23.11.2024
ՀՀ նախագահը կոչ է արել ԵԽԽՎ-ին ձեռնպահ մնալ սադրիչ մեղադրանքներ պարունակող բանաձևերից
prev Նախորդ նորություն

Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը նոր հեռանկարներ է ստեղծում ԵԶԲ հետ փոխգործակցության համար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին: Նախագահը բարձր է գնահատել բանկի գործունեությունը Հայաստանում և ընդգծել, որ երկիրը շահագրգռված է խորացնելու համագործակցությունը ԵԶԲ հետ՝ քննարկելով պետության համար առաջնահերթ և հեռանկարային ծրագրերի իրագործմանը բանկի ներգրավվածության հնարավորությունները:

Զրուցակիցները երկուստեք նշել են, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հեռանկարներ և բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստան-ԵԶԲ փոխգործակցությունը զարգացնելու համար:

Դմիտրի Պանկինը գոհունակությամբ է խոսել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4) նախագծի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման վերաբերյալ, որի մասին համաձայնագիրը երեկ ստորագրվել է ՀՀ կառավարությունում:
Նա նշել է, որ բանկը հետաքրքրված է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, լեռնահանքային արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում Հայաստանում ծրագրերի իրագործմամբ և ուրախ է, որ այդ ոլորտները նաև Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների շարքում են: