարգերն այդ ավտոմեքենաների համար նախատեսված չափաբաժինների մասով թույլատրվել է հայտարարել չկայացած: Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

ՀՀ վարչապետի՝ ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին ամրացված` 26 միավոր տրանսպորտային միջոցը հետ է վերցվում և ամրացվում ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին ամրացված 24 միավոր տրանսպորտային միջոցը հետ է վերցվել և ամրացվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց 10 օրվա ընթացքում ավարտին հասցնել ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը:

Բացի այս, Կառավարության որոշմամբ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի, Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի սեփականություն հանդիսացող չորս ավտոմեքենաները որպես նվիրատվություն կտրամադրվեն ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ընթացիկ աշխատանքների պատշաճ իրականացման համար: Միաժամանակ առաջարկվում է նաև Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակին ամրացված ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է, որ սա այն բազմաթիվ դեպքերից է, երբ ՊՈԱԿ-ների վրա ձևակերպված մեքենաներն օգտագործել են գերատեսչությունները, նախարարությունները և նման դեպքերը պետք է բացառվեն: