Washington Post. Ղարաբաղում խաղաղության ճանապարհին առկա է 2 խոչընդոտ
Ղարաբաղի հարցով երկու տասնամյակ տեւող բանակցությունները նշանակալի ոչնչի չհանգեցրին, իսկ քառօրյա պատերազմը խարխլեց համապարփակ լուծում գտնելու հույսը: Այն օրինականացրեց ուժի կիրառումը: Այս մասին գրում է Washington Post-ը, իսկ հոդվածը թարգմանաբար ներկայացնում է news.am-ը:
Ադրբեջանական կողմում այն վստահություն տվեց նրանց, ովքեր պնդում են Լեռնային Ղարաբաղն ուժով վերադարձնելու օրինականացման հարցում: Հայկական կողմում էլ այն ամրապնդեց վստահությունն այն հարցում, որ պետք չէ զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններից, նաեւ որեւէ որոշում ընդունել, որը չի երաշխավորում լիարժեք անկախությունը: Կողմերից յուրաքանչյուրը մտավախություն ունի, որ մյուսը խաղաղության համաձայնագիրը կօգտագործի սեփական նպատակներով:
Մինչեւ վերջ պարզ չէ, թե ինչը հանգեցրեց ապրիլյան բախումներին, չնայած ամենահավանական պատճառն այն է, որ Ադրբեջանը որոշեց փորձարկել Հայաստանի պաշտանություննու հայկական կողմին ստիպել զիջումների գնալ բանակցությունների ընթացքում: Ադրբեջանին բացարձակ ձեռնտու չէ ստատուս-քվոն եւ տարածքների զգալի մասի դե-ֆակտո կորուստը, եւ որեւէ կերպ ձեռնտու չէ խաղաղության գործընթացը, որն առանց զգալի արդյունքների ձգվում է տարիներ շարունակ:
Եթե անգամ լարվածության այս սրացումը բանակցություններում փակուղին ռիսկային դարձրեց Հայաստանի համար, դա դեռեւս բավարար չէ բանակցությունների համար: Այդ ճանապարհին երկու խոչընդոտ կա:
Լուծումները դյուրին չեն լինի, այդ թվում՝ տեղի հասարակությունների համար
Եթե անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները փոխզիջման մասին որոշում կայացնեն, շատ բանի չի հասնի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը՝ չհամոզելով ո՛չ իր կառավարությանը, ո՛չ հանրությանը: Երկու կողմից էլ հռետորաբանությունն ավելի ու ավելի կտրուկ է դառնում: Չեն քննարկվում այլընտրանքային դիրքորոշումներ կամ խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցեր:
Երկու կողմերն էլ հակամարտությունն օգտագործել են քարոզչության համար՝ հակառակորդին որպես թշնամի ներկայացնելով, իսկ դա խանգարում է փոխզիջմանը:
Հայկական կողմի առաջնորդները, որոնք ձգտում էին չափավոր դիրքորոշման, իրենց երկրում դիմադրության բախվեցին, հատկապես՝ 1998 թվականին, երբ փոխվեց նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ լավ են հիշում, թե որքան ռիսկային է զիջող թվալը:
2003 թվականին իշխանության գալով՝ Իլհամ Ալիեւը վնասազերծեց ադրբեջանական ամբողջ ընդդիմությունը: Բայց նա նույնպես մանեւրելու քիչ տեղ ունի: Նրա երկիրը շարունակում է տնտեսական ճգնաժամի մեջ մնալ: Քառօրյա պատերազմն ազգայնական էյֆորիայի բռնկման հանգեցրեց: Իսկ դա վատ է համադրվում բարդ փոխզիջումների հետ, որոնք անխուսափելի են խաղաղության համաձայնագրի համար:
Համատեղ գոյակցության ցանկության բացակայությունը
Սկզբունքները, որոնք 2005 թվականից ի վեր բանակցությունների հիմքում են, կհետաձգեն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Միաժամանակ, հայկական ուժերը պետք է ազատեն տարածաշրջանին հարակից տարածքները, փախստականներն ու տեղահանվածները պետք է վերադառնան, իսկ Լեռնային Ղարաբաղը պետք է պետք է միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ ստանա: Իսկ վերջնական կարգավիճակը կվճռի ժողովրդի կամարտահայտությունը:
Հայկական կողմը դա համարում է անկախության շուրջ հանրաքվեն: Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ համաձայնագրի բոլոր բաղադրիչները բանակցությունների սեղանին էին, նա հենց դա նկատի ուներ: Բայց երկու կողմերն էլ համաձայն չեն այդպիսի մեկնաբանության հետ, մասնավորապես, կամարտահայտության եւ դրա կազմակերպված ժամանակի մասով:
Այլ երկրներ, ներառյալ՝ Սուդանը կամ Բուգենվիլը՝ Պապուա-Նոր Գվինեայում, փորձեցին նման բան ձեռնարկել, բայց մեկ կարեւոր պայմանով: Անջատականների միջեւ տարածքների բաժանումը նշանակում էր, որ տարածքային ամբողջականությունը կարող էր գրավիչ տարբերակ դառնալ:
Ղարաբաղում այդպես չէր: Քաղաքական ոչ մի ուժ չի վիճարկում անկախության գաղափարը, իսկ հարցումները ցույց են տալիս, որ գերակշռող մեծամասնությունը մերժում է Ադրբեջանի հետ ցանկացած ապագա ասոցացում: Չնայած վերաինտեգրման մտադրությանը՝ Ադրբեջանի կառավարությունը ոչինչ չարեց, որպեսզի կապեր հաստատի Լեռնային Ղարաբաղի հայերի հետ եւ նրանց վստահությանն արժանանա: