Ռուս խաղաղապահները շարունակում են Ղարաբաղում հայտնաբերված զինամթերքի ոչնչացումը
Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման անձնակազմի կողմից շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքները: Այս մասին մայիսի 14-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Պայթյունավտանգ իրերի եւ զինամթերքի ոչնչացումը Լեռնային Ղարաբաղ խաղաղ կյանք վերադարձնելու գործընթացի կարևոր մասն է», - հայտնել է Հումանիտար ականազերծման ստորաբաժանման սպա Իլյա Մանյակինը: «Օրեցօր շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման ընթացքում հայտնաբերված պայթուցիկ իրերի վերամշակումը», - հավելել է նա:
Ամեն օր «Բալիջա» հատուկ զորավարժարանում ռուս զինծառայողները ոչնչացնում են շուրջ 120 պայթյունավտանգ առարկաներ, որոնց թվում են տարբեր տրամաչափի ականներ եւ հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթելու եղանակով՝ պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ։
Նախօրեին ռուս սակրավորների կողմից ոչնչացված զինամթերքը հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի ականազերծման ընթացքում։
Ընդամենը 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2115 հեկտար տարածք, ավելի քան 656 կմ ճանապարհ, կատարվել է սակրավորների կողմից 1832 շենքերի ստուգում: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 611 պայթուցիկ նյութ:
Ականազերծման աշխատանքներին ամեն օր ներգրավվում են Հումանիտար ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայողներ:
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: