24.11.2024
ԵԱՀԿ-ն շփման գծի Մարտունու շրջանում դիտարկում  կանցկացնի
prev Նախորդ նորություն

Շարմազանովը՝ ՀՀ քաղաքական ուժերին. Քթներդ մի խոթեք Արցախի ներքին գործընթացներին

Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորում է հայաստանյան քաղաքական ուժերին իրենց «քիթը չխոթեն Արցախում ընթացող գործընթացներին»: Այս մասին Շարմազանովն ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ ընդգծելով, որ Արցախը անկախ, ժողովրդավար երկիր է և պետք չէ խառնվել այդ երկրի ներքին գործընթացներին:

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու առթիվ ԼՂՀ Ազգային Ժողովի խմբակցությունները հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ, որում կոչ են արել իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

«Արցախի խորհրդարանի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, նույնն արել են նաև իրավապահները: Լավ կլիներ, որ ՀՀ քաղաքական բոլոր ուժերը հանգիստ նստեն իրենց տեղերում և քթները չխոթեն Արցախում ընթացող գործընթացներին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողների դիտարկմանը, թե ինչո՞ւ պետք է հայաստանյան քաղաքական ուժերը ձեռնպահ մնան այս հարցում, եթե մնացած բոլոր հարցերում միշտ ակտիվ են եղել Արցախում ընթացող գործընթացների նկատմամբ, ՀՀԿ-ական փոխնախագահն ասել է, որ երբ հարցը վերաբերում է Արցախի արտաքին քաղաքականակությանը, անվտանգությանը կամ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարմանը, ապա այո՝ Հայաստանը, որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր , պետք է դա անի ու անում է: Ինչ վերաբերվում է Արցախում ընթացող ներքին գործընթացներին, ապա այդ պետությունում կա ընտրված իշխանություն, որոնք իրենց գործն անում են: