Հայաստանն այսօր կանգնած է խորացող ճգնաժամի շեմին, որի արձագանքները հասնում են նաև Սփյուռքի համայնքներին։ Այս բարդ ժամանակահատվածում Հայկակական Բարեգործական Ընդհանուր Միությունը (AGBU) հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտելով զսպվածության, Սահմանադրության պահպանման և ազգային միասնության անհրաժեշտությունը։
AGBU-ն ընդգծում է, որ Հանրապետության Սահմանադրությունը և ժողովրդավարական ընթացակարգերը պետք է հարգվեն՝ ինչպես պետական իշխանությունների, այնպես էլ քաղաքացիների կողմից։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է պահպանել և հարգել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հաստատված կանոնակարգերը և հոգևոր ինքնավարությունը, որը ծառայում է ողջ հայ ազգին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։
Ըստ հայտարարության՝ պետական իշխանությունների պարտականությունն է ապահովել օրենքների կատարումն ու քաղաքական կառավարումը ժողովրդավարական շրջանակներում՝ հարգելով նաև խոսքի ազատության իրավունքը։ Իսկ Եկեղեցին իրավասու և պարտավոր է շարունակել իր հոգևոր առաջնորդության առաքելությունը՝ հիմնված իր դարավոր ավանդույթների վրա։
AGBU-ն հիշեցնում է, որ թե՛ Սահմանադրությունը, թե՛ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը հստակ տարանջատում են պետության և Եկեղեցու դերը։ Թեև քննադատությունը կամ անհամաձայնությունը ընդունելի են, սակայն ապակառուցողական հռետորաբանությունը և Սահմանադրական սահմանները խախտող միջամտությունը անթույլատրելի են։
AGBU-ն նշում է, որ ինչպես պետությունն է ձգտում խաղաղության և բարօրության, այնպես էլ Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է մնալ համահայկական հավատքի և ինքնության հիմնասյունը՝ ավելի քան 1700 տարվա ընթացքում հաղթահարելով կայսրություններ, բռնապետություններ և ցեղասպանության փորձ։
AGBU-ն հորդորում է բոլոր կողմերին հրաժարվել պառակտումից, վերականգնել հարգանքի վրա հիմնված երկխոսությունը և համախմբվել համազգային շահի շուրջ։ Միայն միասնությամբ կարելի է հաղթահարել առաջիկա մարտահրավերները։
Այս հայտարարության ֆոնին Հայաստանում աճում է մտահոգությունը վերջին օրերին տեղի ունեցած ձերբակալությունների շուրջ, որոնք առնչվում են ինչպես ընդդիմադիր գործիչների, այնպես էլ հոգևորականների։ Մասնավորապես, կալանավորվել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տեր Բագրատ Սրբազանը, ինչպես նաև մի շարք նրա համախոհներ։ Նրանց մեղսագրվում է իշխանության բռնի զավթում նախապատրաստելը։ Ավելի ուշ ձերբակալվել է նաև արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը, որի շուրջ դեպքերը բողոքի ալիք են առաջացրել հավատացյալների շրջանում։ Ավելի վաղ կալանավորվել էր գործարար Սամվել Կարապետյանը, որը հրապարակավ հանդես էր եկել իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությամբ։
Ընդդիմադիր ուժերը մտահոգություն են հայտնում, որ տեղի ունեցող գործողությունները կարող են ունենալ քաղաքական շարժառիթ։ Մինչդեռ իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ հարուցված քրեական գործերն ամբողջովին իրավաչափ են։