Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը կքննարկեն ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Այդ մասին հայտնի է դարձել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի և Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաիի հանդիպման արդյունքներով:
Կողմերը քննարկել են ԵՏՄ-ի և Իրանի երկարաժամկետ համագործակցության հարցերը և պայմանավորվել են կազմակերպել բարձր մակարդակի փորձագետների հանդիպում՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հարցերը քննարկելու համար: Մոտակա բանակցությունների հիմնական թեմաներից է լինելու ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Այդ մասին հայտնում է Iran.ru կայքը:
Վիկտոր Խրիստենկոն Իրանը համարել է կարևոր տնտեսական գործընկեր ԵՏՄ-ի բոլոր երկրների համար և ընդգծել, որ ԵՏՄ-ի և Իրանի միջև համագործակցությունը հանդիսանում է տարածաշրջանում տնտեսական կայունության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորագույն ուղղություն:
Մինչ այդ,
VERELQ-ը հայտնել էր, որ Իրանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո այդ երկրի շուկան կբացվի օտարերկրյա ներդրողների համար: Մրցակցությունը շատ խիստ է լինելու, սակայն ատոմային էներգետիկայի և ռազմական արդյունաբերության ոլորտներում Ռուսաստանը չունի հավասարը: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Շվեյցարիայում բանակցությունների արդյունքում, վեցնյակը և Իրանը պայմանավորվել են, որ ուրանի հարստացման իրանական հզորությունների 2/3-րդը կդադարեցնի իր աշխատանքը 10 տարով: Բացի այդ, Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման իր բոլոր ծրագրերը դնել միջազգային վերահսկողության տակ 25 տարվա ընթացքում: Վեցնյակը և Իրանը նախատեսում են ավարտել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի պատրաստումը մինչև հունիսի 30-ը: ԵՄ-ը Իրանի կողմից պարտավորությունների կատարման պարագայում վերացնելու է պատժամիջոցները:
Իրանի հետ պատրաստ են համատեղ նախագծեր իրականացնել ռուսական մեքենաշինական, ավիաարդյունաբերական և նավաշինարարական ընկերությունները: Ավտովազը, ԳԱԶ-ը և ԿամԱզը արդեն բանակցություններ են վարում Իրանում իրենց ձեռնարկությունները բացելու ուղղությամբ: Լուկոյլ նավթային ընկերությունը նույնպես պատրաստ է վերսկսել համագործակցությունը Թեհրանի հետ:
Աբու-Դաբիի Delma Institute-ի Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի գծով փորձագետ Յուրի Բարմինի կարծիքով, մոտակա տարիներին Ռոսատոմը կմնա իրանական շուկայում միջուկային ոլորտում աշխատող ամենաառաջատար ընկերությունը: Նրա խոսով, առաջին հերթին դա վերաբերվելու է Բուշերի ատոմակայանի շինարարության շարունակման գործընթացին:
Ավելի շատ Մոսկվան կարող է շահել ռազմաարդյունաբերական ոլորտում Իրանի հետ համագործակցությունից, քանի որ Թեհրանի հետ Ռուսաստանը ունի ստորագրված պայմանագրեր:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ է հայտարարել Իրանին C-300 զենիթա-հրթիռային համակարգերի տրամադրման արգելքը: ՌԴ-ի ԱԳ նախարարի խոսքով, կայացնելով այդպիսի որոշումը, ՌԴ-ը առաջնորդվել է իր կոմերցիոն շահերով, ինչպես նաև հաշվի է առել իր հեղինակության հարցը: