Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությունը շաքարավազ ներկրողին մենաշնորհը օրենքով ամրագրելու հավանականության մասին, մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում: Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունը, թե Մինասյանի խոսքերը խեղաթյուրվել են էլ ավելի մեծ խառնաշփոթ ի հայտ բերեցին: VERELQ-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց, որ ի սկզբանե հակված էր մտածելու, որ այդ հայտարարությունը ոչ թե Արծվիկ Մինասյանի մոտեցումն ու գաղափարն է արտահայտում, այլ այն, որ ինքը ուրիշ բան չի կարող անել:
«Մենաշնորհի օրենքով ամրագրումը մի շարք բացասական երևույթներ, որ առկա են հանրապետությունում, ավելի կխորացնի, քանի որ ազգաբնակչության եկամուտների խայտառակ ցածր մակարդակը, շարունակվող արտագաղթը, աղքատության տոկոսի ավելացումը, միջին խավի բացակայությունը շարունակում են լուրջ մարտահրավերներ հանդիսանալ մեր տնտեսության զարգացմանը: Մենաշնորհներն օրենքով ամրագրելը այս ամենը ուղղակի կխորացնի»,- նշեց Բոստանջյանը:
Տնտեսագետի խոսքով, առաջնային է հնարավորինս ազատվել այս վիճակից, այդ թվում և մենաշնորհներից, իսկ հակառակ գործողությունները հասարակության շրջանում հերթական անգամ հույսի ու հավատի կորուստ կառաջացնեն:
«Բացի այդ, վտանգավոր է տալ մեկին մենաշնորհ, դա իր ետևից շղթայական ռեակցիա կբերի և բոլոր ոլորտները կմենաշնորհվեն: Հուսամ, որ այդուհանդերձ նախարարի ասած տարբերակը կյանքի չի կոչվի»,- ասաց Բոստանջյանը՝ հղում անելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությանը, որ Արծվիկ Մինասյանի խոսքերը խեղաթյուրվել են ու հորդորելով սպասել:
Հետաքրքրվեցին՝ այդուհանդերձ, ինչպես կարելի է դուրս գալ տնտեսական դաշտում առկա վայրիվերումներից ու ոչ ցանկալի վիճակից և սա անկախ նրանից մենաշնորհ կտրվի շաքարավազ ներկրողին, թե ոչ, քանզի տնտեսական համակարգն է վատ վիճակում: Վարդան Բոստանջյանի համոզմամբ՝ տնտեսական համակարգը ուղղակիորեն կապված է քաղաքական համակարգի հետ և պայմանավորված է դրանով: Իսկ սա նշանակում է, որ հանրապետությունում հարկավոր է ստեղծել քաղաքական իրական համակարգ, անել ամենը, որպեսզի քաղաքական մենաշնորհը նախևառաջ վերանա և Հայաստանում քաղաքական համակարգը ի վերջո կայանա: Առավել ևս այսօր, երբ ամեն օր գրեթե նոր կուսակցություն է ստեղծվում ու քաղաքական դաշտում ներկայացված լինելու հայտ ներկայացնում.
«Այս ամենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եղել և մնում է կարևորագույն քաղաքական ուժը, որը կարող է մեծապես ազդել քաղաքական համակարգի կայացման վրա: ԲՀԿ-ն այսօր քաղաքական դաշտի ամենաառանցքային ուժերից է և ես վստահ եմ, որ կունենա իր առանցքային դիրքը 2017-ի խորհրդարանում ևս: Ի պատիվ Նաիրա Զոհրաբյանի՝ նա կարողացավ Ծառուկյանից հետո իսկապես կուսակցությունում ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը հաղթահարել, ինչի շնորհիվ կուսակցությունն իր առաջնային դիրքերը քաղաքական դաշտում շարունակում է պահպանել»,- հավելեց Բոստանջյանը:
Հիշեցնենք, վերջին մեկ տարվա ընթացքում հայաստանյան քաղաքական դաշտում ստեղծվեցին մի շարք կուսակցություններ, որոնք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացնելու՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Ալյանս», «Համախմբում», «Ռեֆորմիստների կուսակցություն», օրերս նաև ստեղծվեց «ԳԱԼԱ» կուսակցությունը և այլն: Այս բոլոր կուսակցությունները ստեղծվել են հանրության հայտնի անհատների կողմից: