24.11.2024
Փաշինյանն ու իր թիմը պետությունը տանում են դեպի վերջնական կործանում. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն և «Հայրենիքը» ձևավորել են «Պատիվ ունեմ» դաշինքը. վարչապետի թեկնածուն Վանեցյանն է

ՀՀԿ-Հայրենիք կուսակցությունները, որոնք այսօր ձեւավորեցինբ «Պատիվ ունեմ» դաշինքը, հայտարարություն են տարածել: Դաշինքի վարչապետի թեկնածուն Արթուր Վանեցյանն է: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:


ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ


Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։


2018-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները չկատարեցին ժողովրդին տված խոստումները և խորտակեցին իշխանափոխության հետ կապվող՝ լավ կյանք ունենալու մարդանց հույսերը: Ատելություն ու չարություն սերմանելով՝ հասարակությանը բաժանեցին «սևերիև սպիտակների»: Ստով և կեղծիքով եկան իշխանության ու դարձրեցին այն իշխանությունը պահելու միջոցներ:


Ամբոխավարություն, կառավարման սիրողական մակարդակ, Հայաստանի շահերը հետևողականորեն վնասող և երկրի անվտանգությունը խաթարող անհեռատես արտաքին քաղաքականություն, դատարկ խոստումներ, ինքնագոհ ու միահեծան ներքին քաղաքականություն, ժողովրդավարության և ժողովրդի անվան տակ՝ անիրավություն:


Նոր իշխանությունները մեծ հաջողությամբ կարողացան կազմաքանդել տնտեսությունը, կառավարման և իրավական, կրթական և առողջապահական համակարգերը: Կազմաքանդեցին նաև բանակը և երկիրը տարան նոր պատերազմի, որի արդյունքումունեցանքծանրագույն մարդկային կորուստներ, իսկ Արցախի շուրջ 75 տոկոսն անցավ թշնամու վերահսկողության տակ:


Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող մեր հաղթանակած ազգը վերածվեց պարտված և հուսալքված ժողովրդի՝ կորցնելով ազգային ոգին:


Վերջին պատերազմն ու հետպատերազմյան իրողությունները շատերի համար ակնհայտ դարձրին, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ նաև հակառակը՝ իր ֆիզիկական գոյությամբ Արցախն էր Հայաստանի անվտանգության ողնաշարը: Արժանապատիվ խաղաղության մեր երազանքը մնաց անկատար, և վերահաս պատերազմի ուրվականն արդեն Սյունիքում է: Ժամանակն է հասկանալ, որ հաջորդ պատերազմը մղվելու է Հայաստանի սահմաններին։


Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ


Առկա իրողություններում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում ահազանգել մեր մտահոգությունների մասին, ուղիղ և շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության և գործելաոճի մասին:


Մենք համոզված ենք, որ կապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են։


Նման պայմաններում մենք պետք է ոչ միայն մատնացույց անենք կառավարության ճակատագրական սխալներն ու աղաղակող բացթողումները, այլև ազգովի անհապաղ ձեռնամուխ լինենք բոլոր ուղղություններով իրավիճակի կայունացմանը, քանզի սեղանին է դրված հայի լինելության և հայոց պետականության խնդիրը:


Մենք համոզված ենք, որ այս ամենի գիտակցումը կբերի նրան, որ հունիսի 20-ին Դուք կշռադատված և սթափ ընտրություն կկատարեք՝ շարունակել ապրել պատվազուրկ և մղձավանջ հիշեցնող դժգույն ու դժբախտ իրականության մեջ, թե վերջապես շրջել հայոց պատմության ամոթալի էջը:


ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ՓՈՐՁ + ԷՆԵՐԳԻԱ ԵՎ ՈՒԺ


Մեր դաշինքը Հայաստանի քաղաքական կյանքում յուրահատուկ է իր առավելություններով: Այն կազմող կուսակցություններն ու անհատները թե՛ պետականաշինության լավագույն ավանդույթների, թե՛ փոփոխությունների անհրաժեշտության, թե՛ գիտելիքի և փորձի, թե՛ թարմության և ուժի հաստատակամ կրողներն ու ջահակիրներն են:


Որպես անկախ Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ ՀՀԿ-ն Հայաստանի պետականաշինության մեջ ամենամեծ փորձառությունն ունեցող քաղաքական կառույցն է, հետևաբար ունի ասելիք մեր ազգային-պետական կյանքում: Հանրապետականի քաղաքական արմատները, Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքի վրա հիմնված գաղափարախոսությունը, արդիականության ու պահպանողականության համադրումը բարոյաքաղաքական նշանակալի կապիտալ են ապահովում մեր դաշինքին՝ հաջողության հասնելու համար:


«ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն ունի ամուր գաղափարական հենք՝ խարսխված ազգային-պահպանողական առանցքի վրա, որը միտված է դեպի առաջընթաց: Այն ենթադրում է ուժեղ պետության աջակցությամբ և պատմական բնական զարգացումների անհրաժեշտությամբ պայմանավորված ավանդական արժեքների չափավոր ու ներդաշնակ պահպանում:«ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն հասցրել է կարճ կենսագրության ընթացքում իր շարքերի ներքո ներգրավել երկրի տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած, հայտնի և պետականասեր մարդկանց: Կուսակցությունը կարողացել է դառնալ քաղաքական դաշտի առանցքային դերակատարներից մեկը՝ բերելով նոր քաղաքական մշակույթ և բովանդակություն:


Դաշինքի անդամ կուսակցությունները քաղաքական փորձառության, կազմակերպական հզորության, գաղափարական ընդհանրության լավագույն ներդաշնակեցումն են Հայաստանի քաղաքական կյանքում:


Մենք ունենք թե՛ գիտելիք և փորձ, թե՛ էներգիա և ուժ։


ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԸ


Մենք պարտավոր ենք խոստովանել և ընդունել, որ մերգործունեության եղել են ինչպես բացթողումներ, այնպես էլ թերացումներ և լուրջ սխալներ: Չի սխալվում միայն նա, ով չի գործում։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ միայն շարժիչի չաշխատող մասն է, որ չի սևանում: Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը և քաղել դասերը: Եվ այսօր, առավել քան երբևէ, պատրաստ ենք մեր գիտելիքները, փորձն ու նվիրումը ի սպաս դնել մեր Հայրենիքին ու ժողովրդին:


Մենք գիտակցել ենք և ընդունում ենք մեր սխալները:


ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ, ԱՐՑԱ՛Խ


Կառավարությունը ձեռքերը լվացել է Արցախից և դա համարում է գերտերությունների խնդիր։ Ձախողումները բերեցին նրան, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, այլ հումանիտար աջակցության պլատֆորմ, որի միակ գործառույթը աշխարհի տարբեր ծայրերից եկող օգնության փոխանցումն է արցախցիներին։


Արցախի հարցում մենք լինելու ենք անզիջում: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր Հայրենիքի գոյության և անվտանգության անկյունաքարային հարցն է:


Հայ ժողովրդի գոյության և բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է: Բայց իշխանություններն ի զորու չեն ապահովելու ո՛չ խաղաղություն, ո՛չ Արցախի կենսունակությունը։ Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու ապրել առանց պատերազմի:


Մենք հայցում ենք Ձեր քվեն՝ սրտում ու մտքում ունենալով Արցախի անվտանգ ապագայի ու կայուն զարգացման ապահովման երազանքն ու գերնպատակը:


Մասնագիտական, անաչառ և բազմակողմանի ուսումնասիրության և հետաքննության առարկա պետք է դառնան 44-օրյա պատերազմի բոլոր՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, կառավարչական հանգամանքները: Մեր ժողովուրդը պետք է ստանա ամենագլխավոր հարցերի պատասխանները՝ ինչու՞ այսպես եղավ, և ո՞վ էր մեղավոր` դրանից բխող բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով:


Մենք արժանապատիվ խաղաղության կողմնակից ենք, որտեղ արժանապատվությունը նույնքան կարևոր է, որքան խաղաղությունը:


ՄԵՆՔ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ԿՐՈՂՆ ԵՆՔ


Ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, բանակը թուլացավ, երբ գիտակցաբար կտրվեց բանակ-հասարակություն կապը։ Կապը կտրվեց, երբ Հայրենիքի հանդեպ զինվորական պարտքի զգացումն ու մարտունակությունը սկսեց չափվել զորամասային ճաշարանում ելակի առկայությամբ։ Կապը կտրվեց, երբ փորձառու և բանիմաց հրամանատարներին փոխարինեցին հարմարվող և հնազանդ սպաներով, որոնք Հայաստանին ծառայելու փոխարեն գերադասեցին ծառայել անձնիշխանությանը: Կապը կտրվեց, երբ պրոֆեսիոնալ բանակ ունենալու անվան տակ արշավ սկսվեց ժամկետային զինվորական ծառայության ինստիտուտի դեմ։ Կապը կտրվեց, երբ բանակի համակարգված համալրման մեխանիզմն ուզեցին փոխարինել ֆիդայական ջոկատներով։ Կապը կտրվեց, երբ շրջանառության մեջ դրվեց «Ինչու՞ մեր զավակները պիտի պաշտպանեն Արցախի սահմանը» ազգակործան թեզը՝ նպատակադրված մոռացության մատնելով այն փաստը, որ Արցախի սահմանին կանգնած զինվորը առաջին հերթին պաշտպանում է նաև Հայաստանում բնակվող քաղաքացիների անդորրը։ Իսկ վճռական հարվածը բանակին հասցվեց, երբ ապիկար կառավարման ձախողումները և դրանց արդյունքում կրած պարտությունը վերագրեցին բանակին։


Որպես անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում տասնամյակների կառավարչական և քաղաքականության մշակման փորձ ունեցող ուժեր՝ մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը մեր երկրի զինված ուժերի վերականգնման և արդիականացման ուղղությամբ։ Հանրապետականի կառավարման տարիներին բանակը եղել է ամենաբարձր հանրային վստահությունը վայելող պետական ինստիտուտը։ Մենք վերականգնելու և բազմապատկելու ենք բանակի նկատմամբ հանրային վստահությունը։


Մենք ներդնելու ենք բանակի նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության արդյունավետ գործիքներ: Զինված ուժերը մեր ժողովրդի և երկրի կայուն ու անվտանգ զարգացման գրավականն են, մեր գոյատևման առհավատչյան:


«Ազգ-բանակ» հայեցակարգը պետության պաշտպանունակության, կայուն ու անվտանգ զարգացման երաշխիքն է:


ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ


● Մենք պահպանողական կուսակցություններ ենք, որոնց նպատակներն ու գործունեությունը բխում են Հայրենիքի հավերժականության գաղափարից:


● Հայկական անկախ պետականությունը հայության նպատակների իրականացման միակ միջոցն է: Պետության հզորացումը մեր ժողովրդիհարատևության, քաղաքացիների բարեկեցության, մեր սահմանների պաշտպանվածության և միջազգային հեղինակության ապահովման միակ ճանապարհն է: Պետության զարգացման պարտադիր պայմանն ու երաշխիքն«ԱԶԳ-ԲԱՆԱԿ»հայեցակարգի լիարժեք ներդրումն է:


● Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անգնահատելի մեծ դեր ունի հայ ժողովրդի արժեհամակարգի, լեզվի ու մշակույթի անաղարտության պահպանման, դրանով իսկ` հայության միասնության ապահովման գործում։ Մենք այն համարում ենք հայի ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին, միաժամանակ լիովին հարգում ենք մարդկանց խղճի ազատության իրավունքը:


● Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ:


● Հայաստանի Հանրապետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքի հայության ներուժը ի նպաստ Հայոց պետականության հզորացմանև սփյուռքի արժանապատիվ գոյության ուղղելուն։


● Իրավունքի գերակայությունը, մարդու հիմնական իրավունքների նկատմամբ հանրային իշխանության հարգանքն ու դրանց պաշտպանության արդյունավետ արդարադատական մեխանիզմների առկայությունը, բազմակարծությունը, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների լիարժեք կենսագործումն ու հասարակության բաժանարար գծերի վերացումը այլընտրանք չունեն:


● Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:


ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ


Մենք ունենք բազմաթիվ հայրենասեր, փորձառու, խելացի թիմակիցներ, ովքեր, անկախ որևէ հանգամանքից, շարունակում են ծառայել Հայրենիքին և Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում կունենան ավելի լայն հնարավորություններ իրենց կարողություններն ու ջանքերը ներդնելու հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագայի: Օգտագործենք նրանց փորձն ու գիտելիքը երկրի հետագա զարգացման համար:


Պատրաստ ենք ծառայել Հայրենիքին:


«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք


Հայաստանի Հանրապետական կուսակցություն


«Հայրենիք» կուսակցություն»: