Պուտինն արգելել է ՌԴ-ից ավելի քան 1մլն ռուբլի կանխիկ գումար դուրս բերել ՀՀ և ԱՊՀ երկրներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արգելել է ֆիզիկական անձանց երկրից դուրս բերել 1 մլն ռուբլուց ավելի կանխիկ գումար Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ԱՊՀ անդամ երկրներ, որոնց թվում են Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան:
Այս մասին հրամանագիրը հրապարակվել է սեպտեմբերի 29-ին իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում:
Փաստաթուղթը նախատեսում է որոշակի բացառություններ: 1 մլն ռուբլուց ավելի գումարը կարող է դուրս բերվել որոշակի միջազգային օդանավակայաններով, եթե ճանապարհորդը ներկայացնի պաշտոնական բանկային քաղվածքներ, որոնք հաստատում են, որ միջոցները օրինականորեն են դուրս բերվել ռուսական բանկերում առկա հաշիվներից կամ ավանդներից: Սա վերաբերում է քաղաքացիներին, ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին:
Նշվում է, որ արգելքը չի տարածվում նաև այն անձանց վրա, որոնք տեղափոխում են 1 մլն ռուբլուց ավելի գումարներ՝ միջազգային և միջկառավարական կազմակերպություններում Ռուսաստանի դիվանագիտական առաքելություններին աջակցելու համար. նման դեպքերը պահանջում են համապատասխան ծանուցում Արտաքին գործերի նախարարությանը:
«Արգելքը խախտելու դեպքում Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող ՌԴ կանխիկ արժույթը ֆիզիկական անձանցից ենթակա է առգրավման՝ 1 մլն ռուբլին գերազանցող չափով, իսկ իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից՝ ամբողջությամբ», - ասվում է փաստաթղթում։