24.11.2024
Սյունիքում անհրաժեշտ է ձևավորել անվտանգության գոտի. Արման Թաթոյան
prev Նախորդ նորություն

Արցախը ոչ թե մեր բեռն ու գլխացավանքն է, այլ մեր գոյության երաշխիքն է. Մենուա Սողոմոնյան

Վերջին շրջանում, ցավոք, ազգայինը Հայաստանում օգտագործվել է պոպուլիստական նպատակներով: Եղել են ուժեր, ովքեր իրենց նյութական շահերն են առաջ տարել՝ այն համեմելով ազգայինով, ինչով նպաստել են պոստմոդեռն ուժերի թիրախավորած քարոզչության միջոցով ազգայինի վարկաբեկմանը: Այս մասին հայտարարել է միջազգային հարաբերությունների մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, «5165» շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանը:


Նրա խոսքով, մարդիկ խոսել են ազգային գաղափարներից, բայց նրանք չեն եղել դրա կրողը.


"Բացի այդ, ազգայինը չի կարելի պրոեկտել միայն հնի հետ, կարելի է բաց լինել նորարարությունների հանդեպ՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը",- ասել է նա:


Նրա խոսքով, 2018 թվականից հետո եկեղեցու դեմ քայլեր են իրականացվում, կազմակերպված արշավ, որի նպատակն է հայ ազգի ինքնության առանցքների կազմաքանդումն ու կերպափոխումը: Ասվածը պոստմոդեռն գաղափարախոություն կրող շարժում է, որը նպատակ է հետապնդում հնարավորինս գլոբալիզացման գնալ՝ թուլացնելով հանրույթների ինքնությունները.


"Նրանք միտում ունեն ստեղծել անդեմ հասարակություն, որտեղ կարևոր արժեքը նյութականացված է՝ բարեկեցությունը դիտարկվում է որպես վերջնանպատակ: Այնպիսի հիմնասյուները, ինչպիսիք են եկեղեցին, մշակույթը, բանակը, ուժեղ պետականությունը և ազգային գաղափարախոսությունները արժանանում են կազմակերպված արշավի: Նրանք օգտագործում են եկեղեցու մասնավոր դեպքերը ու ոմանց թերությունները: Գուցե եկեղեցին չի ունեցել հնարավորություն ավելի ճիշտ կերպով համայնքի հետ կապ հաստատելու, և այս հարցում եկեղեցին մեր աջակցության կարիքն ունի: Կան առանձին թեմեր, որտեղ եկեղացականները ներդաշնակ են բնակչության հետ: Հարկավոր է այս հարցում ուշադիր լինել, ցուցաբերել խորքային մոտեցում",- ասել է Սողոմոնյանը:


Հիմա մենք փաստացի գտնվում ենք, շարունակում է նա, մի իրավիճակում, երբ հասարակությունը չափազանց պառակտված է, անվստահության մթնոլորտ է տիրում: Եվ պետք է ամեն գնով հասարակությանը բերենք նրան, որ միասնականության մեջ է խնդիրների լուծման ճանապարհը. "Մենք պետության կորստի իրական սպառնալիքի առաջ ենք, եթե լինենք միասնական, ապա կկարողանանք պայքարել դրա դեմ":


 


Ինչ վերաբերում է առաջնահերթ հարցին՝ Արցախի շուրջ իրավիճակին, Սողոմոնյանը նշել է, որ այսօր իշխանությունների կողմից քննարկման է դրվում այն թեզը, որ կարելի է արդեն հրաժարվել Արցախից և գործող իշխանությանն աջակցող շատ մարդիկ, որոնք ունեն ցածր գիտակցություն, աջակցում են նրանց այս գաղափարի առումով.


"Լսում ենք, երբ ասում են՝ իմ երեխան չպետք է ծառայի Արցախում: Մենք շատ բարդ հանձնարարություն ունենք հիմա՝ ցույց տալ ժողովրդին, որ Արցախը ոչ թե մեր բեռն ու գլխացավանքն է, այլ մեր գոյության երաշխիքն է",- հավելել է նա: